ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆԵՐ ԵՎ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

May 01, 2026

Աշխատանքի օրը և դպրոց-ՆԴՈՒՀ համագործակցությունը

«Ուսում» դպրոցի «Գիտակից ծնողավարման» թիմը շարունակում է իր հաջող ու արդյունավետ հանդիպումներն, և ի թիվս դրանց՝ այս անգամ դպրոցի մանկավարժա-հոգեբանական թիմը Հայ-ամերիկյան մանկական կենտրոնում էր։ Սա, թերևս, ծնողավարման թիմի հանդիպումներից առաջինն էր, որն անցկացվեց նախադպրոցական կրթական հաստատությունում, որտեղ հաճախող երեխաների ծնողները դեռևս չունեն դպրոցի հստակ ընտրություն։ Ասել է, թե մեր թիմը վաղուց արդեն իր առաքելությունն է համարում կրթել ավելի պատասխանատու ու պատրաստ ծնողներ ոչ միայն մեր, այլև ողջ հանրապետության ամենատարբեր դպրոցների ծնողական համայնքները համալրելու համար։

Մեզ հյուրընկալած Հայ-ամերիկյան մանկական կենտրոնը Երևանում գործող նախադպրոցական կրթական հաստատություն է, որի առաքելությունն է երեխաների խնամքի, կրթության և զարգացման ապահովումը նախքան նրանց դպրոցական կենսագրության մեկնարկը։ Կենտրոնում երեխաները սովորաբար ներգրավվում են խաղային և ստեղծագործական գործունեության մեջ՝ մասնակցելով լեզվի, մտածողության և հաղորդակցության զարգացման դասերին, ինչպես նաև ձևավորելով սոցիալական հմտություններ թիմային աշխատանքների միջոցով։ Ուշագրավ է, որ հաճելի զուգադիպությամբ այս կենտրոնում ևս սաների հանդեպ խնամքն ու հետևողականությունը առանցքային սկզբունք են, ինչպես «Ուսում»-ում։ Եվ հարկ է նշել, որ Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրը նման հանդիպում կազմակերպելը խորհրդանշական կերպով խոսում էր այն մասին, որ կրթությունն ու դաստիարակությունը շարունակական աշխատանք և աշխատասիրություն պահանջող գործընթաց են։

Անդրադառնալով կայացած արդյունավետ հանդիպմանը՝ նշենք, որ սեմինարը վերածվեց ոչ միայն տեղեկատվական, այլև հմտությունների փոխանակման խորքային հարթակի, որտեղ քննարկվեցին ժամանակակից ծնողավարության կարևորագույն հարցերը՝ ներառյալ երեխաների հետ առողջ և վստահելի հաղորդակցությունը, սահմանների ճիշտ ձևավորումը, հուզական կապի ամրապնդումը, վախերի և կամակորության հաղթահարումը, դպրոցին նախապատրաստումն ու ադապտացիան, ինչպես նաև ծնող-մանկավարժ արդյունավետ համագործակցության սկզբունքները։

Հանդիպումն անցավ ակտիվ, բաց և ներգրավված մթնոլորտում․ ծնողները ոչ միայն լսեցին մասնագիտական խորհուրդներ, այլև կիսվեցին իրենց փորձով, մտահոգություններով ու հաջողություններով՝ ստեղծելով փոխադարձ վստահության և աջակցության եզակի միջավայր։

Թիմի անդամները փաստում են, որ իրենց համար առանձնահատուկ արժեք ունի այն անկեղծությունն ու վստահությունը, որը ձևավորվում է նման հանդիպումների ընթացքում։ Ուսումցի մանկավարժները համոզված են, որ յուրաքանչյուր գիտակից քայլ ծնողավարության ճանապարհին նպաստում է ավելի երջանիկ, ինքնավստահ և իրենք իրենց հետ ներդաշնակ երեխաների դաստիարակությանը։

Թիմի ղեկավար Ա․ Մանասյանը usumschool.am-ի հետ զրույցում նշեց, որ այս նախաձեռնությունները շարունակական են լինելու, և որ դպրոցի թիմը սիրով շարունակելու է ստեղծել կրթող, աջակցող և ոգեշնչող միջավայր յուրաքանչյուր ընտանիքի համար։ Միաժամանակ մեր զրուցակիցը շնորհակալություն հայտնեց մանկապարտեզի ղեկավարությանը՝ համագործակցության և ջերմ հյուրընկալության համար, ինչպես նաև բոլոր ծնողներին՝ ակտիվ մասնակցության, հետաքրքրվածության և բովանդակալից քննարկումների համար՝ հույս հայտնելով, որ այն կդառնա առանցքային քայլ դպրոց-ՆԴՈՒՀ համագործակցության ուղղությամբ ոլորտային բարեփոխումների համատեքստում։