ԼՐԱՀՈՍ

Sep 29, 2025

ԱԽ հիմնադիր ժողովն ու հանձնաժողովների ձևավորումը

Աշակերտական խորհրդի դասարանական անդամների ընտրություններ, նախագահի թեկնածուների առաջադրում և քարոզարշավ, երդման արարողություն և հիմնադիր ժողով․ սեպտեմբեր ամիսն ավանդաբար ընկալվում է որպես աշակերտական խորհրդի ձևավորման ժամանակահատված։

Եվ ահա սեպտեմբերի 23-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքում 6-12-րդ դասարաններում սովորող 392 ուսումցիներից 359-ը մասնակցեցին Աշակերտական խորհրդի նախագահի ընտրությանը, իսկ նրանց 78․3 %-ը վստահության քվե տվեց տասներորդցի Սառա Մարտիրոսյանին։

Սեպտեմբերի 29-ին էլ տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի հիմնադիր ժողովը, որտեղ ելույթի խոսքով և նախորդ տարվա ընթացքում կատարված աշխատանքների համառոտ հաշվետվությամբ հանդես եկավ կառույցում 2023-2025 թթ․ նախագահած Արևիկ Քոսյանը։ Վերջինս իր ելույթում կարևորեց թիմային աշխատանքի դերը և նշեց, որ հաջողության հասնելու լավագույն ճանապարհն անցնում է ակտիվ և երբեմն իրարամերժ քննարկումների միջով, և որ այդպիսի քննարկումներից վախենալ պետք չէ։ Հաջողություն մաղթելով նորընտիր նախագահին՝ Ա․ Քոսյանը նշեց, որ նախորդ տարիներին համատեղ կատարված աշխատանքն իրեն տալիս է իրավունք պնդելու, որ Սառա Մարտիրոսյանը հաջողելու է իր նոր պաշտոնում։

Սառա Մարտիրոսյանն էլ իր ի պաշտոնե առաջին ելույթում կարևորեց այն, որ իր նախորդներից ժառանգություն է ստացել կառույց, որն ունի իրավունքների և հնարավորությունների վրա կառուցված կանոնադրություն, ուստի վստահ է, որ յուրաքանչյուր աշխորհրդական և առաջին հերթին հենց նորեկները ունենալու են աշակերտության իրավունքների և հնարավորությունների բացահայտման ու շարունակական իրացման հնարավորություն, ինչպես նախկինում։

Հիմնադիր նիստի ընթացքում ավարտին հասցվեց աշխորհրդականների բաշխումը հանձնաժողովներում, ինչպես նաև ղեկավար կազմի ընտրությունը։ Քառասունչորս աշխորհրդականները տեղաբաշխվեցին հինգ հանձնաժողովներում՝ կրթամշակութային (ղեկավար՝ Աննա Գալստյան, 10-րդ դասարան), իրավակարգապահական (ղեկավար՝ Եվա Հայրապետյան, 9-րդ դասարան), սպորտի (ղեկավար՝ Մարիամ Ասատրյան, 8-րդ դասարան), լրատվական (ղեկավարի ընտրությունը կկայանա առաջիկայում) և արտաքին կապերի (ղեկավար՝ Սուսաննա Մինասյան, 8-րդ դասարան)։

Անդրադառնալով ԱԽ ղեկավար կազմին՝ նշենք, որ այս ուսումնական տարում ևս կառույցի աշխատանքները կհամակարգվեն երեք փոխնախագահների միջոցով։ Հրաչյա Քոչար 29 հասցեում տեղակայված մասնաշենքում փոխնախագահի պարտականությունները կիրականացնի տասնմեկերորդցի Նարեկ Խաչատրյանը, Վարշավյան 45 հասցեում՝ ութերորդ դասարանի աշակերտուհի Սոնա Խաչատրյանը, Ազատության 2-րդ նրբանցք, թիվ 9 հասցեում՝ ԱԽ-ի գործող փոխնախագահ Էմմա Սարգսյանը։