Մշակութային անցուդարձ

May 03, 2026

«Ուսում»-ը՝ Newmag-ի և «Երազի գիրք» փառատոնի կողքին

Մեծ ոգևորությամբ և գրքի հանդեպ սիրով ուսումցի աշակերտներն ու մանկավարժները «Երազի գիրք» մանկական գրքի փառատոնի ոչ միայն հյուրերի, այլև մասնակիցների ու վարողների թվում էին այսօր։ Իր եռամյակը բոլորող մանկական գրքի փառատոնը, որը ընթերցասերներ երեխաներին համախմբում է տարեկան երկու անգամ, ստեղծում է ջերմ, ստեղծարար և մտավոր զարգացմանը նպաստող միջավայր ոչ միայն փառատոնի հիմնական շահառու հանդիսացող փոքրիկների, այլև ծնողների և ուսուցիչների համար։ Փառատոնի բացման խոսքով հանդես եկավ երգիչ, դերասան Սամվել Մալոյանը, ով ներկայացրեց Newmag-ի և Yeraz Projects-ի համագործակցության պատմությունը՝ ընդգծելով օրվա գաղափարական առանցքը և կարևորելով ընթերցանության դերը առողջ և բանիմաց մանկության ձևավորման գործում։

Օրվա ընթացքում մասնակիցներին սպասում էին գրքեր, հանդիպումներ, զրույցներ և խաղեր՝ նախատեսված ինչպես երեխաների, այնպես էլ ծնողների և մանկավարժների համար։ Փառատոնի ընթացքում ընթերցասերների դատին հանձնվեցին «Երազ» մատենաշարի 5 նոր հրատարակություններ՝ ընդգրկելով տարբեր ժանրեր՝ կոմիքսից մինչև վեպ, դետեկտիվից մինչև ծնողավարություն։ Yeraz Projects-ի ամենաերիտասարդ անդամ Նարե Հովհաննիսյանը ներկայացրեց եռամյա «Երազ» մատենաշարը՝ անդրադառնալով դրա խորհրդանիշ հանդիսացող միաեղջյուրին՝ որպես մանուկների երևակայության, երազելու և ստեղծարար մտածողության խորհրդանիշ։

Newmag հրատարակչության ռազմավարական և հատուկ նախագծերի պատասխանատու Գոհար Մանուկյանը խոսեց մատենաշարի կարևորության մասին՝ ընդգծելով, որ ժամանակակից իրականության մեջ գիրք կարդալը պետք է ընկալել որպես գիտակցված ընտրություն, այլ ոչ թե պարտադրանք, որը հնչում է ուսուցչի կամ ծնողի կողմից։

Փառատոնի պատվավոր հյուրն էր լատվիացի գրող Ռասա Բիգավիչուտե-Պեցեն, ով ընթերցասերների լսարանին առավել հայտնի է իր «Մթության մեջ տեսնող տղան» գրքով։ Հեղինակի հետ զրույցի ընթացքում հնչեցին հարցեր կերպարների նախատիպերի, առօրեականության և իրական կյանքի հետ կապի մասին։ Ռասա Բիգավիչուտե-Պեցեն կիսվեց նաև Հայաստան կատարած իր այցի տպավորություններով՝ նշելով, որ տարիներ առաջ իրականացրած ԴՆԹ հետազոտությունը ցույց էր տվել իր գեներում հայկական բաղադրիչի առկայությունը (մոտ 60%), ինչի շնորհիվ Հայաստանում իրեն զգացում է գրեթե հարազատ միջավայրում։

Մեծ հպարտությամբ պետք է նշենք, որ փառատոնը յուրօրինակ կանգառ էր դպրոցի արտաքին կապերի ընդլայնման ու ամրապնդման առումով, և թերևս դրա վկայությունն էր այն, որ փառատոնի շրջանակում հանդիսատեսի դատին հանձնված Ջեֆ Քիննիի «Վտվտիկի օրագիրը. Համբերության վերջին կաթիլը» գրքի շնորհանդեսն ամբողջությամբ վստահված էր աշխորհդական, հինգերորդցի Արամ Նահապետյանին։ Ինտերակտիվ խաղի միջոցով կրտսեր ուսումցին ներկայացրեց տարբեր իրավիճակներ՝ առաջարկելով պարզել՝ դրանք վերաբերո՞ւմ են գրքի հակասական հերոս Գրեգ Հեֆրիին, թե՞ ոչ։ Վերջում հնչեց հումորային, բայց խորիմաստ խորհուրդը․ «Մի՛ եղիր Գրեգ Հեֆրիի պես, եղի՛ր Արամի պես»։

