Միշտ արժե վաղ արթնանալ երևանյան արևածագով հիանալու համար։ Երևանն անշուշտ մեր տունն է, բայց երբեմն մեզ պետք է կողքից հայացք՝ հասկանալու, թե որքան թանկ է այն մեզ համար։ Փոքրիկ ուսումցիների «Մի կտոր սեր Երևանիս» անունը կրող ներկայացումը հենց այդպիսի փորձ է՝ սիրո խոստովանություն քաղաքին, որում մեծացել ենք, քայլել, սիրել ու երազել։
Վառ ու երբեմն էլ հուզիչ մյուզիքլը Նատալիի կերպարի միջոցով մեզանից յուրաքանչյուրին մղում էր հասկանալու, որ «երևանցի» լինելն աշխարհագրական որակում չէ լոկ։ Մի երիտասարդ աղջիկ, ով Փարիզից ժամանում է Երևան՝ լցված անհիմն թերահավատությամբ, և նրա հայացքը դառնում է հայելու պես անկեղծ՝ ցույց տալով ոչ միայն քաղաքի գեղեցկությունն ու մթնոլորտը, այլև խնդիրները, որոնց մասին մենք հաճախ լռում ենք։
Սակայն փոքրիկները ոչ թե դժգոհում են, այլ խոստանում են դառնալ ինժեներ, ճարտարապետ, քաղաքապետ, որպեսզի փոխեն իրենց քաղաքի ապագան, իսկ հետո հասկանում, որ Երևանը փոխելու համար պաշտոնները ու մասնագիտությունները երկրորդական են․ բավական է մի կտոր սեր, ու քաղաքն ինքն իրեն կփոխվի՝ որպես կենդանի օրգանիզմ։
Ահա այսպիսի լավատեսությամբ ու ներքին պատասխանատվության զգացումով փոքրիկ չորրորդցիները հրաժեշտ տվեցին տարրական դպրոցին։