Ուսումնական անցուդարձ

Jun 27, 2026

Հունիսի 27-ը՝ դպրոցաշինության կարևոր հանգրվան

 

Կան տարեթվեր, որոնք պարզապես նշում են ժամանակի ընթացքը, և կան տարեթվեր, որոնք պատմում են ստեղծագործ աշխատանքի, նվիրումի ու ձեռքբերումների մասին։ 29 տարի առաջ՝ հենց այս օրը, ՀՀ ԿԳ նախարարի համար 125-Մ հրամանով «Ուսում» դպրոցն ստացավ հանրակրթություն իրականացնելու թիվ-26 արտոնագիրը ու սկսեց իր վստահ ուղին հայաստանյան դպրոցաշինության ասպարեզում։

29 տարվա ընթացքում «Ուսումը» դարձել է ոչ միայն գիտելիքի փոխանցման, այլև արժեքների, մտածողության, ստեղծարարության ու պատասխանատվության ձևավորման կրթական միջավայր։ Դպրոցի պատմությունը կերտվել է հազարավոր աշակերտների հաջողություններով, ուսուցիչների մասնագիտական նվիրումով, ծնողների վստահությամբ և մի մեծ ընտանիքի համատեղ աշխատանքով։

Այս տարիների ընթացքում դպրոցը շարունակաբար զարգացել է՝ համադրելով կրթության լավագույն ավանդույթներն ու ժամանակակից մոտեցումները։ Դասավանդման նորարարական մեթոդները, նախագծային ուսուցումը, օտար լեզուների խորացված ուսումնասիրությունը, մշակութային և մարզական նախաձեռնությունները դարձել են կրթական գործընթացի անբաժանելի մասը։

«Ուսում» դպրոցի համար կրթությունը երբեք չի սահմանափակվել դասասենյակով։ Ճանաչողական այցերը Հայաստանի տարբեր մարզեր, նորարարական ծրագրերը, մրցույթներն ու օլիմպիադաները, կամավորական նախաձեռնությունները, մշակութային միջոցառումներն ու հասարակական նախագծերը նպաստել են, որպեսզի աշակերտները ձևավորվեն որպես լայն աշխարհայացքով, նախաձեռնող և պատասխանատու քաղաքացիներ։

«Ուսում» դպրոցի կրթական հաջողությունները տարիների ընթացքում բազմիցս հաստատվել են նաև հանրապետական մրցույթներում և կրթական նախաձեռնություններում ունեցած նշանակալի ձեռքբերումներով։ Դրանցից առանձնահատուկ տեղ է զբաղեցնում շախմատի հանրապետական առաջնությունը, որտեղ դպրոցի թիմը տարբեր տարիներին ինը անգամ դարձել է մրցանակակիր՝ զբաղեցնելով առաջինից երրորդ հորիզոնականները։ Այս արդյունքները վկայում են, որ դպրոցում մեծ ուշադրություն է դարձվում ոչ միայն ակադեմիական կրթությանը, այլև տրամաբանական մտածողության, ռազմավարական հմտությունների և թիմային աշխատանքի զարգացմանը։

Կրթական նորարարությունների ներդրման գործում ևս «Ուսում» դպրոցը եղել է ոլորտի առաջատարներից։ Դեռևս 2021 թվականից, երբ նախագծային ուսուցումը Հայաստանում դեռևս չէր դարձել հանրակրթության պարտադիր բաղադրիչ, դպրոցն այն հաջողությամբ ներդրեց որպես ուսումնական գործընթացի անբաժանելի մաս՝ ընդգրկելով 5–12-րդ դասարանների բոլոր աշակերտներին։ Այս մոտեցումը հնարավորություն տվեց զարգացնել սովորողների հետազոտական, ստեղծագործական, համագործակցային և խնդիրների լուծման կարողությունները՝ կրթությունը դարձնելով առավել գործնական և ժամանակակից։

Շարունակելով կրթության որակի բարձրացմանն ուղղված իր քաղաքականությունը՝ 2023–2024 ուսումնական տարվանից «Ուսում» դպրոցն ամբողջությամբ անցում կատարեց կրթական գործընթացի կազմակերպմանը՝ հիմնված հանրակրթության առարկայական նոր չափորոշիչների վրա։ Այս փոփոխությունը ևս մեկ անգամ ընդգծեց դպրոցի պատրաստակամությունը՝ համընթաց լինելու կրթական բարեփոխումներին և ապահովելու ժամանակակից, մրցունակ ու որակյալ կրթություն իր յուրաքանչյուր աշակերտի համար։ 

Ամփոփելով նշենք, որ դպրոցի համոզմունքն է, որ այդ ճանապարհը շարունակվելու է նույն պատասխանատվությամբ, նույն սկզբունքայնությամբ և նույն համոզմամբ, որ կրթությունը հասարակության զարգացման ամենահուսալի հիմքն է։