Ռենձյուն կամ «ճապոնական շաշկին» բավական տարածված է հատկապես հետխորհրդային երկրներում և Արևելյան Եվրոպայում, չնայած համաշխարհային սպորտային ֆեդերացիաների կողմից մինչ օրս մարզաձևի կանոնավոր մրցաշարեր չեն անցկացվում, ինչպես, օրինակ, ռուսական կամ միջազգային շաշկու դեպքում է։
Հուլիսի 6-ին Երևանը հյուրընկալեց Ռենձյուի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը, որում մեր երկրի արձանագրած արդյունքներն իրոք աննախադեպ էին։ Տարբեր տարիքային խմբերում և ժամակարգերում հայ պատանիներն ու աղջիկները նվաճել են 11 մեդալ։
Պատվով նշում ենք, որ մեր երկրի արձանագրած նմանօրինակ արդյունքներում իր մասնաբաժինն ունեցան նաև «Ուսում» հանրակրթական դպրոցի երեք սաները՝ Տաթև Հարությունյանը, Վիկտորյա Ավագյանը և Ալեքս Համբարձումյանը։ Առանձնահատուկ ուշադրության է արժանի Տաթև Հարությունյանի նվաճումը, ով մինչև ինը տարեկանների տարիքային խմբում արժանացավ Եվրոպայի չեմպիոնուհու կոչման։
Մեր թիմի համար ոչ պակաս կարևոր երկու բրոնզե մեդալ էլ նվաճեց մինչև տասներկու տարեկանների տարիքային խմբում ռապիդ և հիմնական ժամակարգերով հանդես եկող Վիկտորյա Ավագյանը:
Հարկ է նշել, որ նշված մարզաձևի ասպարեզում Հայաստանը այսպիսի հաջողություններ դեռևս չի ունեցել, ահա թե ինչու դրանք ինչ-որ իմաստով կարելի է համարել աննախադեպ և պատմական։
Հավելենք նաև, որ մեր երկու մրցանակակիրները (մարզիչ՝ Ն․ Ալավերդյան) հանդիսանում են նաև «64-շաշկու» Հայաստանի գործող չեմպիոններ։