ԱՇԱԿԵՐՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Mar 02, 2026

Համագործակցության հնարավորություն ԵՊՀ ՏԿՖ ուսանողական խոհրդի հետ

Փետրվարի 28–ին և մարտի 1-ին մեր դպրոցի Աշակերտական խորհուրդը երկրորդ անգամ մասնակցեց ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի կողմից կազմակերպված «Տնտեսագիտական դպրոց» երկօրյա գարնանային դասընթացին։ Աշակերտական խորհուրդը կրթական-ճանաչողական այս միջոցառման ընթացքում ներկայացնում էին ԱԽ նախագահ Սառա Մարտիրոսյանը և Իրավակարգապահական հանձնաժողովի նախագահ Աննա Որսկանյանը։

Ավագ դպրոցի աշակերտների համար նախատեսված ծրագիրը նպատակ ուներ մասնակիցներին ծանոթացնել տնտեսագիտության հիմնական ուղղություններին, օժանդակել մասնագիտական կողմնորոշման գործընթացին։ Դասընթացի ընթացքում ներկայացվեցին ֆինանսների, բանկային գործի, բիզնեսի կառավարման, մարքեթինգի և միջազգային առևտրի ոլորտների առանձնահատկությունները, մասնագիտության առանձնահատկություններն ու հայաստանյան ու արտասահմանյան կրթական հնարավորությունները տնտեսագիտության և միջպետական տնտեսական հարաբերությունների ուսումնասիրման բնագավառում։

Երկօրյա դպրոցը կառուցված էր համակցված ձևաչափով։ Մասնակիցները լսեցին թեմատիկ դասախոսություններ, որոնց ընթացքում ներկայացվեցին ինչպես տեսական հիմնադրույթներ, այնպես էլ իրական գործնական օրինակներ։ Բիզնես խաղերի և ինտերակտիվ առաջադրանքների միջոցով աշակերտները փորձեցին թիմերով մշակել լուծումներ՝ վերլուծելով կազմակերպությունների իրավիճակային խնդիրներ, հաշվարկելով հնարավոր ռիսկերն ու գնահատելով որոշումների արդյունավետությունը։

Ծրագրի կարևոր բաղադրիչներից էր թիմային աշխատանքը․ քննարկումները հնարավորություն տվեցին ձևակերպել հիմնավորված տեսակետներ, պաշտպանել առաջարկվող լուծումները և համադրել տարբեր մոտեցումներ։ Այս ձևաչափը նպատակ ուներ նպաստել քննադատական մտածողության, վերլուծական հմտությունների և համագործակցության զարգացմանը։

ԱԽ նախագահ Սառա Մարտիրոսյանի գնահատմամբ՝ դասընթացը օգտակար էր մասնագիտական կողմնորոշման տեսանկյունից և հնարավորություն տվեց ավելի հստակ պատկերացում կազմել տնտեսագիտական ոլորտի կիրառական կողմերի մասին։ Ըստ նրա՝ սա նաև լայն հնարավորություն էր Մայր բուհի ուսանողական ինքնավարության հետ հնարավոր համագործակցության ապահովման տեսանկյունից։ Աշակերտական խորհրդի նախագահի փոխանցմամբ ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ, ԵՊՀ գիտխորհրդի անդամ Բ․ Բալայանի հետ մտքեր են փոխանակվել առաջիկա հնարավոր համագործակցության և փորձի փոխանակման շուրջ։

Հավելենք նաև, որ առաջիկայում կհստակեցվեն աշակերտական և ուսանողական խորհուրդների միջև համագործակցության հնարավոր ձևաչափերն ու ժամկետները։