Ժամանակակից աշխարհում բազմակողմանի զարգացման համար հարկ է ընդունել այն իրողությունը, որ կրթությունը չի սահմանափակվում միայն դասասենյակով։ Գիտակից քաղաքացու և հայրենիքի հանդեպ պատասխանատվությամբ լցված անհատի ձևավորման համար նման հնարավորություն են ընձեռում Հայաստանի մարզեր իրականացվող ճանաչողական այցերը, որոնք միշտ եղել են «Ուսում» դպրոցի որդեգրած կրթադաստիարակչական աշխատանքների շարքում և տարեցտարի ընդլայնում են իրենց աշխարհագրությունը։
Այցելությունների ուղղությունների մշակման պատասխանատու, մասնագիտացված կրթական աջակցությունների համակարգող Լիլիթ Սուջոյանի խոսքով՝ նման այցելությունները նպաստում են ոչ միայն աշակերտի գիտելիքների ընդլայնմանը, այլև հայրենաճանաչության, ազգային ինքնագիտակցության և քաղաքացիական պատասխանատվության ձևավորմանը։ usumschool.am-ի հետ զրույցում Լ․ Սուջոյանը պակաս կարևոր չհամարեց նաև ճանապարհորդությունների ընթացքում աշակերտների մոտ ձևավորվող նոր փորձառությունները, հաղորդակցման և համագործակցության հմտությունների զարգացումը և տեսական գիտելիքների կապը իրական կյանքի հետ։
Այս նպատակով «Ուսում» դպրոցի աշակերտների ամենահեռավոր հասցեն Հայաստանի հարավային դարպասն էր՝ լեռնոտ ու վեհ Սյունիքը։ Նժդեհաշունչ Սյունիքում ուսումցիները մասնակցեցին ճանաչողական քաղաքային տուրի Գորիսում՝ բացահայտելով Հայաստանի հարավային դարպասի պատմամշակութային հարուստ ժառանգությունն ու բնական գեղեցկությունը։ Պատմության և հասարակագիտության ուսուցչուհի Վ․ Գալստյանի համոզմամբ՝ արագ կառուցապատվող Հայաստանում Գորիսն իսկապես առանձնանում է իր յուրահատուկ ճարտարապետությամբ, պատմական միջավայրով և գեղատեսիլ բնությանը ձուլված կոլորիտային կառույցներով։ Ուսուցչուհու խոսքով յուրաքանչյուր հայ պիտի վայելի այս քաղաքում քայլելու խաղաղությունն ու բերկրանքը, քաղաք, որը հայտնի է իր պահպանված պատմական թաղամասերով, քարաշեն կառույցներով և մշակութային հարուստ անցյալով, ինչը այն դարձնում է Սյունիքի կարևորագույն քաղաքներից մեկը։
Այցի կարևոր կանգառներից էին հերոսական Խնձորեսկը, Տաթևի վանական համալիրը, որը դարեր շարունակ եղել է Սյունիքի հոգևոր, կրթական և մշակութային կենտրոններից մեկը։ Աշակերտները, ովքեր առաջին անգամ չէին մասնավորապես Տաթևի վանքում, կարծում են, որ Որոտանի կիրճի եզրին կանգնած վանքը ոչ միայն պատմական արժեք ունի, այլև իր շրջակա բնապատկերներով մեծ տպավորություն է թողնում այցելուների վրա։
Աշակերտները հիացմունքով դիտեցին նաև Շաքիի ջրվեժը՝ Սյունիքի ամենագեղեցիկ բնական տեսարժան վայրերից մեկը, որտեղ բնության ուժն ու գեղեցկությունը միահյուսվում են մեկ պատկերում։ Այս վայրերի այցելությունը հնարավորություն տվեց ոչ միայն տեսնելու Հայաստանի հարավի հայտնի խորհրդանիշները, այլև ավելի խորությամբ ճանաչելու Սյունիքի պատմությունը, մշակույթն ու բնաշխարհը։
Քարահունջում աշակերտները ծանոթացան Հայաստանի ամենահետաքրքիր և խորհրդավոր հնագիտական հուշարձաններից մեկին։ Հաճախ «հայկական Սթոունհենջ» անվամբ հայտնի այս հնավայրում նրանք հնարավորություն ունեցան տեսնելու հազարամյակների պատմություն կրող կանգուն քարերը, լսելու դրանց նշանակության և գիտական ուսումնասիրությունների մասին պատմություններ։ Այցը նպաստեց աշակերտների հետաքրքրության խորացմանը Հայաստանի հնագույն քաղաքակրթության, աստղագիտության և մշակութային ժառանգության նկատմամբ՝ դարձնելով ուսուցումը առավել կենդանի և տպավորիչ։
Երկօրյա այցելության անբաժան մասն էր նաև Սյունիքի տեղական խոհանոցի հետ ծանոթությունը, ինչի լավագույն դրսևորումը տեղացիների հետ ուսումցիների կողմից կերակուրների պատրաստումն ու համտեսն էր։
Ամփոփելով՝ նշենք, որ այցը հնարավորություն տվեց աշակերտներին տեսական գիտելիքները կապել իրական միջավայրի հետ և ավելի խորությամբ բացահայտել Սյունիքի հարուստ ժառանգությունը։