Մշակութային անցուդարձ

May 29, 2026

Ամենաաշակերտական ու ամենադեմոկրատական «Հաշվետու 2026»-ը

«Ուսում» դպրոցում կայացավ ավանդական ավարտական միջոցառումը՝ «Հաշվետու 2026»-ը, որի շրջանակներում ամփոփվեցին 2025-2026 ուսումնական տարվա կարևոր ձեռքբերումները, կրթական ու մշակութային նախաձեռնությունները, ինչպես նաև դպրոցի ներքին և արտաքին գործունեության արդյունքները։

Միջոցառման մեկնարկը տրվեց ավարտական միջոցառումների լեգենդ դարձած հինգերորդցի Արամ Նահապետյանի և երրորդ դասարանի աշակերտ Տիգրան Հովհաննիսյանի հումորային ստեղծագործական բեմականացմամբ, որն անդրադառնում էր սերնդափոխության, համագործակցության և փոխըմբռնման գաղափարներին։ Այնուհետև դպրոցի երգչախմբի կատարմամբ հնչեց դպրոցի հիմնը՝ ազդարարելով միջոցառման պաշտոնական բացումը։

Բացման խոսքով հանդես եկավ դպրոցի տնօրեն Ս. Թամարյանը՝ ընդգծելով կրթության առանցքային դերը ժամանակակից հասարակության ձևավորման գործընթացում։ Իր խոսքում տնօրենն անդրադարձավ այն հիմնարար արժեքներին, որոնք դպրոցն առաջնային է համարում կրթադաստիարակչական գործունեության ընթացքում՝ պատասխանատվություն, ազնվություն, մարդասիրություն, հայրենասիրություն և համամարդկային արժեքների նկատմամբ հարգանք։

Ամենաաշակերտականի որակումն ստացած այս միջոցառումն այն եզակիներից, որտեղ բեմին միայն աշակերտներն էին՝ 8 աննկարագրելի ներդաշնակ հաղորդավարներ, ովքեր միջոցառման ընթացքում ներկայացրին անցնող ուսումնական տարվա ընթացքում իրականացված կրթական, մշակութային և դաստիարակչական ծրագրերը։ Նշվեց, որ «Ուսում» դպրոցը դարձել է London Eye միջազգային ուսումնական կենտրոնի գործընկերը, ինչպես նաև միացել է Hippo անգլերենի միջազգային օլիմպիադայի համայնքին՝ ստանձնելով կազմակերպիչ դպրոցի դերակատարում։

Ամփոփվեցին նաև աշակերտների մասնակցությունները տարբեր կրթական և հասարակական նախաձեռնություններին, այդ թվում՝ Բանավեճի հանրապետական առաջնությանը, ԵՊՀ Տնտեսագիտական դպրոցի ծրագրերին, «Իմ ձայնը՝ հանուն ապահով և անվտանգ դպրոցի» աշակերտական համաժողովին, ինչպես նաև մի շարք մրցույթների և փառատոների։

Իրենց ելույթներում հաղորդավարները անդրադարձան ուսումնական տարվա ընթացքում դպրոցի երեք մասնաշենքերում իրականացված 35 թեմատիկ միջոցառումներին, կազմակերպված ավելի քան 300 կրթաճանաչողական և մշակութային էքսկուրսիաներին, ինչպես նաև ակտիվ համագործակցությանը մշակութային և կրթական հաստատությունների հետ, թանգարանային ծրագրերին, ներկայացումներին, վարպետության դասերին և տարբեր կրթական նախագծերի։

Միջոցառման ընթացքում առանձնահատուկ անդրադարձ կատարվեց նաև աշակերտական ինքնավարության գործունեությանը։ Ներկայացվեցին Աշակերտական խորհրդի նախաձեռնած կրթամշակութային, սոցիալական և ինտելեկտուալ ծրագրերը, որոնց նպատակն էր խթանել աշակերտների ակտիվ մասնակցությունը դպրոցական կյանքին և ձևավորել պատասխանատու ու նախաձեռնող սերունդ։

Առաջին անգամ իրականացվեց նաև «Ամենաուսումցի» անվանակարգում ուսուցիչների պարգևատրումը, որի արդյունքում ուսումցիների փակ քվեարկությամբ արդեն իսկ ընտրվել էին տարվա ամենաբարի, ամենախիստ, ամենանորարար, ամենահամբերատար, ամենաոգեշնչող և ամենապոզիտիվ ուսուցիչները։ Շնորհակալագրեր հանձնվեցին նաև Աշակերտական խորհրդի բարեկամ ուսուցիչներին և տարվա ընթացքում տարբեր նախաձեռնություններում ակտիվ ներգրավված անձանց։

Գեղարվեստական հատվածում ներկայացվեցին երաժշտական և պարային հինգ համարներ, ինչպես նաև դպրոցի երգչախմբի կատարմամբ հնչեց «Մայրիկ» ստեղծագործությունը, որը պատրաստվել էր հատուկ «Հաշվետու միջոցառում 2026»-ի համար։

Միջոցառման կարևորագույն հատվածներից մեկը աշակերտների ձեռքբերումների գնահատումն ու պարգևատրումն էր։ Պարգևատրվեցին ներդպրոցական, մարզային և հանրապետական առարկայական օլիմպիադաների հաղթողները, գիտական և ստեղծագործական մրցույթներում հաջողություններ արձանագրած աշակերտները, ինչպես նաև սպորտային մրցաշարերում բարձր արդյունքներ գրանցած ուսումցիները։

Հատուկ պատվոգրերով ու շնորհակալագրերով արժևորվեցին նաև ոսկե մեդալակիրները, «Արժանապատիվ ուսումցի» կոչմանն արժանացած ԱԽ նախագահ Սառա Մարտիրոսյանը և փոխնախագահ Աննա Գալստյանը, ինչպես նաև կրթական գործընթացում նշանակալի ներդրում ունեցած ուսուցիչները։

Միջոցառումն ավարտվեց դպրոցի հիմներգի կրկներգով և 12-րդ դասարանի աշակերտների ներկայացրած Սասնա քոչարիով՝ խորհրդանշելով ազգային արժեքների պահպանման, սերունդների շարունակականության և միասնականության գաղափարը։

«Հաշվետու միջոցառում 2026»-ը դարձավ ոչ միայն ուսումնական տարվա ամփոփում, այլև դպրոցի կրթական առաքելության, ձևավորված արժեքային համակարգի և համախմբված համայնքի գործունեության և նորարար գաղափարների մեկտեղման հերթական կարևոր վկայությունը։