Մշակութային անցուդարձ

Dec 17, 2025

Լռությունս խեղճություն չհամարե՛ք կամ երրորդցիների պատգամը

Բոլորիս է հայտնի աշխարհի արարման սուրբգրային պատումը, թե ինչպես Աստված վեց օրերի ընթացքում ստեղծեց ողջ երկինքն ու երկիրը: Այնտեղ ասվում է, որ ամեն ինչ սկիզբ ունի, բայց Աստված անսկիզբ է, ինքնաբավ է ու երանելի: Մարդկությունը, ազգություններն ու անհատները տարբեր կերպ են մեկնաբանել արարչագործությունն ու իրենց կապն արարչագործության հետ, բայց, թերևս, մեր՝ հայերիս, մեկնաբանությունն ավելին է, քան առասպելը, պատումը կամ սոսկ երևակայությունը։

Հայ ժողովրդի ծագմանն առնչվող ավանդազրույցներն էլ տարբեր են՝ արժանահավատից մինչև հորինված, հոգևոր-մշակութայինից մինչև քաղաքական։ Ուշագրավ է, որ մեր ժողովրդի ծագման վերաբերյալ ավանդազրույցները պահպանվել են ոչ միայն տեղական գրավոր տեքստերում կամ ժողովրդական բանահյուսության գոհարներում։ Մեզ գովերգել են ու իրենց ծագման ավանդազրույցներում հիշատակել այնպիսի ժողովուրդներ, ինչպիսիք են հրեաները, վրացիները, արաբները, պատմության թատերաբեմից հեռացած շումերները և այլն։ Բայց այս բոլոր պատումներում կարմիր թելի պես անցնում է մեր բնիկության, Աստծո ընտրյալ ժողովուրդը լինելու, արարչագործության հետ անմիջական կապի ու մեր ժողովրդի հարատևության գաղափարը։

Հենց այդ հարատևությանն էր նվիրված երրորդցիների հերթական բեմադրությունը, որն սկսվում էր արարչագործության խորհրդանշական պատկերով ու Աստծո կողմից լույսի ստեղծմամբ, ապա տեղափոխվում Հայկական բարձրավանդակ, որտեղ, ըստ ավանդության, պիտի ծնվեր հայ ժողովուրդը՝ քարե համբերությամբ, արթուն մտքով և ստեղծարար հոգով։ Միջոցառման սկզբում հետաքրքրական էր քարի առանձնահատուկ պաշտամունքի դրվագը, որտեղ քարը ներկայացվում էր ոչ միայն որպես նյութ, այլ որպես ճակատագիր, մշակույթ և դիմադրության ներուժ։

Լեռնապար, բանաստեղծական պատկերներ, սիմվոլիկ երկխոսություններ, մշակութային տպավորիչ հանդերձանքներ, որոնք բացահայտում էին հայ մարդու և քարի դարավոր կապը։ Քարը բեմում վերածվում էր վանքի, խաչքարի, մատյանի, երգի ու աղոթքի։

Բեմադրության առանցքային գիծը հոր ու որդու երկխոսությունն էր, որի միջոցով հանդիսատեսը ճամփորդում էր պատմական Հայաստանից դեպի մերօրյա Հայաստանի ինքնատիպ մարզեր՝ Սյունիքից մինչև Գեղարքունիք, Արարատից մինչև Շիրակ։ Յուրաքանչյուր կանգառն առանձնանում էր իր կոլորիտով, բարբառով ու կենսափիլիսոփայությամբ՝ ներկայացնելով հայի աշխատասիրությունը, հյուրընկալությունը, հավատը և անսպառ կամքը։

Կրտսեր ուսումցիները բեմում կենդանացրել էին Սյունիքը Զանգեզուր անվան մասին ժողովրդական պատմություններով, Գեղարքունիքը՝ Սևանի կապույտի ու խաչքարերի պաշտպանական ուժի մասին լեգենդով, իսկ Շիրակը՝ կենդանացած Պոլոզ Մուկուչով, գյումրեցու սուր հումորով ու կյանքին անպարտ աչքերով նայելու հաղթող ոգով։

Միջոցառման գաղափարական գագաթնակետը եզրափակիչ հատվածն էր, որտեղ երեխաների շուրթերից հնչեց այն միտքը, որ հայրենիքը բառերով սիրվող կամ հեռվից կարոտվող տարածք չէ, այլ գործով պահվող, ամեն օր նվաճվող արժեք է։ Ուսումցիները վստահ են, որ հայի լռությունն ու համբերությունը թուլություն չեն, այլ այս հողին կառչած պողպատե ամրություն։

Ըստ էության՝ «Լռությունս խեղճություն չհամարեք» բեմադրությունը ճանապարհորդություն էր մեր ժողովրդի պատմության քառուղիներով ու վկայություն, որ տարիքը կարևոր չէ, երբ հայն ունի մեծ գաղափարները բարձրաձայնելու, հայրենիքի, հիշողության ու ինքնության մասին նորից ու նորից խոսելու նպատակ։