Կրթությունը միայն գիտելիքի փոխանցում չէ․ այն նաև սովորողի մեջ հետազոտելու, բացահայտելու, ստեղծելու և սեփական գաղափարներն իրականացնելու կարողությունների ձևավորում է։ Հենց այս նպատակին է ծառայում նոր ՀՊՉ-ից բխող և «Ուսում» դպրոցում հաջողությամբ իրականացվող նախագծային ուսուցումը, որն արդեն հինգերորդ ուսումնական տարին անընդմեջ դարձել է կրթական գործընթացի կարևոր բաղադրիչներից մեկը։
Նախագծային աշխատանքների միջոցով սովորողները հնարավորություն են ստանում տեսական գիտելիքները կապելու իրական կյանքի հետ, աշխատելու թիմով, զարգացնելու քննադատական մտածողությունը, վերլուծական և ստեղծագործական հմտությունները։ 2025–2026 ուսումնական տարվա ընթացքում նախագծային ուսումնառության պարտադիր բաղադրիչն ընդգրկել է 7–12-րդ դասարանների սովորողներին՝ ներառելով տարբեր առարկայական ուղղություններ, աշխատանքային ձևաչափեր և հետազոտական մոտեցումներ։
7–9-րդ դասարաններում նախագծային աշխատանքներին մասնակցել է 191 սովորող։ Իրականացվել է 51 ուսումնական նախագիծ, որոնց ղեկավարումն իրականացրել են 26 գիտական ղեկավարներ։ Այս ցուցանիշները վկայում են, որ նախագծային ուսուցումը միջին դպրոցում դարձել է ուսումնական գործընթացի բնական շարունակությունը՝ հնարավորություն տալով սովորողներին ուսումնասիրել տարբեր թեմաներ, կատարել հետազոտություններ և ներկայացնել իրենց աշխատանքի արդյունքները։
Անդրադառնալով կատարված ուսումնական նախագծերին՝ ըստ առարկայական մեթոդմիավորումների՝ պետք է նշենք, որ դրանցում առյուծի բաժինը բնագիտական ուղղվածության աշխատանքներինն է եղել։ Իրականացված նախագծերը բաշխվել են հետևյալ կերպ.
- Բնագիտական մեթոդմիավորում – 25 նախագիծ (49%)
- Պատմության և մշակույթի մեթոդմիավորում – 12 նախագիծ (24%)
- Եվրոպական լեզուների մեթոդմիավորում – 8 նախագիծ (16%)
- Մաթեմատիկայի և ինֆորմատիկայի մեթոդմիավորում – 4 նախագիծ (8%)
- Ռուսաց լեզվի մեթոդմիավորում – 1 նախագիծ (2%)
- Մարզատրամաբանական մեթոդմիավորում – 1 նախագիծ (2%)
Ակնհայտ է, որ առավել ակտիվ ուղղությունները եղել են բնագիտական և պատմամշակութային ոլորտները, սակայն նախագծային գործունեությունն ընդգրկել է նաև մյուս առարկայական ուղղությունները՝ ապահովելով բազմակողմանի զարգացում։ Եթե փորձենք աշխատանքները դասակարգել՝ ըստ բովանդակային ուղղությունների կամ կատարման ձևաչափի, ապա կունենանք հետևյալ պատկերը։ Պատմամշակութային և հասարակագիտական հետազոտությունները 16-ն են կամ կատարված աշխատանքների 31%-ը։ Հաջորդում են բնագիտական ճանաչողությանը, էկոկրթությանը և տեխնոլոգիաներին վերաբերող աշխատանքները, որոնք քանակապես 14-ն են (27%)։ Զուտ հետազոտական բնույթ է կրել 9 նախագիծ (18%), իրենցից գործնական, կիրառական և փորձարարական հմտությունների զարգացում և ընթացք են ենթադրել 6 նախագծեր (12%)։ Իսկ իրենց ստեղծագործական հմտություններն աշակերտները արտացոլել են 6 նախագծում (12%)։--
Անդրադառնալով ավագ դպրոցում իրականացված նախագծային ուսուցմանը՝ հարկ է նշել, որ այս օղակում դրանք ձեռք են բերում նոր մակարդակ՝ ուղղված սովորողների ինքնուրույնության, հետազոտական մտածողության և մասնագիտական կողմնորոշման զարգացմանը։ Հաշվետու ուսումնական տարվա ընթացքում ավագ դպրոցում իրականացվել է 12 ուսումնական նախագիծ, որոնց մասնակցել է 68 սովորող, որանցից մեկը մասնակցել է մեկից ավելի նախագծերի։ Ավագ դպրոցում նախագծային աշխատանքները ղեկավարել են 10 ուսուցիչներ։ Հատկանշական է այն հանգամանքը, որ արդեն երկրորդ տարին անընդմեջ ավագ դպրոցում իրականացվող ուսումնական նախագծերը գրախոսվում են հարակից, անկախ մասնագիտական կարծիք ստանալու համար, որը կարևոր ուղղորդում և կողմնորոշիչ է հանդիսանում աշխատանքների օբյեկտիվ գնահատման տեսանկյունից։
Ավագ դպրոցում իրականացված նախագծերը ներկայացվել են տարբեր ձևաչափերով, որոնցից չորսը՝ գրքի շնորհանդեսը, պանելային քննարկումը, արտագնա դաշտային հետազոտությունը և միջոցառում-նախագիծը, անցնող ուսումնական տարիներին իրենց նախադեպը չէին ունեցել։ Բացի նշված երեք ձևաչափերից՝ աշխատանքներ են ներկայացվել նաև հետազոտության և փորձերի ձևաչափերով։
Նախագծերի մեծ մասը հետազոտական ուղղվածություն է ունեցել, ինչը համապատասխանում է ավագ դպրոցի կրթական նպատակներին՝ զարգացնել սովորողների վերլուծական մտածողությունը, գիտական մոտեցումը և սեփական գաղափարները հիմնավորված ներկայացնելու կարողությունը։ Անդրադառնալով այս օղակում կատարված աշխատանքների ուղղվածությանը՝ կարող ենք արձանագրել հետևյալ պատկերը․
- Հասարակագիտական ուղղվածություն – 5 նախագիծ, 24 սովորող
- Բնագիտական ուղղվածություն – 3 նախագիծ, 26 սովորող
- Լեզվագիտական ուղղվածություն – 3 նախագիծ, 11 սովորող
- Մաթեմատիկական ուղղվածություն – 1 նախագիծ, 7 սովորող
Ամփոփելով՝ նշենք, որ 2025–2026 ուսումնական տարվա արդյունքները ցույց են տալիս, որ նախագծային ուսուցումը «Ուսում» դպրոցում ոչ միայն ուսումնական աշխատանքի ձև է, այլև արդեն իրականություն դարձած կրթական մշակույթ։ Ընդհանուր առմամբ 7–12-րդ դասարաններում իրականացվել է 63 ուսումնական նախագիծ, որոնց մասնակցել են 259 սովորողներ, իսկ աշխատանքները ղեկավարել են 36 ուսուցիչներ և գիտական ղեկավարներ։
Յուրաքանչյուր նախագիծ սովորողի համար դարձել է նոր փորձառություն՝ սովորելու հարցադրել, ուսումնասիրել, համագործակցել, վերլուծել և ստեղծել։ Նախագծային ուսուցման միջոցով դպրոցը շարունակում է ձևավորել այնպիսի միջավայր, որտեղ սովորողը հանդես է գալիս որպես ակտիվ մասնակից, հետազոտող և ստեղծագործող՝ պատրաստ ապագայի կրթական և մասնագիտական մարտահրավերներին։