Մշակութային անցուդարձ

Apr 14, 2026

Ամիչիսի բեսթսելլերը՝ չորրորդցիների մատուցմամբ

Կան գրքեր, որոնք պարզապես կարդացվում են առանց երկարաժամկետ ազդեցության։ Սակայն բեսթսելլերներ են դառնում նրանք, որոնցում ընթերցողը գտնում է իրեն և որոնք ապրում են մեր մեջ։ «Սիրտը» հենց այդպիսի գրքերից է։ Էդմոնդո դե Ամիչիսի 1886 թվականին գրված ստեղծագործությունը դպրոցական մի տարվա օրագրության խտացումն է։ Գիրքը բաղկացած է ոչ միայն գլխավոր հերոսի գրառումներից, այլև ուսուցչի և ծնողների նամակներից, ինչպես նաև առանձին պատմություններից, որոնք ամեն ամիս ներկայացվում են որպես բարոյական դասեր։

«Ուսում»-ի բեմում կենդանացած այս պատմություններից շատերը դարձել են դասական օրինակներ մարդկային արժեքների ներկայացման համար։ Այսպես․ «Փոքրիկ լոմբարդացին» պատմությունը ներկայացնում է մի տղայի, ով ծանր աշխատանքի միջոցով աջակցում է իր ընտանիքին՝ չկորցնելով արժանապատվությունը։ «Փոքրիկ հայրենասերը» պատմությունում տղան հրաժարվում է գումարից, երբ հասկանում է, որ այն տրվում է իր հայրենիքի հեղինակության գնով։ Իսկ «Ապենիններից մինչև Անդեր» պատմությունը այն երեխայի վերհուշն է, ով երկար ճանապարհ է անցնում մորը գտնելու համար՝ հաղթահարելով բազմաթիվ դժվարություններ։

Ահա այս գաղափարների խտացումով էլ այսօր չորրորդցիները հանդիսատեսի դատին հանձնեցին «Մարդ մնալու նուրբ արվեստը» ներկայացումը, որի սկզբում ներկայացվում էր դպրոցական առօրյան՝ աղմկոտ դասարան, երեխաների կատակներ, փոքր վեճեր և մեծ բացահայտումներ։ Նորեկի հայտնվելը դառնում է շրջադարձային պահ․ սկզբում՝ անհասկացվածություն, ապա՝ ընդունում։ Այս դրվագը ցույց է տալիս մի պարզ, բայց կարևոր ճշմարտություն․ ընտրությունը միշտ մերն է՝ վիրավորե՞լ, թե՞ հասկանալ։ Ուսուցչի խոսքերով՝ ընտանիքում մենք օգնում ենք, ներում և աջակցում, իսկ դասարանը հենց այդպիսի փոքր ընտանիք է։

Բեմական գործողությունների ընթացքում երեխաները աստիճանաբար վերհանում են այն մտայնությունը, որ  դիմացինի վրա ծիծաղելը վաղուց դադարել է լինել ուժի կամ հեղինակության խորհրդանիշ։ Փոքրիկ ուսումցիները վստահ են, որ ուժեղ լինել նշանակում է ներել, աջակցել և ճիշտ պահին ձեռք մեկնել։ Նրանց համատեղ ուղերձը հնչում է պարզ, բայց հզոր․ եթե մենք կարող ենք փոխվել այստեղ, ապա աշխարհն էլ կարող է փոխվել։

Հաջորդ հատվածում պատմությունը տեղափոխվում է մի ընտանիք, որտեղ դեռահասը գիշերները աշխատում է, որպեսզի օգնի իր հորը։ Այս դրվագը գաղափարապես խտացնում էր  Ամիչիսի այն պատումները, որտեղ երեխաները իրենց ուսերին էին վերցնում մեծերի հոգսերը առանց գանգատվելու։

Միջոցառման ընթացքում շոշափվում էր նաև հայրենիքի թեման։ Ներկայացված դրվագը, որտեղ տղան հրաժարվում է վիրավորական օգնությունից, ուղղակիորեն հիշեցնում է «Փոքրիկ հայրենասերը» պատմությունը։ Այն ցույց է տալիս, որ հայրենիքը պարզապես վայր չէ, այլ արժանապատվություն, հիշողություն և ինքնություն։ Հայրենասիրությունը վերամբարձ խոսք չէ, այլ գիտակցված ընտրություն ճիշտ պահին։

Միջոցառման ավարտը աշակերտության ինքնադիմանկարի խոսքային փոխանցումն էր, որտեղ դասարանի բոլոր աշակերտները ներկայանում էին որպես անհատականություններ՝ յուրահատուկ և ստեղծագործ բնութագրերով։ Բեմական այս հանգույցը նպատակ ուներ ցույց տալու, որ յուրաքանչյուրս տարբեր ենք, բայց միասին կազմում ենք մի ամբողջություն՝ մի փոքր աշխարհ, որտեղ կա ուրախություն, խելք, հումոր և բարություն։ Այս մոտեցումը ևս հիշեցնում է գրքի կառուցվածքը, որտեղ յուրաքանչյուր կերպար ունի իր պատմությունն ու իր կարևոր դերը։

«Մարդ մնալու նուրբ արվեստը» միջոցառումը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ ներելը ուժ է, բարությունը՝ ընտրություն, իսկ մարդ մնալը՝ ամենօրյա աշխատանք։