Էքսկուրսիաներն «Ուսում» դպրոցում առանձին պատմություն ունեն։ Այստեղ որևէ էքսկուրսա ինքնանպատակ չէ, և որևէ էքսկուրսիոն ուղղություն ընտրելու շարժառիթը ամենևին էլ ժամանցը չէ։Վաղուց գաղտնիք չէ, որ առավել հիմնավոր է այն գիտելիքը, որը հիմնված է փորձի վրա։ Ահա, թե ինչ հիմքով են կազմակերպվում էքսկուրսիաները մեր դպրոցում։ Դրանց նպատակն է աշակերտի դասարանական պատերի մեջ լսածը վերածել առարկայական, տեսանելի ու շոշափելի գիտելիքի, ասել է թե՝ նյութականացնել գաղափարը։
Էքսկուրսիոն ուղղությունները մեր դպրոցում վերանայվում և հաստատվում են յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբին առարկայական մեթոդական միավորումների առաջարկով և տնօրինության հավանությամբ։ Ներկայացվող ուղղությունների համար հիմնական պայման է այն, որ դրանք լինել ոչ միայն ճանաչողական, այլև կիրառական, ձևավորեն հմտություններ, կարճաժամկետ հեռանկարում բերեն այն վերջնարդյունքին, որն ակնկալվում է։
Էքսկուրսիաներն ընտրելիս մենք հաշվի ենք առնում, որ դրանք ոչ միայն նպաստեն մտավոր զարգացմանը, այլև սոցիալական, մշակութային և զգայական կողմերից խթանեն աշակերտի անձնային աճը, հնարավորություն տան ուսումնական համատեղ գործունեություն ծավալելու և փոխգործակցության հմտություններ ձեռք բերելու։
Անցնող տարիների ընթացքում ոլորտը համակարգող պատասխանատուների կողմից հաստատվող էքսկուրսիոն ուղղություններից շատերն առաջինն են եղել հանրապետությունում կազմակերպվող դպրոցական էքսկուրսիաների ցանկում՝ լինելով ոչ միայն նորորարական, այլև օրինակ այլ դպրոցների համար։