Մշակութային անցուդարձ

Mar 17, 2026

Հրաժեշտ այբբենարանին կամ «Դեպի հաջողության ամրոց»

Հենց այս օրերին հանրակրթության ամենակրտսեր ներկայացուցիչները հրաժեշտ են տալիս Այբբենարանին՝ որպես իրենց գրքային կյանքի առաջին ընկերոջ։ Եվ այդ հրաժեշտը ոչ թե հերթական տխուր ու թախծոտ հրաժեշտ է, այլ գոհաբանության ու շնորհակալությունների մի ողջ տոնահանդես։ Բայց նախ եկեք հասկանանք, թե երբ ու ինչպես են առաջացել առաջին այբբենարանները։ Այբբենարանների պատմությունը սկիզբ է առնում գրերի ստեղծման և կրթության զարգացման շատ հին ժամանակներից։ Երբ տարբեր ժողովուրդներ ստեղծեցին իրենց գրային համակարգերը, առաջացավ նաև դրանց սովորեցման անհրաժեշտությունը։ Այդ պահից էլ սկսեցին ձևավորվել առաջին «այբբենարանները»՝ գրքեր կամ նյութեր, որոնց միջոցով մարդիկ սովորում էին տառերը կարդալ ու գրել։ Առաջին նման ուսումնական նյութերը եղել են դեռևս հին քաղաքակրթություններում՝ Հին Եգիպտոսում, Միջագետքում և Հին Հունաստանում, որտեղ երեխաներին սովորեցնում էին՝ գրանշանները փայտե տախտակների կամ մոմապատ սալիկների վրա փորագրելով։ Դրանք դեռևս գիրք չէին ժամանակակից իմաստով, բայց արդեն ծառայում էին նույն նպատակին՝ գրագիտության ուսուցմանը։

Իսկ դասական իմաստով այբբենարանները սկսեցին ձևավորվել միջնադարում, հատկապես տպագրության գյուտից հետո՝ 15-րդ դարում, Յոհան Գուտենբերգի շնորհիվ։ Այդ ժամանակ արդեն հնարավոր դարձավ լայն տարածել գրքեր, և ստեղծվեցին հատուկ ուսումնական ձեռնարկներ, որտեղ տառերը ներկայացվում էին հերթականությամբ՝ օրինակներով, բառերով և երբեմն նաև նկարներով։

Տպագիր առաջին հայկական այբբենարանները հայտնվեցին ավելի ուշ՝ 17–18-րդ դարերում, երբ զարգացավ հայկական տպագրությունը՝ հատկապես Վենետիկում և Ամստերդամում գործող հայկական տպարաններում։ Դրանք արդեն ավելի մոտ էին ժամանակակից այբբենարաններին՝ ներառելով տառեր, վարժություններ և ընթերցանության պարզ նյութեր։ Ժամանակի ընթացքում այբբենարանները զարգացան և դարձան ոչ միայն տառերի ուսուցման գիրք, այլ նաև երեխաների մտածողությունը, լեզուն և արժեքները ձևավորող կարևոր կրթական գործիք։ Այսօր էլ դրանք յուրաքանչյուր երեխայի կրթության առաջին և ամենակարևոր քայլերից մեկն են նախանշում, որին կարելի է մեծարել ու մի ողջ միջոցառում ձոնել։

Փոքրիկ ուսումցիների «Դեպի հաջողության ամրոց» ներկայացումն այդպիսի մի ձոներգ էր, որը կասկածի տակ էր դնում բախտի ու պատահականությունների գաղափարը ու կյանքում ամեն ինչ հիմնավորում մարդու գիտելիքի, ընտրությունների և ջանքերի միջոցով։ Այս պատմությունը պարզ, բայց ազդեցիկ ձևով ցույց էր տալիս, թե ինչպես կարող է անգրագիտությունը փակել դռներ, իսկ կրթությունը՝ դառնալ ողջ աշխարհի դռները բացող բանալի։

Պատմությունը սկսվում էր կյանքի ճամափաբաժանին կանգնած տղայի խորհրդանշական ընտրության տեսարանով, որտեղ գլխավոր հերոսը ստիպված էր ընտրություն կատարել «կույր բախտով»։ Այս իրավիճակը խորհրդանշում էր իրական կյանքը, որտեղ գիտելիքի բացակայությունը մարդուն զրկում է ճիշտ կողմնորոշվելու հնարավորությունից։ Շուտով նա հայտնվում է փորձանքի փոսի մեջ, որտեղ հասկանում է, որ ինքը բացառիկ չէ ու բախտ որոնելիս շատերն են ձախողվում, երբ չունեն բավարար գիտելիք ու հմտություն։

Այստեղ վեր են հառնում կյանքի երկու անբաժան կերպարները՝ Ծուլությունը և Աշխատանքը։ Առաջինը կոչ է անում ոչինչ չանել, սպասել և հույսը դնել պատահականության վրա, իսկ երկրորդը համոզում է, որ հաջողությունը գալիս է միայն ջանքերի և աշխատանքի շնորհիվ։ Այս հակադրությունը ներկայացնում է կյանքի կարևորագույն ընտրություններից մեկը՝ պասիվ սպասե՞լ, թե՞ ակտիվորեն կառուցել սեփական ճանապարհը։

Տղաները, հաղթահարելով դժվարությունը, հասնում են «Հաջողության ամրոցին», որտեղ պահակները նրանց բացատրում են կարևոր մի ճշմարտություն՝ բախտը ոչ թե պահվում է որևէ տեղ, այլ ստեղծվում է մարդու կողմից։ Սակայն ամրոցի դռները բացվում են միայն նրանց առաջ, ովքեր կարողանում են կարդալ «Հաջողության կանոնագիրքը»։ Այստեղ նրանք բախվում են իրենց ամենամեծ խնդրին՝ անգրագիտությանը։ Այս պահը դառնում է շրջադարձային, քանի որ կերպարները հասկանում են, որ իրենց անհաջողությունների պատճառը հենց սովորելու նկատմամբ անտարբերությունն է եղել։

Եվ հենց այս հուսահատության րոպեներին են կերպարները վերաիմաստավորում իրենց կյանքը ու որոշում որսալ բաց թողնված պահը՝ ծանոթանալով հայոց այբբենարանի կախարդական աշխարհին՝ ցույց տալով, որ տառերը դառնում են ոչ միայն լեզվի հիմք, այլ նաև մտածողության և աշխարհընկալման բանալի։ Միջոցառման այս հատվածում առանձնահատուկ ընդգծվում է մայրենի լեզվի դերը։ Լեզուն ներկայացվում է որպես ժողովրդի պատմության, մշակույթի և ինքնության կրող։

Պատմության ավարտին հերոսները հասկանում են ամենակարևոր ճշմարտությունը՝ բախտը չի գալիս նրանց մոտ, ովքեր պարզապես սպասում են։ Այն ստեղծվում է նրանց կողմից, ովքեր սովորում են, աշխատում և առաջ են շարժվում։ Յուրաքանչյուր տառ դառնում է մի քայլ դեպի ապագա, իսկ յուրաքանչյուր սովորած բառ՝ մի նոր հնարավորություն։