«Ի վերջո, ողբերգություն չէ, եթե դու անգամ պարտվել ես: Դրանք գուցեև սքանչելի պարտություններ են և ավելի գին ունեն, քան ուրիշների հերթական հաղթանակները»:
«Մի՛ դատիր արդար, դատի՛ր գթասիրտ»։
«Մարդիկ պարտավոր չեն մեզ սիրել, բայց մենք պարտավոր ենք մեզ սիրել, որպեսզի շարունակենք սիրել մարդկանց»։
Այսօր «Ուսում»-ի բեմին սարոյանական պատգամներն էին, որոնց մասին կարելի է խորհել անվերջ։ Յոթերորդցիների թատերականացված ներկայացումը ուներ թաքնված և բացահայտ հաղորդագրություններ՝ ուղղված յուրաքանչյուրիս և բոլորիս։
1920-ականների կալիֆորնիական միջավայր․ մի կողմից քաոսային արագության մեջ վազող ամերիկյան հասարակություն, իսկ մյուսում սոցիալական խնդիրների մեջ թաթախված ընտանիք, որն ունի օրվա ապրուստը վաստակելու խնդիր։
Սարոյանի «Նարինջներ» պատմվածքի և «Ոստրեն ու մարգարիտը» պիեսի մոտիվներով բեմականացված ներկայացումը պատմություն էր անվերջ հավատալու, երազանքներ ունենալու և դրանք նպատակի վերածելու, պարտություններից հետո ոտքի կանգնելու ու ոտքի կանգնելիս կողքիդ կանգնած մարդկանց գնահատելու կարողության մասին։
Ներկաների խոսքով՝ սա միջոցառում էր, որը շատերիս կոչ էր անում երբեմն-երբեմն աշխատանքի ու ամենօրյա վազքի արանքում դադար վերցնելու ու մտածելու կյանքում ամենակարևոր արժեքների ու դրանք պահպանելու մասին։