Ուսումնական անցուդարձ

Oct 12, 2026

Աշնանային բնություն ու ռելիեֆ․ իններորդցիները՝ Վայոց ձորում


Հայաստանի աշխարհագրությունն ուսումնասիրելու լավագույն ճանապարհներից մեկը երկրի տարբեր անկյուններով ճամփորդելն է՝ սեփական աչքերով տեսնելով այն բնական երևույթներն ու աշխարհագրական առանձնահատկությունները, որոնք մեկը մյուսին հաջորդում են ու ապահովում Հայաստանի Հանրապետության բնության բազմազանությունը։ Այս անգամ 9-րդ դասարանում սովորող ուսումցիների ուսումնական ճամփորդության երթուղին անցնում էր Վայոց ձորով՝ ներառելով հարավային ծալքաբեկորավոր լեռները և համադրելով աշխարհագրական դիտարկումները, բնության ճանաչողությունն ու պատմամշակութային ժառանգության բացահայտումը։

Ճանապարհին աշակերտները ուսումնասիրեցին Ուրծի լեռնալանջերի հողմահարման հետևանքով ձևավորված յուրահատուկ ռելիեֆը, ծանոթացան Արփայի գետի հովտին ու կիրճին, դիտարկեցին Կեչուտի ջրամբարը։ Ուսումնական երթուղու կարևոր կանգառներից էր նաև Արփա-Սևան թունելը, որը Հայաստանի ջրային պաշարների արդյունավետ օգտագործման նշանակալի կառույցներից է։ Այս դիտարկումները հնարավորություն տվեցին ավելի լավ հասկանալու բնական պայմանների, ջրային ռեսուրսների և մարդու տնտեսական գործունեության փոխկապակցվածությունը։

Ճամփորդության ամենատպավորիչ հատվածներից մեկը Ջերմուկում էր։ Ճոպանուղով երթևեկությունը և թռչնի թռիչքի բարձրությունը իններորդցիներին հնարավորություն տվեց դիտարկելու վերընթաց գոտիականության դրսևորումները, հետևելու բուսականության փոփոխություններին, ճանաչելու անտառի վերին սահմանն ու ալպյան մարգագետինների գոտին։ Բնության անմիջական դիտարկումը դասագրքային գիտելիքները վերածեց կենդանի փորձառության՝ օգնելով ավելի լավ հասկանալու, թե ինչպես են բարձրության փոփոխությանը զուգընթաց փոխվում լանդշաֆտներն ու բնական պայմանները։

Ջերմուկի հետ ծանոթությունը շարունակվեց ըմպելասրահում, որտեղ աշակերտները համտեսեցին քաղաքի հանքային ջրերը՝ ջերմուկները։ Այնուհետև նրանք զբոսնեցին Ֆերդինանդ Ղազարյանի անունը կրող զբոսայգում՝ զուգահեռաբար ծանոթանալով բուսական աշխարհի առանձնահատկություններին։

Ուսումնական երթուղու հաջորդ կանգառը՝ Խոր Վիրապը, հնարավորություն տվեց աշակերտներին ամրապնդել այն գիտակցումը, որ հայրենի բնությունն ու պատմությունը փոխկապակցված են։ Տպավորված իններորդցիները նշում են, որ յուրաքանչյուր կանգառ նոր բացահայտում էր, յուրաքանչյուր դիտարկում՝ գիտելիքը սեփական փորձով ամրապնդելու հնարավորություն։ Հայրենիքի բնությունն ու պատմամշակութային արժեքները ճանաչելը ոչ միայն ընդլայնում է աշխարհագրական պատկերացումները, այլև ձևավորում պատասխանատու վերաբերմունք սեփական երկրի հանդեպ։