Մշակութային անցուդարձ

Dec 20, 2025

Սառայի, Տիգրանի ու աշխարհի մանուկների Ամանորը

Ի վերջո ո՞րն է ավելի հաճելի՝ նվիրե՞լը, թե՞ նվեր ստանալը։ Սխալված չենք լինի, եթե ասենք, որ սա այն հավերժ հարցերից է, ինչպիսին է շեքսպիրյան լինել-չլինելու բանավեճը։ Իսկ հարցի պատասխանը վստահաբար ստացան շուրջ երեք հարյուր հյուրերը, ովքեր ականատեսն էին վեցերորդցիների սուրբծննդյան ներկայացմանը՝ բարության, սիրո և նվիրելու մասին։

Տոնական երաժշտությամբ, գունեղ պարերով ու տոնածառի լույսերի ներքո մեր բեմում կյանք էր առել իսկական ամանորյա հեքիաթը։ Վեցերորդ դասարանի աշակերտների պատրաստած բեմադրությունը հանդիսատեսին տանում էր մի ճանապարհորդության, որտեղ տարեմուտի հրաշքը ծնվում էր ոչ թե ստանալուց, այլ՝ տալուց։

Տոնածառի խորհրդանշական զարդարմամբ և երեխաների անմիջական զրույցներով սկսվող միջոցառումն իր տարբեր արարներով ի վերջո բացահայտեց պատմության գլխավոր գաղափարը․ փոքրիկ, բայց անկեղծ բարի գործը կարող է դառնալ իրական հրաշք։ Հերոսներից Տիգրանի պատրաստած նվերի շուրջ ծավալվող պատմությունը վերածվեց մեծ ուղերձի՝ հիշեցնելով, որ աշխարհում կան երեխաներ, ովքեր հատկապես տոներին կարիք ունեն ջերմության ու ուշադրության, և որ այդ անարդարությունը վերացնելու առաքելություն ունենք յուրաքանչյուրս։

Մերօրյա կիսաառասպելական փերիների օգնությամբ հավատը կորցրած մանուկների հրաշքի վերաիմաստավորումը այս ներկայացման միակ առավելությունը չէր․ սոցիալական հեգնանքը ու մեղմ հումորը օգնում էին ավելի պատկերավոր դարձնել ուսումցիների ասելիքը։

Անսովոր ճանապարհորդություն հիշեցնող մյուզիքլը, որտեղ ճախրել հնարավոր էր անգամ երևակայական ավտոբուսով, համեմված էր ամանորյա դասական դարձած ու նոր երգերով, պարերով ու շատ խորհրդավոր բեմական զարդարանքով։

Ներկայացման հերոսուհի Սառայի կերպարի միջոցով վեցերորդցիները ցույց տվեցին մի շատ կարևոր ճշմարտություն․ երբ այս պահին քո ներսում ուրախություն չկա, դա դեռ չի նշանակում, որ դու չես կարող ուրախություն պատճառել դիմացինին։ Հենց այդ հավատամքով էլ Սառայի որոշումը՝ միանալ բարի գործ անող երեխաներին, իր մեջ ամփոփեց մյուզիքլի ողջ ասելիքը։

Միջոցառման ավարտին փոքրիկ ուսումցիներն իրենցից ավելի փոքրերին դիմեցին պարզ ու դիպուկ պատգամներով՝ լինել բարի, չդադարել հավատալ ու միշտ վառել դիմացինի հոգում առկա լույսը, միշտ բարին մաղթել, իսկ երբ խոսքեր չկան, գրկել ու հասկանալ, որ գրկելն էլ է մաղթանք՝ առանց բառերի։

Այս բեմադրությունը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ մեր վեցերորդցիները կարողանում են ոչ միայն կերպարներ կերտել, այլ նաև փոխանցել արժեքներ, մտածել մեծ գաղափարների մասին և հանդիսատեսին հիշեցնել ամենակարևորը, որ աշխարհում Ամանորի գիշերը փակ դռներ, կարոտած սրտեր ու անհաշտ հոգիներ չպիտի լինեն։