Պատկերացրու, որ Ֆրանսիայում մի երեխա հեռուստացույցով մի հաղորդում է դիտում Երևանի մասին, և այնտեղ խոսում է Երևանի հոգևոր հայրը՝ Ալեքսանդր Թամանյանը։ Բայց պատկերացնել պետք չէ, եթե դու հասցրել ես դիտել երրորդցիների արևոտ, դրական ու հուզառատ միջոցառումը՝ նվիրված մայրաքաղաքին։ Փոքրիկների և միջոցառման կազմակերպիչների հավատամքն է, որ քաղաքամայր Երևանին պետք է հիշել ու նրան միջոցառումներ նվիրել ոչ միայն հոկտեմբերին, այլ պարբերաբար։ Եվ պատահական չէ, որ ձմեռնամուտը «Ուսում»-ում երևանյանական ստացվեց։
Երևանին նվիրված առաջին պաշտոնական հանրապետական տոնակատարությունը կայացել է 1968 թվականի հոկտեմբերին։ Խորհրդային Հայաստանի այլախոհական զարթոնքի շրջանում կազմակերպված այս համապետական միջոցառումը նվիրված էր մեր մայրաքաղաքի 2750-ամյակին։ Այն ոչ միայն հոբելյանական միջոցառում էր, այլ մեկնարկ մայրաքաղաքի մեծարման բոլոր մակարդակներում՝ մանկապարտեզներից մինչև դպրոցներ, բուհերից մինչև հանրապետության տարբեր բնակավայրեր, համերգասրահներից մինչև բացօթյա բեմահարթակներ։
«Իմ միտքը միշտ տարված էր փոքրիկ, աղքատիկ, ավերված իմ սիրելի քաղաքով»․ հենց այս երևակայական, բայց վստահաբար իրականությանը մոտ խոսքերի շուրջ էլ կառուցված էր մեր օրերում՝ 1968-ից տասնամյակներ անց, կազմակերպված մյուզիքլը կրտսեր ուսումցիների կողմից, որը յուրօրինակ ճամփորդություն էր հին ու նոր Երևաններով՝ թամանյանականից մինչև մերօրյա, սև ու վարդագույն տուֆերից մինչև ժամանակակից արդիական լուծումներ։
Միջոցառումը ոչ միայն քաղաքային ճարտարապետության, այլև մշակութային ֆոլկլյորի ու ժողովրդական կոլորիտի կարճ, բայց դիպուկ խտացումն էր։ Մյուզիքլի հերոսները ներկայացնում էին աշխարհի տարբեր անկյուններից հավաքված, բայց ազգությամբ հայ հայրենասերների մտորումները, հիացմունքն ու հույզերը՝ դեպի հարազատ քաղաքը։
Բացի պատմական ու մշակութային բովանդակությունից՝ միջոցառումն ուներ նաև էկոլոգիական ուղերձ։ Շինարարական ու տեխնոլոգիական վերելքների խառնարանում աշակերտները մատնանշում էին քաղաքը մաքուր ու կանաչ պահելու հրամայականը։
Մյուզիքլի բազմաթիվ երգերի շարքում, թերևս, հարկ ենք համարում առանձնացնել Անուշ Ալեքսանյանի հեղինակած և երգչուհի Լիանայի կատարմամբ հնչող «Երևան, Երևան» հայտնի ստեղծագործությունը, որն «Ուսում»-ի բեմից այս անգամ հնչեց հենց երգչուհու և ուսումցիների կենդանի կատարմամբ։