«Ուսում» հանրակրթական դպրոցի «Գիտակից ծնողավարում» հարթակն ընդլայնում է իր հանդիպումների լսարանն ու աշխարհագրությունը։ Երկու հաջողված «տնային» հանդիպումներից հետո մեր թիմն իր նորարարկան նախաձեռնությամբ ու փորձով կիսվելու տեսլականով «Այբ» դպրոցի հարկի տակ էր։ Սեմինարի նպատակն անփոփոխ էր, այն է՝ անդրադառնալ ժամանակակից ծնողավարության առանցքային ուղղություններին և ծնողներին առաջարկել գործնական, կիրառելի մոտեցումներ՝ հիմնված գիտակցված ընտրությունների և փոխադարձ համագործակցության վրա։
Սեմինարի ընթացքում բանախոսները ներկայացրին և քննարկեցին ծնողավարության մի շարք կարևոր թեմաներ՝ դրական ծնողավարում, ծնողի ինքնախնամք և հուզական հավասարակշռություն, երեխա–ծնող կայուն և արդյունավետ երկխոսություն, երեխայի ստեղծագործական մտածողության զարգացման գործիքակազմ, ինչպես նաև ուսուցիչ–դպրոց արդյունավետ համագործակցություն կրթական գործընթացում։
Արտագնա սեմինարը կազմակերպվել էր ինտերակտիվ ձևաչափով՝ ստեղծելով բաց և վստահելի միջավայր։ Սեմինարի մասնակիցները ոչ միայն ծանոթացան մասնագիտական մոտեցումներին, այլև մասնակցեցին գործնական և ինքնավերլուծական աշխատանքների՝ ստանալով հստակ խորհուրդներ, որոնք կարող են կիրառել ծնողավարության բարդ ու պատասխանատու ճանապարհին։
Միջոցառմանը մասնակիցների շրջանակն առավել քան ընդգրկուն էր։ Այն մեկ հարկի տակ էր հավաքել շուրջ 120 ծնողի, ովքեր ներգրավվել էին ուղղորդված աշխատանքների մեջ՝ վերադառնալով իրենց մանկության փորձառություններին և վերահաստատելով ծնողների դերի անփոխարինելի նշանակությունը մարդու կյանքի ողջ ընթացքում։ Ստեղծված միջավայրը նպաստեց դրական փորձի փոխանակմանը, փոխադարձ վստահության ձևավորմանը և ծնողավարական համայնքի ամրապնդմանը։
Հավելենք նաև, որ սեմինարը անցկացվում էր «Բվիկ» կրթական հիմնադրամի (հեղ․՝ Ծնողավարման հարթակի հիմնադիր Անժելա Մանասյանը նաև այս կրթական հիմնադրամի փորձագետ է։) կողմից կազմակերպված «Մարդուկ-կարդուկ» կրթական մրցույթի եզրափակիչ փուլի շրջանակներում։ Մինչ ծնողները մասնակցում էին սեմինարին, երեխաները մրցույթի եզրափակիչ փուլում իրենց ուժերն էին չափում՝ ցուցադրելով գիտելիքներ, ստեղծագործական մտածողություն և ձեռք բերած հմտություններ։ Խորհրդանշական է, որ մրցույթի եզրափակիչի և արտագնա սեմինարի միաժամանակյա կազմակերպումը ևս մեկ անգամ ընդգծեց ընտանիք–դպրոց համագործակցության կարևորությունը և կրթության գործընթացում բոլոր կողմերի ներգրավվածության անհրաժեշտությունը։
Սեմինարի ավարտին մասնակիցները միաձայն ընդգծեցին, որ գիտակից ծնողավարումը ոչ թե պարզապես ընտրություն է, այլ ժամանակակից հասարակության և կրթական միջավայրի պահանջ։