Ուսումնական անցուդարձ

Dec 12, 2025

Մեկձայնեցիները՝ «Ուսում»-ում

«Ուսում»-ում պաշտոնական ընդունելության շրջանակներում և հերթական օրակարգային հարցերի քննարկման նպատակով հյուրընկալվել էին «Մեկ ձայն» անկախ դպրոցների հայկական ասոցիացիայի 17 դպրոցների տնօրեններ և փոխտնօրեններ։

«Մեկ ձայն» ասոցիացիայի գործունեության առարկան Հայաստանում անկախ դպրոցների զարգացումը, առաջխաղացումն ու կարողությունների հզորացումն է` ի նպաստ Հայաստանում ազգային կրթության կատարելագործմանը, կրթության որակի և արդյունավետության բարձրացմանը: Գործունեության մի շարք հարցերում հիմնվելով մասնավոր դպրոցներին տրված ազատության, ինքնակառավարման և ինքնաբավության սկզբունքների հիման վրա՝ կառույցն իրականացնում է արդյունավետ համագործակցություն պետական մարմինների և ոլորտը համակարգող գերատեսչությունների հետ հանրակրթության ոլորտում պետության ռազմավարության և օրենսդրական դաշտի կատարելագործման առումով։

«Ուսում»-ը կառույցի հիմնադիր դպրոցներից է, և հենց հիմնադրի կարգավիճակով էլ ընդունել էր ասոցիացիայի տարեվերջյան ամփոփիչ հանդիպումը։ Հանդիպման կառուցողականությունն ու ջերմությունը, թերևս, կանխորոշեցին կրտսեր դպրոցականների կողմից ներկայացված դիմավորման երաժշտական համարն ու դպրոցի միջանցքներում իրականություն դարձած նախատոնական շքեղ հարդարանքը։ Շրջայցի ընթացքում ուսումնական աշխատանքների գծով փոխտնօրեն Հ․ Նավասարդյանը հյուրերին ներկայացրեց այդ պահին ընթացող ուսումնական երկարօրյա պարապմունքների ընթացքն ու մասնաշենքերի կառուցվածքային հագեցվածությունը։

Պաշտոնական հանդիպման մեկնարկին դպրոցի հիմնադիր Հ․ Նավասարդյանի նախաձեռնությամբ ներկայացվեց ամիսների աշխատանքից հետո իրականություն դարձած
«Գիտակից ծնողավարում» հանդիպումների շարքը՝ որպես «Ուսում»-ի հերթական նախաձեռնություն՝ ի նպաստ կրթության որակի և աշակերտական ու ծնողական համայնքների շրջանում ընկալումների բարելավման։ 

Հանդիպման օրակարգում ընդգրկված երեք հարցերը, այն է՝ ուսուցիչների կամավոր ատեստավորման և տարակարգի շնորհմանը մասնավոր դպրոցների մասնակցություն, մասնավոր դպրոցներում հանդիպող մանկավարժական կադրերի որակական պահանջներ և ասոցիացիայի հետ համագործակցության արդյունքում կայացած
«Կրթության կառավարում և առաջնորդություն» վերապատրաստման ծրագիր, անցան բավական ակտիվ և կառուցողական քննարկումների մթնոլորտում։

Անդրադառնալով կամավոր ատեստավորմանը վերաբերող գործընթացներին՝ 
«Ուսում» դպրոցի տնօրեն Ս․ Թամարյանը նշեց, որ դպրոցն, իհարկե, չի խոչընդոտում կամավոր ատեստավորմանը մասնակցելու ուսուցիչների նախաձեռնողականությունը, և ուրախ է, որ ունի ատեստավորումը հաղթահարած մեկ տասնյակից ավելի ուսուցիչներ, բայց միաժամանակ կամավոր ատեստավորման հաղթահարումը չպիտի վերածվի ինքնանպատակ գործընթացի, ուսուցիչների միջև անառողջ մրցակցության առիթի։ Տնօրենի խոսքով՝ կամավոր ատեստավորումը ոչ թե տոկոսների պայքար պիտի լինի, այլ սրտացավության աճի նշան, և կամավոր ատեստավորման հաղթահարումը, այն էլ բարձր ցուցանիշով, ուսուցիչը պետք է ընկալի ոչ միայն որպես հպարտության առիթ, այլ նաև որպես պատասխանատվության աճ աշակերտի, սեփական անձի և առհասարակ կրթական համակարգի առջև։

Կարծիքների փոխանակման ընթացքում դպրոցների տնօրենները անդրադարձան կամավոր ատեստավորումը հաղթահարած ուսուցիչներին վարձատրելու, նրանց աշխատանքի որակի և մեթոդների փոփոխության խնդիրներին՝ նշելով իրենց դպրոցների փորձն ու անձնական մոտեցումները։ Տիրապետող էր այն մտայնությունը, որ շատ հաճախ ատեստավորման մասնակցել կամ չմասնակցելը դառնում է ուսուցչի աշխատանքի որակի պիտակ, մինչդեռ մանկավարժությունը միայն ակադեմիական գիտելիքների մասին չէ։

Օրակարգային մյուս հարցերի շրջանակներում ներկաները կարծիքներ փոխանակեցին մասնավոր դպրոցներում առկա կադրային խնդիրների, ինչպես նաև ուսուցիչների և վարչական անձնակազմերի վերապատրաստման ծրագրերի մասին։ 
«Ուսում» դպրոցի հիմնադիր Հ․ Նավասարդյանն առաջարկեց քննարկումներից զատ մշակել խնդրի լուծմանն ուղղված ռազմավարություն, որը կներառի իր և ներկաների կողմից ներկայացված այնպիսի հարցեր, ինչպիսիք են դպրոցների մասնակցությունը մանկավարժի պատրաստման գործընթացին, ինչպես նաև մանկավարժական որակավորման կրեդիտավորմանը, մանկավարժական բուհերում սովորող ուսանողների մանկավարժական պրակտիկաների ժամկետի երկարացումը, դպրոց-մանկավարժ պատրաստող բուհ խզման մակարդակի նվազմանը՝ առաջարկ-պահանջարկ հարաբերակցությունը հաշվի առնելով, մասնավոր դպրոցներին վերապատրաստող կազմակերպություն դառնալու հնարավորության տրամադրմանը, որոնք հեռանկարային օժանդակություն կբերեն նաև պետական հանրակրթությանը։

Հանդիպման ավարտին ներկաները շնորհակալություն հայտնեցին 
«Ուսում» դպրոցին ջերմ ընդունելության և առողջ քննարկումային միջավայրի ապահովման համար։