Մշակութային անցուդարձ

Mar 13, 2026

«Միասնության ուժը» կամ կյանքին ամենամոտ հեքիաթը

Մարդկության պատմությունը բազմաթիվ վկայություններ է պահպանում այն մասին, որ ամենամեծ հաղթանակները ծնվում են միասնականությունից։ Երբ մարդիկ կանգնել են նույն նպատակի շուրջ, կարողացել են հաղթահարել պատերազմներ, կառուցել քաղաքներ, դիմագրավել անպարտելի թվացող մարտահրավերներին, վերապրել համաճարակներ, պահպանել իրենց մշակույթն ու ինքնությունը։ Դարերի ընթացքում համայնքները ձևավորվել են համագործակցության, փոխօգնության և համերաշխության հիմքի վրա․ մարդիկ միասին են մշակել հողը, միասին են կառուցել տները, միասին են նախանշել գալիքի տեսլականը։

Պատմությունը լի է օրինակներով, երբ միասնությունը դարձել է ամենահզոր ուժը։ Տեղին է հիշել Հենրի Ֆորդի հետևյալ մեջբերումը․ «Միասին գալը սկիզբն է, միասին մնալը՝ առաջընթացը, իսկ միասին աշխատելը՝ հաջողությունը»։  Իսկ Մայր Թերեզան հիշեցնում էր, որ նույնիսկ փոքր քայլերը մեծ նշանակություն ունեն, երբ արվում են միասին: «Ես կարող եմ անել այն, ինչ դու չես կարող: Դու կարող ես անել այն, ինչ ես չեմ կարող: Բայց միասին մենք կարող ենք մեծ բաներ անել», -վստահեցնում էր Մայր Թերեզան:

Միասնության գաղափարը նաև հայկական ժողովրդական բանահյուսությունում ու լեզվամտածողության մեջ է: «Մի ծառից անտառ չի լինում»: «Միասնությունը սար է շարժում»: «Մեկ ձեռքը ծափ չի տա»։ «Մեկ ծաղկով գարուն չի գա»: Ժողովրդական բառ ու բանի մեջ արմատավորված այս կարճ ձևակերպումները
 ևս մեկ անգամ հաստատում են, որ մարդը սոցիալական էակ է․ նրա ուժը միայն անհատական հմտությունների մեջ չէ, այլ նաև միասնական աշխատանքի և միմյանց աջակցելու կարողության մեջ, որոնց անհրաժեշտությունն առավել է զգացվում ճակատագրական պահերին:

Այս գաղափարն էր ընկած փոքրիկ ուսումցիների ներկայացրած ներկայացման հիմքում, որը պատմում էր մի հինավուրց թագավորության մասին։ Այնտեղ մարդիկ ապրում էին իրենց ավանդույթներով, աշխատում միասին և հաջորդ սերունդներին ավանդում իրենց ստացածից ավելի լավ ժառանգություն։ Սակայն մի օր թագավորը մի նոր ու արտասովոր օրենք է սահմանում․ այսուհետ բոլորը պետք է աշխատեն միայնակ, իսկ խմբերով աշխատելը արգելվում է։

Նոր օրենքը խախտում է մարդկանց սովորական կյանքը։ Նրանք, ովքեր տարիներ շարունակ միասին էին աշխատել, հանկարծ հայտնվում են մենության մեջ։ Աշխատանքը դառնում է ավելի դժվար ու դադարում լինել հաճելի՝ վերածվելով դժգույն պարտականության, իսկ կենսախինդ քաղաքը՝ լուռ ու տխուր գունապնակի։

Բեմում այս փոփոխությունը ներկայացվում էր երգերի, երկխոսությունների և հումորային տեսարանների միջոցով։ Հացթուխի խմորը «բողոքում էր», որ միայնակ չի բարձրանում, մարդիկ փորձում էին հասկանալ՝ արդյոք սա պատի՞ժ է, թե՞ փորձություն։ Դրվագը վերհանում էր ոչ միայն անհատական աշխատանքի դժվարությունը, այլև մարդու հոգևոր ճգնաժամը, որն առաջանում է սեփական հաջողություններով ուրախացողի և ձախողումներին ապրումակցողի բացակայության ժամանակ:

Եվ հենց այդպիսի պահերին է հասարակությունը ծնունդ տալիս անհատների, ովքեր գալիս են առաջ մղելու այն, ինչ մտածում, բայց վախենում են բարձրաձայնել բոլորը։ Իսկ մարդիկ վախենում էին ասել, որ աշխատանքը ոչ միայն գումարի կամ բարեկեցության, այլ միասնության ու երջանկության մասին է։ Իսկ ուժեղ հասարակություններում ղեկավարներն ականջալուր են դառնում սեփական ժողովրդի շահերին, ինչպես երկրորդցիների ստեղծած «հասարակությունում», որը միջոցառման ավարտին կրկին տոնում էր իր հաղթանակը ու վայելում այն իրականությունը, որտեղ ղեկավարը ևս վստահ էր, որ ուժեղ պետությունը կառուցվում է ոչ միայն օրենքներով, այլև մարդկանց միասնությամբ, ժպիտներով և իրար ձեռք մեկնելով։

Ներկայացման վերջին հատվածն աշակերտների ու հանդիսատեսի երկխոսությունն էր, որտեղ բոլորը համակարծիք էին, բեմում՝ խոսքով, դահլիճում՝ լռությամբ: Ուսումցիները պատգամում էին չվախենալ դժվարություններից, որոնք երբեմն ոչ թե դեպի բաժանում են տանում, այլ օգնում են հասկանալ մեր իրական նպատակները ու գնահատել այն, ինչն առօրյայում մնում է լուսանցքում։ Ուսումցիները կարծում են, որ ճշմարտության մասին բարձրաձայնելը պիտի լինի ոչ թե հերոսություն, այլ ամենօրյա վարքագիծ։