Ի՞նչն է Երևանը դարձնում այնպիսին, ինչպիսին կա։ Հին փողոցնե՞րը, վարդագույն տու՞ֆը, հայտնի շենքե՞րն ու տեսարժան վայրե՞րը, թե՞ այստեղ ապրող մարդկանց բնավորությունը, ժպիտն ու ջերմությունը։ Իսկ ի՞նչ է տեղի ունենում, երբ քաղաքը շարունակում է զարգանալ, բայց նրա բնակիչները գնալով ավելի քիչ են նկատում միմյանց։
Այս հարցերի շուրջ էին մտածելու հրավիրում «Ուսում» դպրոցի երկրորդցիները՝ Երևանի մասին իրենց ինքնատիպ թատերական ներկայացմամբ։ Փոքրիկ դերասանները քաղաքի խորհրդանիշներին խոսելու հնարավորություն էին վերագրել՝ ստեղծելով մի պատմություն, որտեղ հանդիպում են տարբեր դարաշրջաններ, ճարտարապետական կերպարներ, մշակույթի գործիչներ ու ժամանակակից երևանցիներ։
Ամեն ինչ սկսվում է «Ռադիո Երևանի» կեսգիշերային եթերում։ Քաղաքի գլխավոր ժամացույցը հրավիրում է գաղտնի ժողովի՝ պարզելու, թե ինչու է Երևանի սիրտը կարծես դանդաղ բաբախում։ Հավաքվածները տարբեր ժամանակներից են, բայց բոլորին միավորում է նույն մտահոգությունը՝ որտե՞ղ է կորել քաղաքի ջերմությունը։ Առաջինն իր հիմնած քաղաքին է անդրադառնում Արգիշտի արքան։ Նա հպարտությամբ հիշեցնում է Էրեբունիի հիմնադրման պատմությունը, բայց ժամանակակից Երևանի մեջ նկատում նաև մի բան, որը նրան անհանգստացնում է․ քաղաքը մեծացել է, բարձրահարկ շենքերն ու լայն պողոտաները շատացել են, սակայն մարդիկ կարծես մոռացել են ժպտալու մասին։ Մատենադարանի Ձեռագիրն էլ հիշեցնում է, որ Երևանը դարերի ընթացքում բազմաթիվ փորձություններ է հաղթահարել և ամեն անգամ վերածնվել՝ իր բնակիչների միասնականության ու փոխօգնության շնորհիվ։
Հին ու նոր Երևանի հարաբերությունն առանձնահատուկ կերպով է բացահայտվում Կոնդի պապիկի, տատիկի և ժամանակակից երկնաքերի երկխոսության մեջ։ Երկնաքերը հպարտանում է իր բարձրությամբ, ապակե պատերով ու հարմարավետությամբ, իսկ Կոնդի բնակիչները հիշեցնում են, որ քաղաքի արժեքը միայն արտաքին տեսքով չի որոշվում։ Հին թաղամասերի նեղլիկ փողոցներում, բաց դռներով բակերում ու հարևանների մտերմության մեջ մի ամբողջ կենսակերպ ու պատմություն է պահպանված։
Սակայն ներկայացումը չի հակադրում հինն ու նորը՝ որպես անհաշտ աշխարհներ։ Երկխոսության ավարտին երկնաքերն էլ է հասկանում, որ ժամանակակից Երևանին անհրաժեշտ են և՛ նոր շենքերը, և՛ պատմական հիշողությունը։ Քաղաքը պետք է զարգանա՝ չկորցնելով իր ինքնությունը։ Իսկ հին թաղամասերը պահպանելու համար միայն հիանալը բավարար չէ․ անհրաժեշտ են նաև հոգատարություն ու արժանապատիվ պայմաններ։
Երևանի ջերմությունը որոնողները բացահայտում են նաև քաղաքի առօրյա հրաշքները։ Զվարթնոց օդանավակայանի ու Մետրոյի կայարանի կենդանացած կերպարները բարձրաձայնում է ժամանակակից կյանքի հակասություններից մեկը․ մարդիկ ամեն օր իրար կողքի են, բայց հաճախ այնքան են տարված հեռախոսներով ու սեփական գործերով, որ չեն նկատում միմյանց։ Այս մտահոգությանը պատասխանում է Կարաբալան՝ Երևանի փողոցների բարության խորհրդանիշը։ Նրա նվիրած վարդերը հիշեցնում են, որ երբեմն մեկ անկեղծ ժպիտն ավելի արժեքավոր է, քան ամենաթանկ նվերը։
Երևանի մշակութային դիմագիծը ներկայացվում է նաև Առնո Բաբաջանյանի, Եղիշե Չարենցի և Ալեքսանդր Թամանյանի կերպարներով։ Երաժշտությունը, պոեզիան ու ճարտարապետությունը միավորվում են քաղաքի հանդեպ սիրո շուրջ։ Թամանյանը հիշեցնում է, որ ինքը Երևանին տվել է նոր տեսք, բայց քաղաքի հոգին նրա բնակիչների ձեռքում է։ Օպերայի շենքն ու Կարապի լիճն էլ իրենց խոսքում ընդգծում են, որ քաղաքի գեղեցկությունը ոչ միայն ստեղծել, այլև պահպանել է պետք։
Ժամանակակից բլոգերների հայտնվելը ներկայացման մեջ նոր շունչ է հաղորդում պատմությանը։ Նրանք Երևանը ներկայացնում են նոր սերնդի աչքերով՝ տեսախցիկի առաջ խոսելով նրա փողոցների, պատմության ու յուրահատուկ մթնոլորտի մասին։ Բայց նույնիսկ ամենագեղեցիկ կադրերը չեն կարող ամբողջությամբ փոխանցել այն զգացողությունը, որ ունենում ես այս քաղաքում ապրելով։ Երևանը պարզապես նկարահանելու կամ ցուցադրելու վայր չէ․ այն պետք է ճանաչել ու զգալ։
Այս բոլոր հանդիպումներից հետո գաղտնի ժողովի մասնակիցները հասկանում են, որ իրենց փնտրած ջերմությունը ոչ մի տեղ չի կորել։ Այն ապրում է մարդկանց մեջ՝ նրանց բարության, հոգատարության, միմյանց օգնելու և սեփական քաղաքի հանդեպ պատասխանատվության մեջ։
Հատկանշական է, որ այս ուղերձը փոքրիկները փոխանցում են ոչ թե պատրաստի խրատների, այլ պատմության, երաժշտության, հումորի ու կերպարների երկխոսության միջոցով։ Նրանք խոսում են քաղաքի խնդիրների մասին, բայց միաժամանակ ցույց տալիս, որ դրա լուծման մեջ յուրաքանչյուրն իր բաժին պատասխանատվությունն ունի՝ պահպանել պատմական ժառանգությունը, չաղտոտել շրջապատը, հոգ տանել հանրային տարածքների մասին և, ամենակարևորը, չկորցնել մարդկային ջերմությունը։
Ներկայացման ավարտին հնչող «Երևանը մենք ենք» միտքը դարձավ ամբողջ պատմության գլխավոր եզրակացությունը։ Եվ երբ լուսաբացին «Ռադիո Երևանը» կրկին եթեր է դուրս գալիս՝ ողջունելով նոր օրը, պարզ է դառնում՝ քաղաքի սիրտը շարունակում է բաբախել։ Պարզապես պետք է կարողանալ լսել այն։