Կրթական համակարգերը, ժամանակները և սերունդների ընկալումները փոխվում են, սակայն օլիմպիադաները շարունակում են մնալ սովորողի մոտիվացիայի հիմնական աղբյուրները։ Նախքան ուսումցիների հերթական հաջողությանն անդրադառնալը՝ հարկ է անդրադառնալ առարկայական օլիմպիադաների ծագմանն ու նախապատմությանը։ Առարկայական օլիմպիադաները՝ որպես կրթական մրցույթներ, առաջացման առաջին իսկ պահից նպատակ են դրել բացահայտել սովորողների խորքային գիտելիքները, տրամաբանական մտածողությունը և ստեղծագործական կարողությունները տարբեր ուսումնական առարկաներից։
Առարկայական օլիմպիադաների արմատները հասնում են 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի Եվրոպա։ Սկզբում դրանք անցկացվում էին համալսարանների և ակադեմիական շրջանակների նախաձեռնությամբ և սահմանափակվում էին միայն մաթեմատիկայի և բնական գիտությունների ոլորտով։
1900-ականների սկզբին սկիզբ առած այս նախաձեռնությունները կես դար անց հանգում են առարկայական միջազգային օլիմպիադաների ձևավորմանը։ Վերջիններս ևս նպատակ ունեին զարգացնել բնագիտամաթեմատիկական մտածողությունը, և դրանց շարքում առաջիններն էին Մաթեմատիկայի միջազգային օլիմպիադան (IMO, 1959 թ․), Ֆիզիկայի միջազգային օլիմպիադան (IPhO, 1967 թ․), Քիմիայի միջազգային օլիմպիադան (IChO, 1968 թ․) և Կենսաբանության միջազգային օլիմպիադա (IBO, 1990 թ․)։
Վերադառնալով մեր հաջողությանը՝ նշենք, որ անգլերեն լեզվի առաջին օլիմպիադան համեմատաբար ավելի երիտասարդ է և հասնում է ոչ հեռավոր 1990-ականներ։ Հենց այդ շրջանում է լայն թափ հավաքում օտար լեզուներն օլիմպիադաներով ստուգելու շարժումը, որի արդյունքներից մեկն էլ TeenEagle-ն է։ Այն նախատեսված 8–18 տարեկան աշակերտների համար և նպատակ ունի զարգացնել մասնակիցների անգլերեն լեզվական կարողությունները, քննադատական մտածողությունը, գրավոր և բանավոր ինքնարտահայտման հմտությունները միջազգային չափանիշներին համապատասխան։ Օլիմպիադան իրականացվում է աշխարհի տարբեր երկրներում և միավորում է հազարավոր աշակերտների՝ հնարավորություն տալով նրանց մասնակցել մրցույթին, համեմատել իրենց գիտելիքները միջազգային միջավայրում և ձեռք բերել միջազգային ճանաչում։
TeenEagle օլիմպիադան անցկացվում է երկու հիմնական փուլով՝ առցանց և միջազգային եզրափակիչ (Online Round and Global Finals): Նոյեմբեր-դեկտեմբերին անցկացվող ստուգատեսի եզրափակիչը, որը սովորաբար անցկացվում է Դուբայում, Լոնդոնում կամ Նյու Յորքում, համատեղում է կրթական մրցակցությունը, մշակութային փոխանակումը և միջազգային հաղորդակցությունը։
TeenEagle 2025-2026-ի առաջին փուլն արդեն իրականություն է, իսկ ասել, որ այս օլիմպիադայում մենք հաջողել ենք, կնշանակի ոչինչ չասել․ ներկայանալով շուրջ 15 մասնակիցներով՝ «Ուսում» դպրոցի սաները կարողացել են ապահովել 2 ոսկե, 4 արծաթե, 3 բրոնզե մեդալ և պատվավոր մասնակցության հավաստագրեր։ Հավելենք նաև, որ ուսումցիներն իրենց արժանապատիվ ու պատվով են դրսևորել օլիմպիադայի բոլոր երեք տարիքային շրջանակներում։