Ամեն տարի փետրվարին Հայաստանում և Սփյուռքում առանձնահատուկ ջերմությամբ նշվում է Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը։ Փետրվարի 19-ը ոչ միայն մեծ գրողի ծննդյան տարեդարձն է, այլև նշվում է որպես Գիրք նվիրելու օր՝ վերածվելով մշակութային գեղեցիկ ավանդույթի։ Դպրոցներում, գրադարաններում և մշակութային կենտրոններում այն նշանավորվում է գրական ընթերցումներով, բեմադրություններով, քննարկումներով և ստեղծագործական մրցույթներով։
Թերևս, Թումանյանի հանճարից, մեծությունից ու ժողովրդականությունից է գալիս տոնակատարությունը մեկ օրով չսահմանափակելու և Ամենայն հայոց բանաստեղծին մի ամբողջ «Թումանյանական շաբաթ» միջոցառումների շարք ձոնելու ավանդույթը։ Խորհրդանշական շաբաթվա ընթացքում մեր դպրոցի սաները ծանոթանում են գրողի կյանքին ու ստեղծագործություններին, բեմադրում նրա հեքիաթները, ասմունքում ու ներկայացնում հետազոտական աշխատանքներ։ Այդ շաբաթը դառնում է ոչ միայն գրական տոն, այլև կրթական կարևոր նախաձեռնություն, որը նպաստում է երեխաների գեղարվեստական մտածողության զարգացմանը և ազգային արժեքների ճանաչմանը։
«Լինում է, չի լինում․ համ լինում է, համ չի լինում» խորագրով բեմադրությունը, որը երկրորդցիների նվերն էր մեծ ու փոքր թումանյանասերներին, թեմատիկ շաբաթվա շրջանակում ներկայացվող ծրագրերից էր։ Այն միավորում էր Թումանյանի հայտնի հերոսներին՝ ներկայացնելով ստախոսության, պարծենկոտության և անհիմն երևակայության ծիծաղելի, բայց ուսանելի հետևանքները։ Բեմադրությունը հանդիսատեսին տանում էր հեքիաթային աշխարհ, որտեղ ծիծաղն ու խրատը քայլում էին կողք-կողքի։
Բեմադրությունը սկսվում էր խորհրդանշական տեսարանով․ հեքիաթասաց աղջիկն ու տղան թելի կծիկով «հյուսում» էին պատմությունների շղթան։ Նրանք հիշեցնում էին, որ աշխարհը լի է պատմություններով՝ բարու և չարի, ճշմարտության և ստի, քաջության և վախկոտության մասին։
Այս ընդհանուր գաղափարից հետո բեմում թումանյանական հերոսներն էին, որոնց արարքներն, անկախ ժամանակաշրջանի փոփոխություններից, արտացոլում են մարդկային տարբեր թուլություններ։
Առաջինը բեմում հայտնված Նազարի ծիծաղելի կերպարով երկրորդցիները ոչ միայն հումորային պատում, այլև դաստիարակչական խորհուրդ էին վերստեղծում։ Նա մարմնավորում էր այն մարդկանց, ովքեր խոսքերով մեծ են, բայց գործով՝ թույլ։ Բեմադրության ընթացքում նրա ներկայությունը ստեղծում էր հումորային միջավայր, իսկ ավարտին կրկին ընդգծվում է նրա վախկոտ բնույթը։ Թեմայի ու մարդկային այդ արատի մյուս կրող Սուտլիկ Որսկանի օրինակով փոքրիկ ուսումցիները ծաղրում էին անսահման երևակայության բերած անհեթեթությունը․ երկրորդցիները վստահ են, որ երևակայությունը լավ բան է, բայց պետք է կարողանալ սանձել այն։
Բեմում հայտնված զավեշտալի Կիկոսով ևս ուսումցիները կոչ էին անում որոշումներ կայացնել միայն հիմնավորումներով ու չհայտնվել ծիծաղելի վիճակում։ Այս հատվածը հատկապես կարևոր է դպրոցական միջավայրում, քանի որ ընդգծում է բանական մտածողության անհրաժեշտությունը։
Բեմադրության ավարտը ֆուտուրիստական էր․ Թումանյանը ինչ-որ հրաշքով հանդիպում է սեփական հերոսներին ու ականատես լինում նրանց խոնարհումին՝ իր կերտած դաստիարակչական կերպարների ու բոլորիս Թումանյանը լինելու համար։
Ամփոփելով՝ նշենք, որ այս ներկայացումը ոչ միայն ժամանցային միջոցառում էր, այլև կրթական նախաձեռնություն, որը հիշեցնում էր, որ սուտն ու պարծենկոտությունը միշտ ծիծաղելի են, իսկ անհիմն վախը կարող է խելահեղ հետևանքների հանգեցնել։ Այն պատգամում էր, որ խելքն ու կրթությունը պետք է արժևորել միշտ, որովհետև դրանք լուսավորում են մարդու ճանապարհը։
Միջոցառումը ևս մեկ անգամ փաստեց, որ թումանյանական հեքիաթները շարունակում են ապրել բեմում, դասարանում, ընտանիքներում և յուրաքանչյուր ընթերցողի սրտում՝ դառնալով մեր մշակութային ինքնության անբաժանելի մասը։