Մեր մասին

Մեր մասին

Երևանի «Ուսում» հանրակրթական դպրոցը հիմնադրվել է 1997 թ․ հունիսի 27-ին ՀՀ ԿԳ նախարարի համար 125-Մ հրամանով, ըստ որի` դպրոցին տրվել է հանրակրթական միջնակարգ կրթություն իրականացնելու թիվ-26 արտոնագիրը։

 

Իր գործունեության առաջին ուսումնական տարում դպրոցն ունեցել է 14 աշակերտ և 16 մանկավարժ (1997 թ․ սեպտեմբերի 8-ի դրությամբ)։
Անցնող երեք տասնամյակների ընթացքում դպրոցը ղեկավարել են՝
Հայկազն Նավասարդյանը (1997-2002 թթ․, ՀՀ վաստակավոր մանկավարժ),
Վարդան Փիլիպոսյանը (2002-2005 թթ․)
Սուսաննա Թամարյանը (2005 թ․ մինչև այսօր)։
«Ուսում» դպրոցն իր մեծագույն ավանդն ունի ՀՀ-ում մասնավոր դպրոցների համակարգի կայացման և գիտելիքահեն կրթության ձևավորման գործում։ Ասվածի վկայություններն են այն բոլոր մրցանակները, դիպլոմներն ու շնորհակալագրերը, որոնց արժանացել են դպրոցը, նրա ղեկավար անձնակազմն ու մանկավարժները ոլորտը համակարգող գերատեսչությունների և տեղական նշանակության կառույցների կողմից։
Հիմնադրման 20-ամյա հոբելյանի առթիվ դպրոցն արժանացել է ՀՀ ԿԳ նախարար Լ․ Մկրտչյանի և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի հատուկ շնորհակալագրին մատաղ սերնդի դաստիարակության գործում ոլորտի առաջամարտիկներից մեկը լինելու համար (2017 թ․)։
2019 թ․ «Ուսում» դպրոցն արժանացել է ՀՀ Պաշտպանության նախարարի հատուկ շնորհակալագրին աշակերտության շրջանում ռազմահայրենասիրական դաստիարակության գործում ունեցած մեծագույն ավանդի համար։
2021 թ․ «Ուսում» հանրակրթական դպրոցին շնորհվել է «Վստահության վարկանիշ» մրցանակը հանրակրթության ոլորտում ունեցած անգնահատելի ներդրման համար։
«Ուսում»-ն առաջինն էր հանրապետությունում «Շախմատ» (2004 թ․), «Շաշկի» (2008 թ․) և «Երգ ու պար» (2010 թ․) առարկաների դասավանդման հարցում։
Դպրոցն ակտիվորեն համագործակցում է ՀՀ շախմատի և շաշկու ֆեդերացիաների հետ` մասնակցելով դպրոցականների տարբեր տարիքայինների Երևան քաղաքի և հանրապետական առաջնություններին։
Անցնող տարիների ընթացքում շախմատի հանրապետական առաջնությունում թիմային հաշվարկով դպրոցը ինն անգամ շահել է մրցանակային (1-ինից 3-րդ) տեղեր։
Մինչ հանրապետությունում նախագծային ուսուցումը կդառնար հանրակրթության պարտադիր բաղադրիչ` «Ուսում» դպրոցը 2021 թվականից սկսած այն հաջողությամբ ներդրեց և դարձրեց ուսումնական գործընթացի պարտադիր բաղադրիչը 5-12-րդ դասարանների բոլոր աշակերտների համար։
Սկսած 2023-2024 ուսումնական տարվանից` դպրոցում կրթական գործընթացն իրականացվում է Հանրակրթության առարկայական նոր չափորոշիչների հիման վրա։

Այս պահին դպրոցն իրականացնում է եռաստիճան կրթություն՝ պարտադիր հանրակրթության բոլոր երեք օղակներում՝
տարրական դպրոց (1-4-րդ դասարաններ),
միջին դպրոց (5-9-րդ դասարաններ),
ավագ դպրոց (10-12-րդ դասարաններ)։
Ավագ դպրոցն իրականացնում է հոսքային ուսուցում:

2021 թվականի հունիսին` դպրոցի հերթական հոբելյանի նախօրեին, հանդիսավոր արարողությամբ տեղի ունեցավ դպրոցի հիմնի շնորհանդեսը, որի հեղինակն է ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը:
2021 թ․ «Ուսում» դպրոցն անդամակցել է «Մեկ ձայն» անկախ դպրոցների հայկական ասոցիացիային, որի նպատակն է արժևորել մասնավոր հանրակրթության դերը ընդհանուր հանրակրթության համատեքստում։ «Ուսում» դպրոցի հիմնադիր Հ․ Նավասարդյանը «Մեկ ձայն»-ի խորհրդի 8 անդամներից է։

Իր երեսնամյա հոբելյանին ընդառաջ` շուրջ 900 աշակերտներով և մոտ 100 մանկավարժներով «Ուսում» դպրոցը շարունակում է իրագործել կրթական նորարարությունների և ավանդական արժեքների համադրման վրա հիմնված ուսումնական գործընթացը` միտված բանիմաց, բարձր արժեքային համակարգ կրող և ազատ մտածող քաղաքացու ձևավորմանը և հավատարիմ իր որդեգրած կարգախոսին, այն է` ազատ չմտածել, նշանակում է չմտածել։