Յուրաքանչյուր դպրոց ունի իր հաջողակ աշակերտները, սակայն ոչ բոլորին է հաջողվում դառնալ այն արժեքների կրողը, որոնց շուրջ միավորվում է ողջ դպրոցական պատմությունն ու աշակերտական համայնքը։ Հենց այդ գաղափարն է մարմնավորում «Ուսում» դպրոցում յուրաքանաչյուր ուսումնական տարվա ավարտին շնորհվող «Արժանապատիվ ուսումցի» կոչումը։
Սա գնահատական է ոչ թե բարձր առաջադիմության, այլ տարիների աշխատանքի, պատասխանատվության, նախաձեռնողականության, առաջնորդության և մարդկային նկարագրի մասին։ Այն շնորհվում է այն դպրոցական աշակերտական ինքնավարության այն անդամներին, ովքեր իրենց օրինակով ձևավորում են դպրոցի մշակույթը և իրենց գործունեությամբ պայմանավորում աշակերտության հագեցած առօրյան։
Հայտնի է, որ այս տարի «Արժանապատիվ ուսումցի» կոչմանն արժանացան միաժամանակ երկու աշխորհրդականներ՝ Աշակերտական խորհրդի նախագահ Սառա Մարտիրոսյանը և փոխնախագահ Աննա Գալստյանը։ Հիմա, երբ կոչումն ստանալու բաղձալի պահն արդեն մեկուկես ամսվա վաղեմություն ունի, usumschool.am-ին տված հարցազրույցը ևս մեկ անգամ հաստատում է, որ հաջողությունը երբեք պատահականություն չէ. այն ձևավորվում է տարիների ընթացքում՝ փոքր, բայց հետևողական քայլերով։
Հետաքրքիր է, որ երկու աշակերտներն էլ կոչման մասին խոսում են ոչ թե որպես վերջնակետի, այլ որպես նոր սկզբի։ Աննա Գալստյանը հիշում է, որ դեռ յոթերորդ դասարանից էր երազում մի օր արժանանալ այս կոչմանը, երբ դահլիճից դիտում էր, թե ինչպես է այդ կոչմանն համար արժանիորեն բեմ բարձրանում ԱԽ փոխնախագահ Շուշան Ալեքսանյանը։ Երեք տարվա նպատակասլաց աշխատանքից հետո այդ երազանքը իրականություն դարձավ, սակայն, ինչպես ինքն է նշում, դրա հետ ավարտված չէ ճանապարհը։ Ընդհակառակը՝ այժմ նա ավելի մեծ պատասխանատվություն է զգում շարունակելու նույն ճանապարհը։
Սառան, ով դպրոցում աչքի է ընկնում ցանկացած աշխատանքի հանդեպ իր սրտացավությամբ և նվիրումով, այս ճանաչումը համարում է պատասխանատվության խորհրդանիշ։ ԱԽ նախագահի համոզմամբ՝ իսկական հաջողությունն այն չէ, երբ քեզ գնահատում են միայն բարձր գնահատականների համար, որովհետև 21-րդ դարի դպրոցը վաղուց արդեն գերազանցիկ լինելու կամ թվանշանների մասին չէ։ Շատ ավելի կարևոր է, երբ գնահատվում է այն մարդը, որ դարձել ես այդ ճանապարհին։ Սառան համարում է, որ իր հաջողությունը ոչ թե տաղանդի, այլ բնավորության արդյունք էր։
Երկու ուսումցիների հետ զրույցներում ամենաշատ կրկնվող բառերը պատահական չեն՝ աշխատասիրություն, կարգապահություն, համբերություն, նվիրվածություն։ Այսօր, երբ հաճախ հաջողությունը վերագրվում է բացառապես տաղանդին, Աննան և Սառան ներկայացնում են բոլորովին այլ պատկեր։ Նրանց համար հաջողությունը սկսվում է այն պահին, երբ մարդը սովորում է աշխատել իր վրա, չհանձնվել առաջին անհաջողությունից հետո և պահպանել հետևողականությունը նույնիսկ այն ժամանակ, երբ արդյունքը դեռևս տեսանելի չէ։ Հատկանշական է, որ երկուսն էլ առանց երկմտելու նշում են՝ եթե պետք է ընտրել տաղանդի և աշխատասիրության միջև, ապա երկարաժամկետ հաջողության իրական հիմքը հենց աշխատասիրությունն է։
