Մշակութային անցուդարձ

Apr 30, 2026

Ինքնության ամրագրումներ չորրորդցիների հետ

Հայ ժողովրդի ինքնության հարցը դարեր շարունակ եղել է ոչ միայն պատմական ուսումնասիրության, այլև գոյաբանական ընտրության առանցքում։ Սկսած Հայկ Նահապետից մինչև ժամանակակից գիտնականներ ու մշակույթի գործիչներ՝ մի բան անփոփոխ է․ հայության ինքնությունը ձևավորվել է պայքարի, ստեղծագործականության և հավատքի համադրությամբ։

Հայոց պետականության ակունքները կապված են վաղնջաագույն առասպելների ու պատմական հիշողության հետ։ Հայկի և Բելի ճակատամարտը ոչ միայն դյուցազնական դրվագ է, այլև խորհրդանշում է ազատության գաղափարի ծնունդը։ Հետագա դարերում այդ գաղափարը շարունակվել է տարբեր կերպարների միջոցով՝ ինչպես Սասունցի Դավիթի մտացածին ու հավաքական հերոսական կերպարներում, այնպես էլ իրական պատմական դեմքերի գործունեության մեջ։

Հատկանշական է, որ հայ ինքնության պահպանման առանցքային գործոններից մեկը եղել է մշակույթը և լեզուն։ Մեսրոպ Մաշտոցի կողմից հայոց այբուբենի ստեղծումը դարձավ ոչ միայն գրականության զարգացման հիմք, այլև ազգային ինքնության պահպանման կարևորագույն գործիք։ Նույն կերպ հոգևոր ու մշակութային ժառանգության պահպանման գործում մեծ դեր ունեցավ Կոմիտասը, ով հավաքեց և վերծանեց հայկական ժողովրդական երգը՝ այն դարձնելով ազգային հիշողության կենդանի արտահայտություն։

Ստեղծագործականության հանդեպ առանձնահատուկ նվիրումը ևս մեր ժողովրդի մոտ դուրս է եղել տարածաժամանակային չափումներից։ Եվ այդ նվիրումի արդյունք էր այսօր «Ուսում»-ի բեմ բարձրացած «Ո՞վ ենք մենք» ներկայացումը հայի ու հայրենիքի հարատևության ու երբեմն թուլացող, բայց չմարող պայքարի մասին։ Խորհրդանշական երկխոսությամբ սկսվում միջոցառումը նպատակ ուներ տալու առաջին հայացքից պարզ թվացող, բայց, թերևս, ամենաբարդ «Ո՞վ է հայը» հարցի պատասխանը։

Բեմում կենդանացած հայ ժողովրդի պատմական և մշակութային կարևոր կերպարները՝ ազատության մարմնավորում Հայկ Նահապետից մինչև արդարության և քաջության կրող Սասունցի Դավիթ, պետականության հարատևության կրող Արգիշտի Առաջինից մինչև հավատք-հայրենիք միասնության մարտիկ Վարդան Մամիկոնյան  արտացոլում էին արժանապատվության գույները, որոնք դարերի ընթացքում պիտի դուրս գային ռազմաքաղաքական հարթությունից ու դաջվեին մշակույթի ու գիտության էջերում՝ ներառելով աստղաֆիզիկայի ռահվիրա Վիկտոր Համբարձումյանին ու օտարագիր հայ գրականության լեգենդ Վիլյամ Սարոյանին՝ ընդգծելով, որ հայությունը ոչ միայն անցյալի, այլև ներկայի ու ապագայի ստեղծող է թե՛ սեփական երկրում, թե՛ դրա սահմաններից դուրս։

«Ո՞վ ենք մենք» բեմականացումը ոչ միայն գեղարվեստական ներկայացում էր, այլև ինքնության ճանաչման փորձ։ Այն ցույց տվեց, որ հայ լինելը պարզապես ծագում չէ, այլ գիտակցված ընտրություն՝ պահպանելու լեզուն, մշակույթը և արժեքները։ Միջոցառման գլխավոր ուղերձը պարզ էր՝ հայ ժողովուրդը շարունակականություն է, և յուրաքանչյուր սերունդ պատասխանատու է այդ շարունակականությունը պահպանելու և զարգացնելու համար։