USUMUN vol. 1 երիտասարդական համաժողով

Nov 22, 2026

USUMUN vol. 1-ը՝ հաշված օրեր անց


ՄԱԿ-ի Մոդելը (Model United Nations կամ MUN)
աշխարհի ամենատարածված և ազդեցիկ երիտասարդական կրթական հարթակներից է, որը դպրոցականներին և ուսանողներին հնարավորություն է տալիս մտնել միջազգային դիվանագիտության, քաղաքականության և գլոբալ հիմնախնդիրների լուծման աշխարհ։

Իր երեսնամյակին ընդառաջ՝ ընդամենը հաշված օրեր անց, մեր դպրոցը իրականություն կդարձնի Միավորված Ազգերի Կազմակերպության (ՄԱԿ) մարմինների աշխատանքի ուսուցողական սիմուլյացիայի իր տարբերակը։ Ավելի քան 80 հայտ առաջին իսկ vol-ում, և ասել, որ դա մեծ հաջողություն է, կնշանակի ոչինչ չասել։

Մասնակիցները, որոնք կոչվում են 
«պատվիրակներ» (delegates), երեք օր շարունակ կներկայացնեն տարբեր երկրների շահերն ու պաշտոնական դիրքորոշումները ՄԱԿ-ի կոմիտեներում (օրինակ՝ Անվտանգության խորհուրդ, Գլխավոր ասամբլեա, UNESCO, ECOSOC):

Համաժողովների ընթացքում երիտասարդ պատվիրակները սովորաբար քննարկում են համաշխարհային մակարդակի իրական մարտահրավերներ՝ սկսած միջազգային անվտանգությունից և մարդու իրավունքների պաշտպանությունից մինչև կլիմայի փոփոխություն և թվային անվտանգություն։

Նախ եկեք պարզենք, թե ինչպե՞ս է աշխատում MUN համաժողովը։
ՄԱԿ-ի Մոդելի յուրաքանչյուր համաժողով հետևում է միջազգային դիվանագիտական հատուկ կանոնակարգի (Rules of Procedure): Մասնակիցները նախապես ստանում են իրենց երկրի և քննարկվող թեմայի վերաբերյալ ուղեցույց (Background Guide) և պատրաստում են պաշտոնական դիրքորոշման փաստաթուղթ (Position Paper), որը պիտի անցնի քննարկումների երկարատև շրջան ու դառնա վերջնական բանաձև։ «Հայաստանում երիտասարդական MUN շարժումը ակտիվորեն զարգանում է և այս համաժողովի կազմակերպմամբ մեր դպրոցը վստահաբար իր ուրույն տեղը կունենա շարժմանը միացած դպրոցների, համալսարանների և երիտասարդական կազմակերպությունների շարքում», - usumschool.am-ի հետ զրույցում նշեց համաժողովի աշխատանքները համակարգող և հայաստանյան MUN-երում թրծված, մեր դպրոցի 12-րդ դասարանի սան Էլլա Մկրտչյանը։

Մեր զրուցակցի խոսքով այս համաժողովները հնարավորություն են տալիս 14-22 տարեկան աշակերտներին և ուսանողներին ներգրավվել համաշխարհային քաղաքականության մեջ առկա ամենամասսայական բանավեճային ֆորմատում։ Էլլան համոզված է, որ մեր երկիրը, այդ թվում «Ուսում»-ն ունի բազմաթիվ տաղանդավոր երիտասարդներ, ովքեր սիրում են հանրային-քաղաքացիական գործունեությունը, սակայն աշխարհում տեղեկատվական հոսքերի առատության պայմաններում կարիք ունեն ճշգրիտ ուղղորդման, և այս հարթակը գալիս է լուծելու առաջնահերթ հենց այդ խնդիրը։

ՄԱԿ-ի Մոդելին մասնակցությունը դպրոցականներին տալիս է անփոխարինելի անձնային և ակադեմիական աճ, որոնք կարող ենք ներկայացնել հետևյալ սխեմայով։
1․ Հանրային խոսք և ինքնավստահություն (Public Speaking): Աշակերտները սովորում են ելույթ ունենալ մեծ լսարանի առջև, հստակ և համոզիչ ներկայացնել իրենց մտքերը։
2․ Քննադատական մտածողություն և հետազոտություն (Research & Analytical Thinking): Նախքան համաժողովը պատվիրակները ուսումնասիրում են միջազգային իրավունքը, երկրների աշխարհաքաղաքականությունը և պատմությունը։

3․ Բանակցային արվեստ և թիմային աշխատանք (Negotiation & Consensus Building): Տարբեր դիրքորոշում ունեցող պատվիրակների հետ լեզու գտնելու և ընդհանուր բանաձև կազմելու կարողություն։
4․ Լեզվական հմտություններ (Multilingual Communication):  Միջազգային և տեղական համաժողովների մեծ մասն անցկացվում է անգլերեն կամ ֆրանսերեն լեզուներով, ինչը նպաստում է մասնագիտական օտար լեզվի կատարելագործմանը։


Անդրադառնալով
«ՄԱԿ-ի մոդել»-ի մեր ադապտացիային, նշենք, որ այն ունենալու է 5 հանձնաժողովներ՝ յուրաքանչյուրն իր բավական քիչ ուսումնասիրված խնդրով։ Համաժողովի դերային մոդուլները ներառելու ենք նախապես մտածված սցենարների բացահայտումներ, որոնք միտված են լինելու հետազոտական մտածողության խթանմանը։

Հավելենք նաև, որ դեկտեմբերի 3-ին, 4-ին և 6-ին անցկացվելիք USUMUN vol. 1-ը մեկ հարթակում է հավաքելու յոթ տասնյակ դպրոցականների ու համալսարանականների մայրաքաղաքից, մարզերից, անգամ՝ արտերկրից։