Խոսելով առաջնորդության մասին՝ ԱԽ նախագահության անդամները նշում են, որ այդ հատկանիշը պետք է դիտարկել ոչ թե որպես դիրք կամ պաշտոն, այլ որպես ծառայություն։ Պատահական չէ նաև, որ այս տարվա երկու լավագույն աշակերտները ղեկավարել և միաժամանակ ծառայել են դպրոցի աշակերտությանը (թղթ․՝ հնգամյա դադարից հետո Սառա Մարտիրոսյանն այս կոչմանն արժանացած առաջին ԱԽ նախագահն է Վահագն Մարգարյանից հետո)։
Աննայի համար առաջնորդությունը սովորեցրել է հասկանալ մարդկանց, աշխատել թիմում, պատասխանատվություն ստանձնել և ճիշտ որոշումներ կայացնել ամենաբարդ իրավիճակներում, առաջարկել գաղափարներ, երբ թվում է դրանց ո՛չ ժամանակն է, ո՛չ տեղը։
Սառան խոստովանում է, որ սկզբում կասկածում էր՝ արդյո՞ք կկարողանա արդարացնել բոլորի սպասումները՝ որպես Աշակերտական խորհրդի նախագահ։ Սակայն հենց այդ պատասխանատվությունն է դարձել նրա ամենամեծ դպրոցը՝ սովորեցնելով վստահել սեփական ուժերին և առաջնորդել ոչ թե խոսքով, այլ օրինակով։ usumschool.am-ն առանձնացրեց Սառայի այն դիտարկումը, որ առաջնորդությունը սկսվում է ոչ թե այն պահին, երբ քեզ ընտրում են, այլ այն ժամանակ, երբ դու ընտրում ես պատասխանատվություն կրել ուրիշների համար։
Հաջողության յուրաքանչյուր պատմության հետևում միշտ կան փորձություններ։ Աննան հիշում է, թե որքան դժվար էր համատեղել ուսումը, սպորտը և արտադասարանական գործունեությունը։ Սակայն հենց ժամանակի սղությունն է նրան սովորեցրել գնահատել յուրաքանչյուր ժամը և ավելի արդյունավետ կազմակերպել օրը։ Մինչդեռ Սառայի համար դժվարությունը եղել է ոչ թե արտաքին գործոնները, այլ սեփական սահմանները հաղթահարելը։ Տեսախցիկի առաջ խոսելու վախը, մեծ լսարանի առջև պատասխանատվություն ստանձնելը, ղեկավարելու ընթացքում առաջացած կասկածները ժամանակի ընթացքում վերածվել են ինքնավստահության։
Մեր երկու զրուցակիցներն էլ առանձնահատուկ ջերմությամբ են հիշատակում ուսուցիչների աջակցության մասին։ Աննա Գալստյանը երախտագիտությամբ է նշում, որ իր ուսուցիչներն իրեն ոչ միայն փոխանցել են գիտելիք, այլ նաև ոգեշնչել են առաջ շարժվել, համբերել և չհանձնվել։ Իսկ Սառան առանձնացնում է այն ուսուցիչներին, ովքեր ժամանակի ընթացքում դարձել են նաև ավագ ընկերներ՝ աջակցելով ոչ միայն դասերի ընթացքում, այլև կյանքի կարևոր որոշումների ժամանակ։
Թերևս ամենաուժեղ ընդհանրությունը երկու զրուցակիցների խոսքում վերաբերում է հենց «Ուսում» դպրոցում ձևավորված միջավայրին։ Աննան մեկ բառով բնութագրում է դպրոցը՝ «ընտանիք»։ Սառան ասում է, որ դպրոցն իրեն անհատականություն է դարձրել, կոտրել վախեր, կարծրատիպեր ու տվել ամենակարևորը՝ մարդիկ ողջ կյանքի համար։
Ամփոփելով՝ նշենք, որ Աննա Գալստյանի և Սառա Մարտիրոսյանի պատմությունները երկու տարբեր ճանապարհներ են, որոնք հանդիպում են նույն կետում՝ արժեքների աշխարհում։ Նրանց հաջողությունը պայմանավորված չէ մեկ օրվա հաղթանակով կամ մայիսի 29-ի հիշարժան բեմելով։ «Արժանապատիվ ուսումցի» կոչումը երկար ճանապարհի հանրային ճանաչումն է։ Այն հիշեցնում է, որ կրթությունը միայն գիտելիք փոխանցելու գործընթաց չէ։ Այն մարդու ձևավորման ընթացք է, որտեղ նույնքան կարևոր են պատասխանատվությունը, ազնվությունը, հարգանքը, առաջնորդությունը և նվիրվածությունը։ Եվ երբ այս արժեքները միավորվում են մեկ մարդու մեջ, նա դառնում է ոչ միայն գերազանց աշակերտ, այլև այն օրինակը, որի վրա կառուցվում է դպրոցի վաղվա օրը։