Կայացավ «Ուսում» դպրոցի աշխորհրդականների և 11-րդ դասարանի աշակերտների ուսումնական-ճանաչողական այցելությունը ՀՀ Նախագահական նստավայր, որտեղ ուսումցիներն ու նրանց ուղեկցող ուսուցիչները հնարավորություն ունեցան ծանոթանալու շենքի պատմությանը, ճարտարապետական առանձնահատկություններին և պետական կառավարման գործառույթներին։
ՀՀ նախագահի նստավայրը կամ ոչ պաշտոնական անվանումով «Բաղրամյան 26»-ը [հեղ․՝ այսպես է անվանվում այն հասցեի պատճառով, որտեղ տեղակայված է] խորհրդահայ անվանի ճարտարապետ Մարկ Գրիգորյանի յուրօրինակ նախագծերից է, ինչի համար հեղինակը 1960 թ․ պարգևատրվել է Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհրդի պատվոգրով։ Արդեն անկախ Հայաստանի տարիներին՝ 2004 թվականին շենքը Հայաստանի կառավարության որոշմամբ ընդգրկվել է Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում՝ որպես հանրապետական նշանակության հուշարձան։
Շրջայցի ընթացքում աշակերտները ծանոթացան ինչպես կառույցի արտաքին ճարտարապետական, այնպես էլ ներքին գեղարվեստական լուծումներին․ եղան այն դահլիճներում, որոնցում պատմության տարբեր փուլերում կայացվել ու կայացվում են պետական մակարդակի կարևոր որոշումներ։ Աշակերտներին հատկապես տպավորեց նիստերի մեծ դահլիճը, որտեղ անցկացվում են պաշտոնական ընդունելություններ ու խորհրդակցություններ։ Ուսումցիները եղան նաև «կարմիր», «կապույտ» և «կանաչ» դահլիճներում, որոնք նախատեսված են ներքին քննարկումների և նիստերի, օտարերկրյա հյուրերի և դիվանագիտական ներկայացուցիչների ընդունելության և հավատարմագրերի հանձնման արարողակարգի, ինչպես նաև տեղական ընդունելությունների համար։ ինչպես նաև պատվավոր հյուրերի ընդունարանով և միջանցքներով։ Շրջայց կազմակերպողը մանրամասն ներկայացրեց յուրաքանչյուր դահլիճի նշանակությունը և պատմությունը, ընդգծելով ճարտարապետական առանձնահատկությունները և շենքի կարգավիճակը պատմության տարբեր փուլերում, այդ թվում ՀԽՍՀ տարիներին, ՀՀ նախագահական և խորհրդարանական շրջափուլերում։
Շենքի տարբեր սրահներում աշակերտները տեսան նաև գեղանկարներ, որոնք ի պահ են տրվել Հայաստանի ազգային պատկերասրահի կողմից նախագահի աշխատակազմին։ Դրանք պատկանումեն հայ նշանավոր նկարիչներ Հովհաննես Այվազովսկու, Փանոս Թերլեմեզյանի, Մարտիրոս Սարյանի, Գևորգ Բաշինջաղյանի և Հակոբ Հակոբյանի վրձիններին։
Այցելության ընթացքում աշակերտները հանդիպեցին ՀՀ Նախագահի աշխատակազմի Ռազմավարական նախաձեռնությունների և վերլուծությունների բաժնի պետ Լիպարիտ Մելքոնյանի հետ, ով հատկապես ընդգծեց մասնագիտությունների ընտրության կարևորությունը. նա շեշտեց, որ յուրաքանչյուր երիտասարդ պետք է ընտրի այնպիսի մասնագիտություն, որը կնպաստի պետության զարգացմանը և հանրային հետաքրքրությունների առաջմղմանը։
Հանդիպման ընթացքում ծավալվեց նաև հարցուպատասխան՝ պետական կառավարման ձևերի, դրանց տարբերությունների, ինչպես նաև առավելությունների և թերությունների վերաբերյալ։ Լիպարիտ Մելքոնյանը անդրադարձավ այն հարցերին, թե որքանով է կառավարման արդյունավետությունը կախված պետական համակարգի ձևից, ինչպես նաև պետական որոշումների արագության և հանրության ներգրավվածության մակարդակից։
Ամփոփելով նշենք, որ այցը աշակերտներին հնարավորություն տվեց ոչ միայն պատկերացում կազմելու ՀՀ Նախագահական նստավայրի պատմության մասին, այլև ավելի խորը ըմբռնել պետական կառավարման գործընթացները, մասնագիտական ընտրության պատասխանատվությունը և սեփական երկրի զարգացմանը նպաստելու կարևորությունը։