Ուսումնական անցուդարձ

Feb 06, 2026

Տասներորդցիները՝ ՀՀ Ազգային ժողովում

Տասներորդ դասարանում սովորող ուսումցիների հերթական ուսումնական-ճանաչողական այցելության հասցեն Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն էր։ Այցը կազմակերպվել էր ՀՀ ԱԺ «Բաց դաս» կրթական ծրագրի շրջանակում, որի նպատակն է աշակերտներին և ուսանողներին ծանոթացնել օրենսդիր մարմնի գործունեությանը, պատգամավորական աշխատանքի առանձնահատկություններին և քաղաքացիական մասնակցության կարևորությանը։

Ծրագրի նպատակն է նպաստել երիտասարդների քաղաքացիական գիտակցության ձևավորմանը, բարձրացնել նրանց հետաքրքրությունը պետական կառավարման նկատմամբ և խրախուսել ակտիվ մասնակցությունը հասարակական ու քաղաքական կյանքին։ «Բաց դաս»-ը միաժամանակ կամուրջ է դպրոցական կրթության և իրական քաղաքական գործընթացների միջև՝ դարձնելով ուսուցումը առավել կիրառական և կյանքին մոտ։ Այն միաժամանակ ուղղակիորեն առնչվում է «Հասարակագիտություն» առարկայի դասընթացի շրջանակներում աշակերտներին առաջարկվող թեմատիկ շրջանակներին, և այս առումով ևս այցելությունը դարձնում նպատակային և առարկայական։

Նշենք, որ մեր դպրոցի սաներն Ազգային ժողով են այցելում արդեն հինգերորդ անգամ, ինչը վկայում է քաղաքացիական կրթության նկատմամբ հետևողական և նպատակային մոտեցման մասին։

Այցի ընթացքում աշակերտները շրջայց կատարեցին Ազգային ժողովի տարածքում, եղան ԱԺ գրադարանում, որտեղ ծանոթացան օրենսդրական, իրավական և պատմական արժեք ունեցող գրականությանը, ինչպես նաև գրադարանի դերին պատգամավորների և հանձնաժողովների աշխատանքում։ Գրադարան այցելությունը հնարավորություն տվեց աշակերտներին պատկերացում կազմելու, թե ինչ տեղեկատվական և գիտական ռեսուրսների վրա է հիմնվում օրենսդիր գործունեությունը։

Այցի շրջանակում աշակերտները հանդիպեցին ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Մինասյանի հետ։ Հանդիպումը անցավ բաց ու անմիջական մթնոլորտում․ աշակերտները հնարավորություն ունեցան ոչ միայն ծանոթանալու պատգամավորի գործունեությանը, այլև ուղղելու իրենց հուզող հարցերը՝ կապված պետության ներկա մարտահրավերների, ժողովրդավարական գործընթացների և քաղաքական պատասխանատվության հետ։

Տասներորդցի Միքայելը իր հարցում անդրադարձավ արտագաղթի խնդրին՝ ընդգծելով թեմայի շուրջ շրջանառվող հակասական կարծիքները։ Պատգամավորը ներկայացրեց արտագաղթի իրական վիճակագրությունը և զբոսաշրջության խթանման ուղղությամբ պետության գործադրած և առաջիկայում գործադրվելիք ջանքերը, և ուրախությամբ նշեց, որ հաշվետու տարում մենք հատել ենք զբոսաշրջիկների հինգ միլիոնի շեմը, ինչը խոսում է մեր երկրի գրավչության աճի մասին։

ԱԽ նախագահ Ս․ Մարտիրոսյանի հարցադրումն առավել շատ խորհրդի ակնկալիք էր։ Լինելով ԱԽ նախագահ և ինչ-որ փուլում անցած լինելով դպրոցական ընտրական գործընթացի միջով՝ Սառան գիտակցում է, որ չափահասությունից հետո իրեն սպասվող ընտրական գործընթացներում գուցե դրանք բավարար չլինեն, ուստի ցանկանում էր պատգամավորից ստանալ ավելի մասշտաբային խորհուրդներ՝ որպես ապագա ակտիվ ու գիտակից քաղաքացի և ընտրող։

Տասներորդցի Նազարյան Նարեն հարցադրում արեց թոշակառուների կյանքի պայմանների լավացման ուղղությամբ տարվող քաղաքականության վերաբերյալ, ինչին ի պատասխան՝ պատգամավոր Լիլիթ Մինասյանն անդրադարձավ առողջության պարտադիր ապահովագրության ներդրմամբ թոշակառուներին տրված լայն արտոնություններին և անվճար բուժսպասարկման հնարավորություններին։

Բավական հետաքրքրական և մեկը մյուսին շարունակող էին տասներորդցիներ Աննայի և Նարեի հարցադրումները, որոնք առնչվում էին պատգամավորական աշխատանքի էթիկական կողմին և այն դեպքերին, երբ հասարակական կարծիքը հակասում է անձնական համոզմունքներին կամ տեղեկատվական հեղեղի պայմաններում պատգամավորների համար դժվար է կռահել հասարակական տրամադրությունները։

Աշակերտներին հուզող հարցերից առավել երկարատև քննարկումները, թերևս, արձանագրվեցին Ա․ Որսկանյանի և Վ․ Մակարյանի՝ ավագ դպրոցի կրթության բարեփոխումներին և ՀՀ արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիային առնչվող հարցադրումների շուրջ։

Պատգամավոր Լիլիթ Մինասյանը պատասխանեց բոլոր հարցերին՝ ներկայացնելով իր փորձը, տեսակետները և ընդգծելով երիտասարդների ակտիվ ներգրավվածության, քննադատական մտածողության ու պատասխանատու քաղաքացի լինելու կարևորությունը։ Պատգամավորը նշեց, որ այսպիսի այցերը ոչ միայն ընդլայնում են աշակերտների գիտելիքները, այլև ձևավորում պատասխանատու, տեղեկացված և ակտիվ քաղաքացի լինելու կարևոր հիմքերը։ Լ․ Մինասյանը հանդիպումն ավարտեց այն համոզմունքով, որ երիտասարդների հետ պետք է շատ խոսել, շատ քննարկել մեր անցյալն ու ներկան, որովհետև դրանից է կախված, թե որքան ճիշտ կկարողանանք գնահատել ներկա իրողությունները ու պատրաստվել վաղվան։