Առանձին ուշադրության արժանացավ Էդմոնդո դե Ամիչիսի «Սիրտը» վեպի շնորհանդեսը։ Թեև գիրքը բազմիցս հրատարակվել է, այդուհանդերձ Գ․ Մանուկյանի խոսքով՝ նոր հրատարակությունը անհրաժեշտություն էր՝ ժամանակակից ընթերցողին ներկայացնելու դասական արժեքները թարմ ձևաչափով։ usumschool.am-ի հետ զրույցում Newmag հրատարակչության գործադիր տնօրեն Արտակ Ալեքսանյանը նշեց, որ գրքի նոր տարբերակն ամբողջականն է, և մենք հաճելիորեն կզարմանանք, երբ գրքում տեսնենք այն 14 պատումները, որոնք խորհրդային գրաքննության տարիներին դուրս էին թողնվել գրքից։ Այս գրքի շնորհանդեսում ևս ուսումցիներն անմասն չէին։ Շնորհանդեսը կայացավ բաց դասի ձևաչափով, որը վարում էր «Ուսում» դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Մարիամ Սահակյանը։ Հինգերորդ և վեցերորդ դասարանի աշակերտները ներկայացրեցին իրենց դիտարկումները՝ հիմնված գրքի ընթերցման և իրենց տպավորությունների վրա։ Նրանք խոսեցին բարության, մարդասիրության և ընկերության մասին, անդրադարձան կերպարներին և փորձեցին ընտրել ամենաբարի հերոսին։ Աշակերտները նշեցին, որ ուժեղ լինելը կարևոր է, սակայն ուժ կիրառելը պարտադիր չէ։ Նրանց համոզմամբ՝ մարդը չի ծնվում բարի, այլ դառնում է այդպիսին՝ իր քայլերի շնորհիվ, և անգամ դժվար միջավայրում հնարավոր է պահպանել ներքին բարությունը ու փոխել շրջապատը։ Նրանք անդրադարձան նաև պարտականությունների և զգացմունքների հակասությանը՝ ընդգծելով, որ կյանքը կդառնա միօրինակ, եթե առաջնորդվենք միայն պարտականություններով։

Շնորհանդեսների շարքում ներկայացվեց նաև Աննա Ստարոբինեցի «Գազան դետեկտիվ» գիրքը։ Ուսումցի Ալեքսը և գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը ինտերակտիվ խաղի միջոցով ուսումնասիրեցին ներկաների վերաբերմունքը դետեկտիվ ժանրի նկատմամբ՝ ցույց տալով, որ այն տարիքային սահմանափակումներ չունի։ Նրանք ընդգծեցին, որ դետեկտիվ ստեղծագործություններ կարելի է գրել նաև դեռահասների համար՝ այլաբանորեն՝ կենդանիների կամ հորինված կերպարների միջոցով։ Խաղի ընթացքում բացահայտվեցին նաև մասնակիցների դետեկտիվասիրության դրդապատճառները։

Ներկայացվեցին նաև Վիոլետ Վաիսի «Բրիոշն ու Տարտինը» և Նոյել Ջենիս-Նորթոնի «Ավելի հանդարտ, ավելի հեշտ և ավելի երջանիկ ծնողավարում» գրքերը։ Վերջինի շնորհանդեսում կրկին մեր դպրոցն ունեցավ իր պատվավոր մասնակցությունը։ Պանելային քննարկման ձևաչափով անցկացվող շնորհանդեսում որպես բանախոս հանդես եկավ «Ուսում»-ի հեղինակային «Գիտակից ծնողավարում» հարթակի ղեկավար Անժելա Մանասյանը։ 40 տարվա փորձի վրա շարադրված գրքին քաջատեղյակ ուսումցի բանախոսը խոսեց գրքի հիմնական գաղափարների մասին՝ ընդգծելով, որ «երեխայի մոտ խնդրի բացակայությունը արդեն իսկ լավ լուր է»։ Նա կարևորեց գործնական խորհուրդների կիրառումը, երեխայի սխալների մեջ դրական կողմ տեսնելու կարևորությունը, ինչպես նաև «նկարագրական գովեստ»-ի դերը։ Հատուկ ուշադրություն դարձվեց «մտավարժանքին»՝ որպես ծնող-երեխա հաղորդակցության արդյունավետ ձևի։ Պանելային քննարկման մասնակիցները կարևորեցին նաև երեխայի հետ շփման ընթացքում բառերի ընտրության հարցում նրբանկատ լինելու անհրաժեշտությունը։ Ա․ Մանասյանն իր խոսքում նշեց, որ հարթակը՝ որպես զարգացող և շարունակական նախաձեռնություն, առաջինն է հայաստանյան դպրոցական իրականությունում և վայելում է դպրոցի ղեկավարության առանձնահատուկ վստահությունը՝ ոչ միայն սեփական դպրոցի, այլև հանրապետության ծնողական համայնքին օգտակար լինելու հանձնառությամբ։

Ա․ Մանասյանը նաև նշեց առաջիկայում մեկնարկելիք երկրորդ սեմինարաշարի մասին, որի թեման լինելու է ինքնախնամքը։ Բանախոսներն անդրադարձան նաև այս հարցին՝ նշելով, որ արդի հասարակությունում այն ոչ թե շքեղություն է, այլ անհրաժեշտություն։ Երեխային պետք է պատրաստել մի կյանքի, որտեղ ծնողը միշտ չի լինելու կողքին։ Քննարկման մյուս մասնակիցների կողմից «Լավագույն ծնողը երջանիկ ծնողն է» սկզբունքը ներկայացվեց որպես հոգեբանական հիմնարար մոտեցում։ Ընդգծվեց նաև՝ անհրաժեշտ է մեծացնել ոչ թե պարզապես լսող, այլ քննարկող երեխա։

Փառատոնի ավարտը փառատոնի աշխատանքները համակարգող անձնակազմի կողմից ամփոփվեց հաջորդ տարվա հերթական հանդիպմանը սպասելու, բայց նաև դրանով չսահմանափակվելու և նոր նախաձեռնություններով համագործակցելու հորդորով։