Գերատեսչությունների ներկայացուցիչների, պաշտոնական անդամների, կառույցով հետաքրքրվածների և կրթությամբ մտահոգ անձանց լայն շրջանակի մասնակցությամբ հունվարի 23-ին կայացավ «Մեկ ձայն» ասոցիացիայի 5-րդ հոբելյանական համագումարը։ Որպես կառույցի հիմնադիր անդամ՝ հոբելյանական համագումարին մասնակցեցին նաև «Ուսում» դպրոցի հիմնադիր տնօրեն Հ․ Նավասարդյանը, դաստիարակչական աշխատանքների և մեթոդական աշխատանքների գծով փոխտնօրեններ Ա․ Համբարձումյանը և Կ․ Նազարյանը։
Հայկական կրթական համակարգում ինքնատիպ այս կառույցը ձևավորվեց մեր պետության համար մարտահրավերներով լեցուն ժամանակաշրջանից հետո։ 2021 թվականին գրանցվելով որպես կրթական համակարգի տարբեր դերակատարներին միավորող հարթակ՝ կառույցն իր առաքելության հիմքում դրեց այն գաղափարը, որ կրթությունը հավաքական պատասխանատվություն է և թեև իրենք միավորում են անկախ դպրոցներին, բայց պատրաստակամ են իրենց ավանդն ունենալ համապետական կրթական բովանդակության ստեղծման գրոծում։ Ասոցիացիայի առաքելությունն է նպաստել որակյալ կրթական միջավայրի ձևավորմանը՝ խթանելով երկխոսությունը, համագործակցությունը և համատեղ քաղաքական ու բովանդակային լուծումները։
Հենց այս գաղափարախոսության շրջանակում էլ անցկացվեց «Մեկ ձայն» ասոցիացիայի հոբելյանական համագումարը, որը համախմբեց պետական կառույցների ներկայացուցիչներին, դպրոցների ղեկավարներին և ոլորտի մասնագետներին՝ կրթության ներկա մարտահրավերների և զարգացման ուղիների շուրջ բաց ու կառուցողական քննարկման նպատակով։
Բացման ելույթով հանդես եկող «Մեկ ձայն» ասոցիացիայի գործադիր տնօրեն Շ․ Գևորգյանը իր ելույթում ընդգծեց կրթությունը որպես հավաքական պատասխանատվություն ընկալելու կարևորությունը՝ նշելով, որ կրթական որակի և համակարգային առաջընթացի համար արդյունավետ չէ պետականն ու մասնավորը տարանջատելու մոտեցումը։ Նրա խոսքով՝ կրթությունը միասնական արժեք է, որը պահանջում է համընդհանուր ներգրավվածություն և պատասխանատվություն։
ՀՀ ԱԺ ԿԳՄՍԵ հանձնաժողովի ղեկավար Սիսակ Գաբրիելյանը, շնորհավորելով կառույցին հոբելյանական համագումարի և անցնող տարիներին արձանագրված շահավետ համագործակցության առթիվ, նշեց, որ իր ի պաշտոնե առաջին ոլորտային գերատեսչական հանդիպումը տեղի է ունեցել հենց «Մեկ ձայն» ասոցիացիայի հետ, ինչը վկայում է ձևավորված վստահության և համագործակցության մասին։ Նա ընդգծեց, որ կրթությունը պետք է լինի միավորիչ գործոն՝ անկախ քաղաքական հայացքներից և սոցիալական կարգավիճակից, ինչպես նաև որպես հաջողված փորձ ներկայացրեց մասնավոր դպրոցների տարրական օղակներին դասագրքերով ապահովման գործընթացը։
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը իր խոսքում կարևորեց ինստիտուցիոնալ երկխոսության մշտականության անհրաժեշտությունը՝ այն ներկայացնելով որպես արդյունավետ գործիք հատկապես ճգնաժամային իրավիճակներում։ ՔՕՎԻԴ-ի համավարակի ընթացքում առաջացած ռիսկերը, ըստ նրա, նպաստեցին կառույցի հետ նորարար օրակարգի ձևավորմանը, փակ համակարգերից բաց երկխոսության անցմանը և հարցերի նկատմամբ կոնցեպտուալ պատասխանների մշակմանը։ Նախարարը հույս հայտնեց, որ ասոցիացիան կդառնա ավելի ընդգրկուն՝ ձևավորվելով որպես որակի ստանդարտ, հաշվետվողականություն և թափանցիկություն առաջ մղող հավաքական միավոր։
Համագումարի ընթացքում Շ․ Գևորգյանը ներկայացրեց նաև «Մեկ ձայն» ասոցիացիայի ձևավորման և զարգացման ուղին։ Ասոցիացիան հիմնադրվել է ութ դպրոցների (հեղ․՝ այդ թվում «Ուսում» դպրոցի) կողմից՝ շուրջ մեկ տարվա ընթացքում հստակեցված առաքելությամբ։ 2023 թվականին ամրագրվել են գործունեության չորս ռազմավարական ուղղություններ, այդ թվում՝ պետական քաղաքականության և կրթական ռազմավարությունների մշակմանը մասնակցությունը։ Ներկայացվեցին հարկային բեռի նվազեցմանն ուղղված համագործակցությունները, ուսուցիչների և տնօրենների ներուժի զարգացմանն ուղղված միջոցառումները, ինչպես նաև կրթական բովանդակության ստեղծմանն ու կրթական համակարգի վրա ազդեցության խորացմանն ուղղված առաջնահերթությունները։ Անդամակցության չափանիշների շարքում ընդգծվեցին իրավական կարգավիճակի և պետական լիցենզիայի առկայությունը, միասնական տեսլականը և ոչ միայն շահադիտական նպատակներով առաջնորդվելը։
Հոբելյանական համագումարին հաջորդեց պանելային քննարկում, որի ընթացքում շարունակվեց ոլորտի առանցքային խնդիրների, առկա մարտահրավերների և երկարաժամկետ լուծումների շուրջ մասնագիտական երկխոսությունը։Համագումարը ևս մեկ անգամ վերահաստատեց, որ կրթության ոլորտում կայուն և որակյալ առաջընթացը հնարավոր է միայն համագործակցության, փոխադարձ վստահության և միասնական պատասխանատվության պայմաններում։