Հայ գրականությունը հարուստ է մեծ անուններով, սակայն կան հեղինակներ, որոնց ստեղծագործական ժառանգությունը դառնում է ժամանակից վեր ու իր ժամանակից առաջ քայլող արժեք։ Այդպիսի անհատականություն է Հովհաննես Թումանյանը՝ բանաստեղծ, հեքիաթագիր, մտածող, հասարակական գործիչ ու ազգային հոգեբանությունը խորությամբ զգացող ֆենոմեն։
Թումանյանը պարզապես գրող չէ։ Լինելով հայ իրականության մեջ գյուղերգության ու հասարակ ժողովրդի ձայնի ամենակարկառուն ներկայացուցիչը՝ Թումանյանը հաջողությամբ զուգորդում էր հայրենի հողի սարերի քամու մեղմությունն ու առվակի կարկաչը, լեռների կանաչն ու հովիտներում հանուն հայրենիքի թափված արյունը, անհատի հոգու խորը ապրումներն ու հայրենասերի կասկածներն ու հույսերը։ Թումանյանին հաջողվեց հեքիաթի պարզ ձևի մեջ տեղավորել կյանքի մեծ ճշմարտությունները բարության, արդարության, համերաշխության, խղճի և հայրենասիրության մասին։
Թումանյանի հերոսները սովորական մարդիկ են՝ երբեմն միամիտ, երբեմն խորամանկ, երբեմն էլ՝ դժբախտ կամ ծիծաղելի։ Բայց յուրաքանչյուր կերպարի միջոցով հեղինակը խոսում է մարդու բնավորության, սխալների և վերափոխման անխուսափելիության մասին։ Նրա հեքիաթները միայն մանկական ընթերցանություն չեն․ դրանք ազգային ինքնաճանաչման դպրոց են, որտեղ սերունդները սովորում են տարբերել բարին ու չարը, գնահատել խելքը, սիրել արդարությունը և հավատալ բարի ուժի հաղթանակին։
Հատկանշական է, որ Թումանյանը չի սահմանափակվում միայն գրական դաշտով․ նրա խոսքը դարձել է ժողովրդական մտածողության մաս, նրա արտահայտությունները՝ ասացվածք, նրա հերոսները՝ կենդանի կերպարներ մեր մշակութային հիշողության մեջ։ Այդ իսկ պատճառով Թումանյան բեմադրել նշանակում է ոչ միայն ներկայացում ստեղծել, այլև նոր շունչ հաղորդել մեր ազգային ժառանգությանը։ Ահա, թե ինչ մեծ պատասխանատվություն էր դրված երկրորդցիների ուսերին, ովքեր այսօր եզրափակեցին թումանյանական շաբաթը՝ ստեղծելով յուրօրինակ հոգևոր հանդիպում Թումանյանի ու նրա ստեղծագործական աշխարհի հետ։
Ներկայացումը կառուցված էր որպես հեքիաթային հանդիպում, որտեղ միևնույն բեմում հավաքվել էին տարբեր ստեղծագործությունների հերոսներ՝ կենդանացնելով աքաղաղի հպարտ ու զվարթ ձայնը, ծիտիկի պահանջկոտ միամտությունը, կաքավիկի երգը, Բարեկենդանի ու Հուռու զվարճալի վեճերը, Ձախորդ Փանոսի անհաջողությունները, Կիկոսի տարօրինակ ճակատագիրը, Քաջ Նազարի «բախտավոր» փիլիսոփայությունը։ Հետաքրքրական է, որ սյուժետային գծով յուրաքանչյուր կերպար իր ներկայությամբ հիշեցնում էր Թումանյանի գլխավոր պատգամը՝ մարդը կարող է սխալվել, կարող է մոլորվել, բայց կարող է նաև փոխվել, հասկանալ և բարին ընտրել։ Հումորի ու ծիծաղի ներքո արվում էին լուրջ հարցադրումներ պատասխանատվության, խելամտության, ազնվության և բախտի մասին։
Բեմադրությանն առանձնահատուկ շունչ էր հաղորդում բնության և հայրենի գյուղի թեման։ Թումանյանի բանաստեղծական հատվածները հնչում էին որպես լիրիկական շեշտադրում՝ հիշեցնելով, որ նրա աշխարհընկալման հիմքում մարդն ու բնությունն են՝ ներդաշնակ ու անբաժան։ Երգերն ու պարերը լրացնում էին ներկայացման ընդհանուր տրամադրությունը՝ այն դարձնելով տոնական ու միաժամանակ խորիմաստ։
Անդրադառնալով փոքրիկների խաղին՝ նշենք, որ կրտսեր ուսումցիները կարողանում էին ոչ միայն ուղղակի ասմունքել կամ կերպար մարմնավորել, այլև ապրել իրենց կերպարներով՝ փոխանցելով հանդիսատեսին այն անմիջականությունն ու անկեղծությունը, որը բնորոշ է Թումանյանի ստեղծագործություններին։
Վերջաբանում, թերևս, խտացված էր ներկայացման գաղափարական ամփոփումը։ Այն ընդգծում էր, որ Թումանյանի խոսքը ժամանակի սահմաններ չի ճանաչում։ Ամեն սերունդ իր Թումանյանն է գտնում, ոմանք՝ մանկության հեքիաթներում, ոմանք՝ կյանքի փորձի ու հեղինակի կենսագրության մեջ, երրորդները՝ ազգային ինքնության որոնման ճանապարհին, մյուսները՝ քառյակների կարճ ու դիպուկ տողատակերում։
Միջոցառման պատասխանատուները վստահ են, որ Թումանյանական շաբաթը սահմանափակ ժամկետ է Թումանյան կարդալու ու մեծարելու համար։ Թումանյան կարդալը ամենօրյա ինքնաճանաչում է, իսկ նրա խոսքը շարունակում է ապրել այնքան ժամանակ, քանի դեռ երեխաները ժպտում են նրա հեքիաթներին, մեծերը խորհում են նրա պատգամների շուրջ, իսկ դպրոցական բեմերը կրկին ու կրկին կենդանանում են նրա հերոսներով։