Մշակութային անցուդարձ

Sep 01, 2025

Դպրության օրն «Ուսում» դպրոցում

Ինչպես ցանկացած տոն կամ հիշատակի օր, այնպես էլ Դպրության օրն ունի իր նախապատմությունը։

Ինչպե՞ս և ե՞րբ սեպտեմբերի 1-ը դարձավ համընդհանուր տոն։ Այսպես, մինչև 1930-ականները ուսումնական տարին տարբեր երկրներում և նույնիսկ Խորհրդային Միության տարբեր շրջաններում սկսվում էր տարբեր ամսաթվերով՝ կախված տեղական պայմաններից (գյուղատնտեսական աշխատանքներից, եղանակից և այլն)։

1930թ. Խորհրդային Միությունում ընդունվեց որոշում, ըստ որի՝ բոլոր դպրոցներում ուսումնական տարին պետք է սկսվի սեպտեմբերի 1-ին։ Մինչ այդ միութենական տարբեր հանրապետություններում և երկրամասերում դասերը կարող էին սկսվել տարբեր ժամանակաշրջաններում։

1984 թվականին Խորհրդային Միության օրենսդիր մարմնի կողմից սեպտեմբերի 1-ը պաշտոնապես հռչակվեց որպես Գիտելիքի օր։ Այդ օրվանից այն դարձավ ոչ միայն ուսումնական տարվա մեկնարկ, այլև տոնական օր՝ նվիրված կրթությանը, գիտությանը և ուսուցիչների ու աշակերտների միասնական աշխատանքին։

Խորհրդային Միության փլուզումից հետո, սակայն, շատ երկրներում այդ ավանդույթը պահպանվեց։ Հայաստանում ևս սեպտեմբերի 1-ը համարվում է Գիտելիքի և դպրության օր, և այն տոնվում է պետական մակարդակով։

Գիտելիքի օրը ավանդաբար նշվում է դպրոցներում և բուհերում տոնական միջոցառումներով, առաջին զանգի արարողությամբ, շնորհավորանքներով և մաղթանքի խոսքերով։ Այս տարի «Ուսում» դպրոցն ընդունեց իր 29-րդ սերնդին։ Ուսումցու կարգավիճակ ստացան և իրենց դաստիարակության գործն «Ուսում»-ին վստահեցին 108 փոքրիկներ․ վեց դասարան, 108 երազանք ու դեպի երազանք տանող մեկ հավատամք՝ երկու համանունով՝ ուսում և «Ուսում»։

Բեմական միջոցառման և դիմավորման պաշտոնական արարողության ընթացքում դպրոցի փոխտնօրեն Ա․ Սմբատյանը նշեց, որ այս
դպրոցը վստահաբար աշակերտների համար դառնալու է ոչ միայն ուսման վայր, այլև ընկերության, վստահության և առարկայական երազանքների տուն։ 

Ինչպես իր շնորհավորական ուղերձում նշեց դպրոցի տնօրեն Ս․ Թամարյանը՝ օրվա հիմնական հերոսները հենց առաջին դասարանցիներն են, որովհետև իրենք բացի նոր ուսումնական տարի սկսելուց՝ այսուհետ կարգվում են ուսումցիներ, որը ոչ միայն կոչում է, այլև պատասխանատվություն։ 
«Լինել ուսումցի, նշանակում է լինել պատասխանատու միմյանց համար, որովհետև «Ուսում»-ն ընտանիք է», - եզրափակեց տնօրեն Ս․ Թամարյանը։