Դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլն էլ հատեց իր եզրագիծը և պատվո հարթակին բարձրացրեց նպատակասլաց, գիտելիքը կարևորող ու սեփական ուժերին հավատացող հերթական սերնդին։ ԿԳՄՍ նախարարությունում կայացավ 2024-2025 ուսումնական տարվա առարկայական օլիմպիադաների հաղթողների պարգևատրման արարողությունը։
Դիպլոմակիրներին անուն առ անուն ներկայացնելուց զատ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարն անդրադարձավ վերջին տարիներին օլիմպիադաների անցկացման կարգում իրականացվող փոփոխություններին, որոնց նպատակը ոչ միայն օլիմպիական պայքարի հանդեպ անաչառության և վստահության մթնոլորտի ամրապնդումն է, այլև մասնակիցների աշխարհագրության ընդլայնումը։
«Ուսում» դպրոցը վերջին տարիներին աննախադեպ մեծ մասնակցություն է արձանագրում առարկայական օլիմպիադաների տարբեր փուլերում։ «Ուսում» դպրոցի փոխտնօրեն, աշխարհագրության ուսուցչուհի Աննա Սմբատյանի խոսքով, սակայն, իններորդցի Վահեի հաղթանակն այդ շարքում առանձնահատուկ է։ Չնայած անցնող տարիներին դպրոցն ունեցել է մարզային և հանրապետական փուլերում դիպլոմի կամ գովասանագրի արժանացած սաներ, սակայն Վահեն առաջինն է, ով արժանանում է առաջին կարգի դիպլոմի «Աշխարհագրություն» առարկայից։
Իսկ այս հաղթանակն ամենևին էլ պատահական չէ․ դպրոցում շատերը գիտեն համաշխարհային պատմության իրադարձությունների և աշխարհաքաղաքական դեպքերի շուրջ Վահեի դիպուկ վերլուծությունների մասին։ Վահեն աշխարհագրությամբ սկսել է հետաքրքվել դեռևս փոքր տարիքից, երբ պատահաբար իր ձեռքն է վերցրել ատլասը։ usumschool.am-ի հետ զրույցում Վահեն նշեց, որ սա իր երբևէ առաջին մասնակցությունն էր առարկայական որևէ օլիմպիադայի, ահա թե ինչու ոչ միայն մեծ փորձառություն էր, այլ նաև մարտահրավեր։
«Հաղթանակն, իհարկե, ինձ ոգեշնչել է, որպեսզի ես շարունակեմ հաջորդ տարիներին ևս խորացնել աշխարհագրական գիտելիքներս», - նշում է մեր զրուցակիցը՝ հավելելով, որ իր համար բավական տպավորիչ էր նաև օլիմպիադայի նախապատրաստական շրջանը՝ ուսուցչուհու հետ առկա և հեռավար հանդիպումներ, տեսական նյութի վերլուծություններ, աշխատանք նախորդ տարիների օլիմպիական նմուշների շուրջ և ոչ միայն։
Մեր այն հարցին, թե ինչպես արձագանքեց մասնակիցների ցուցակի ամենավերևում իր անունը տեսնելուն, ուսումցի Վահեն նշեց, որ լուրն իմացել և իրեն առաջինը շնորհավորել է ավագ եղբայրը, ու բնականաբար շատ է ուրախացել։
Մեր զրույցի եզրափակիչ հատվածում անդրադառնալով այն հարցին, թե ինչ խորհուրդ կտա բոլոր նրանց, ովքեր ունեն օլիմպիական դառնալու ձգտում, և ինչ պետք է անեն նրանք այդ ճանապարհին, Վահեն նշեց, որ դրա համար հատուկ որակներ պետք չեն․ անհրաժեշտ է շատ սիրել այն գործը, որը հանձն ենք առնում, կուտակել գիտելիք, ունենալ աշխատելու ցանկություն ու կենտրոնացում։ Այդուհանդերձ, կյանքի այս փուլում միջին դպրոցի սանը դեռ մասնագիտության ընտրության հստակ որոշում չունի, բայց նաև չի բացառում, որ աշխարհագրությունն իրեն պետք է լինելու։
Հավելենք նաև, որ առարկայական օլիմպիադաների հաղթողների պատվո հարթակին են կանգնել նաև մեր դպրոցի տարբեր տարիների սաներ։