Մշակութային անցուդարձ

Mar 17, 2026

Անծանոթ Սպիտակաձյունիկն ու գիտելիքի ճանապարհը


Դարեր շարունակ մարդկության առաջընթացի հիմքում եղել է կրթությունը։ Դեռևս հինգերորդ դարում Մեսրոպ Մաշտոցի կողմից հայոց այբուբեն ստեղծումը զուտ մշակութային իրադարձություն չէր․այն բացեց գիտելիքի դռները՝ հիմք դնելով ազգային ինքնության պահպանմանը։ Հայոց այբուբենը դարձավ ոչ միայն հաղորդակցման միջոց, այլև հավատքի և պետականության հենասյուն։
Միջնադարյան հայկական դպրոցներում կրթությունը համարվում էր լույսի աղբյուր, իսկ գրագետ մարդը՝ ուժեղ ու ազատ։ Այդ գաղափարը դարերով փոխանցվել է սերունդներին՝ վերածվելով արժեքային համակարգի կարևոր մասի։ Կրթության և լույսի համեմատությունը հասարակական կյանքից ու հրապարակախոսությունից հասել է անգամ պետական կառավարման համակարգ ու արտացոլվել անգամ գերատեսչությունների անվանումներում։ Գաղտնիք չէ, որ Հայաստանի առաջին հանրապետության և Խորհրդային Հայաստանի շրջաններում կրթության նախարարությունները կոչվել են լուսավորության նախարարություն կամ լուսավորության ժողկոմատ։ 

Այսօր, երբ աշխարհը զարգանում է աննախադեպ արագությամբ, կրթության դերը առավել քան երբևէ կարևոր է։ Սակայն արդիական մարտահրավերների պայմաններում առաջ է գալիս մեկ այլ կարևոր հարց՝ արդյո՞ք միայն գիտելիքն է բավարար, թե՞ անհրաժեշտ է նաև միասնություն, համագործակցություն և փոխաջակցություն։

Այս հարցերի պատասխաններն էր փորձում բացահայտել «Սպիտակաձյունիկն ու յոթ թզուկները․ նոր խոսք» բեմադրությունը՝ ներկայացնելով դասական հեքիաթի ժամանակակից և խորքային մեկնաբանություն։ Այն ներկայացնում էր բոլորիս հայտնի հեքիաթը նոր գաղափարական շեշտադրումներով։ Այստեղ Սպիտակաձյունիկը պարզապես գեղեցիկ արքայադուստր չէր։ Նա սովորել սիրող, գիտելիքի արժեքը գիտակցող երեխա էր, ով պատրաստ էր հաղթահարել դժվարություններ իր նպատակին հասնելու համար։

Եթե համեմատենք կրտսեր ուսումցիների կերտած սյուժեն դասական հեքիաթի հետ, որը մեզ հասել է Գրիմ եղբայրների մշակմամբ, տարբերությունն ակնհայտ է։ Դասական տարբերակում Սպիտակաձյունիկի կերպարը հիմնականում պասիվ է․ նա փախչում է չար թագուհուց, ապաստանում թզուկների մոտ և վերջապես փրկվում արքայազնի շնորհիվ։ Հեքիաթի առանցքային գաղափարներն այնտեղ գեղեցկության, նախանձի և բարու հաղթանակի մասին են։

Իսկ ուսումցիների երևակայական հեքիաթում Սպիտակաձյունիկը դառնում է ակտիվ գործող հերոս։ Նա ինքն է գնում անտառ, ինքն է պայքարում, ինքն է գտնում լուծումը՝ տառերը արթնացնելու միջոցով։ Այստեղ կենտրոնում ոչ թե արտաքին գեղեցկությունն է, այլ գիտելիքը, սովորելու ցանկությունն ու մտքի հմայքը։ Թագուհին նույնպես այլ կերպ էր ներկայացված․ նա ոչ միայն չար է, այլ նաև վախեցած ուրիշների իմաստությունից, ով ի վերջո կարողանում է գիտակցել իր սխալը։

Հեքիաթի ամենահետաքրքիր հատվածներից մեկը տառերի «կենդանացումն» էր։ Տառերը ներկայացվում էին որպես գաղափարներ, արժեքներ և մարդկային հատկանիշներ։ Յուրաքանչյուր տառ մարմնավորում էր որևէ վսեմ արժեք՝ Մայր, Միասնականություն, Սեր, Նպատակ, Ներուժ, Թռիչք, Յուրահատկություն, իսկ Ա, Ի, Ու ձայնավորները լրացնում էին ամբողջությունը՝ դարձնելով խոսքը իմաստալից ու կազմավորելով հաղթանակների հենքը՝ միասնությունը։

Բեմադրության առանցքային ուղերձն այն էր, որ տառերը առանձին ոչինչ չեն, բայց միասին ստեղծում են իմաստ, ինչպես մարդիկ՝ առանձին թույլ, բայց միասին՝ անպարտելի են։ Սպիտակաձյունիկը և թզուկները կարողանում են հաղթել չարին ոչ թե կախարդանքով, այլ համատեղ աշխատանքի, հավատքի և գիտելիքի հանդեպ սիրո շնորհիվ։

Հետաքրքիր էր փոքրիկների կերտած չար թագուհու կերպարի վերափոխումը։ Ի տարբերություն դասական տարբերակի՝ այստեղ նա չի կործանվում, այլ հասնում է ինքնագիտակցության։ Նա հասկանում է, որ իրական իմաստությունը ոչ թե ուրիշներին արգելելն է, այլ սովորելու ճանապարհ ցույց տալը։ Այս մոտեցումը կարևոր դաստիարակչական նշանակություն ունի՝ ցույց տալով, որ փոփոխությունը հնարավոր է յուրաքանչյուրի համար։

Բեմադրությունը հստակ ձևակերպում է իր գլխավոր ուղերձը՝ սովորելը լույս է, միասնությունը՝ ուժ, գիտելիքը՝ ազատություն։ Այս երեք արժեքների համադրությունը ստեղծում է այն «կախարդանքը», որն ի վերջո հաղթում է չարին։