ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆԵՐ ԵՎ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

Nov 08, 2025

«Առաջին դասարան։ Միասնական սկիզբ դեպի հաջողություն» ձեռնարկի շնորհանդեսը

«Գիտակից ծնողավարում» սեմինարների շարքը շարունակում է բացահայտել ծնող լինելու արվեստը։

Նոյեմբերի 8-ին «Ուսում» դպրոցում տեղի ունեցավ «Գիտակից ծնողավարում» դասընթացաշարի հերթական սեմինարը, որն ընթացավ անկեղծության, ինքնաանդրադարձի և փոխհարաբերությունների նոր ընկալումների միջավայրում։

Հանդիպումը մեկտեղել էր ոչ միայն արդեն իսկ ծնողավարման դժվարություններին բախվող, այլև դրան պատրաստվող ապագա ծնողների, մանկավարժների և մանկավարժահոգեբանական աշխատակիցների։

Բանախոսների բացման ելույթների սկզբում կարմիր թելի պես մատնանշվում էր այն գաղափարը, որ դասընթացաշարը հարթակ է, որտեղ ծնողավարումը դիտարկվում է որպես զարգացող, գիտակցված և սրտաբաց գործընթաց՝ զերծ քննադատություններից, թիրախավորումից և անտեղի պիտակավորումներից։

Հարկ է նշել, որ սեմինարը առանձնացավ թե՛ մասնակիցների ակտիվությամբ, թե՛ կազմակերպիչների պրոֆեսիոնալ մոտեցմամբ։ Տեսական ու գործնական հարուստ նյութերի շնորհիվ մասնակիցները ոչ միայն ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները, այլև հնարավորություն ունեցան կիսվելու սեփական ծնողական փորձառությամբ՝ միասին առաջարկելով ամենօրյա մարտահրավերների արդյունավետ լուծումներ։

Միջոցառման ընթացքում բանախոս Մ․ Պետրոսյանը հատկապես անդրադարձավ գիտակից ծնողավարման հիմքերին՝ նշելով, որ դրան պետք է նախորդի ծնողի ինքնաճանաչումը, զգացմունքների վերահսկումը և երեխայի յուրահատկությունները գիտակցված ընկալելու ունակությունը։

Հանդիպման ընթացքում դպրոցի տնօրեն Ս․ Թամարյանը և հեղինակային անձնակազմը ներկայացրին 4–7 տարեկան երեխաների համար նախատեսված «Առաջին դասարան։ Միասնական սկիզբ դեպի հաջողություն» մեթոդական ձեռնարկը, որը ներառում է ինչպես մանկավարժական բացատրություններ, այնպես էլ հետաքրքրաշարժ առաջադրանքներ՝ ուղղված երեխայի առաջին կրթական քայլերի կայուն ու ինքնավստահ ձևավորմանը։

Հեղինակները վստահություն հայտնեցին, որ ձեռնարկը կարող է դառնալ ծնողների և մանկավարժների հուսալի ուղեկիցը երեխայի կրթական և հուզական ադապտացիայի փուլում։

Հանդիպման ավարտին մասնակիցները կիսվեցին իրենց տպավորություններով՝ նշելով, որ նման ձևաչափի քննարկումները օգնում են ոչ միայն տեսական գիտելիքների ձեռքբերմանը, այլև սեփական ծնողական դերի վերաիմաստավորմանը։

«Սա պարզապես սեմինար չէր, այլ հնարավորություն՝ լսելու, զգալու և սովորելու միմյանցից»,– ընդգծեց մասնակիցներից մեկը։

Եզրափակելով՝ նշենք, որ «Ուսում» դպրոցը նախատեսում է շարունակել նման ձևաչափով հանդիպումները՝ յուրաքանչյուր անգամ անդրադառնալով նոր թեմաների՝ կապված ծնողական հաղորդակցության, հուզական զարգացման և մանկավարժական մոտեցումների հետ։ Դասընթացաշարի աշխատանքային թիմը սիրով սպասում է բոլոր հետաքրքրվող անձանց գիտակցված ծնողավարման ուղին շարունակելու պատրաստակամությամբ։