Oct 23, 2024
Աշակերտական խորհրդի կարողությունների զարգացման դասընթաց
Աշակերտական խորհրդի փոխնախագահ Էմմա Սարգսյանն այս օրերին մասնակցում է աշակերտական խորհուրդների կարողությունների զարգացման եռօրյա դասընթացին, որը կազմակերպվել է «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակում՝ ԿԳՄՍ նախարարության և «ՓԻ-ԷՅՉ ինթերնեշնլ» («Փրոջեքթ հարմոնի») կազմակերպության համագործակցությամբ:
Եռօրյա դասընթացն անցկացվում է Երևանում, մասնակցում են 21 աշակերտներ ՀՀ տարբեր մարզերից և մայրաքաղաքից:
Դասընթացի մեկնարկին ընդառաջ մասնակիցների հետ հանդիպել և նրանց ողջունել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ կարևորելով աշակերտական խորհրդի դերը կրթության բարեփոխումների արդյունավետության համատեքստում:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել աշակերտներին ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդում ընդգրկվելու քաջության և իրենց ձայնը բարձրացնելու պատրաստակամության համար: Նա կազմակերպիչներին և աշակերտներին մաղթել է հետաքրքիր և հագեցած դասընթաց՝ կոչ անելով ստացած գիտելիքներով կիսվել նաև դասընկերների հետ: