Մշակութային անցուդարձ

Jan 13, 2026

Կաղանդ պապը, Սքրուջն ու սիրո պատգամը

Ժամանակի հաշվարկը մարդկության պատմության մեջ միշտ էլ կարևոր դեր է ունեցել։ Տարիների, ամիսների և օրերի ճշգրիտ հաշվարկը պայմանավորված էր ոչ միայն առօրյա կյանքով ու երկրագործական աշխատանքներով, այլև կրոնական և տոնական կյանքով։ Սուրբ Ծննդյան տոնի նշման ժամանակացույցների տոմարային այս տարբերությունները հենց դրանով էին հիմնավորվում։ Ահա թե ինչու մեզ համար էլ ամենևին անակնկալ ու զարմանալի չէր այսօր բեմին տեսնել մեր վեցերորդցիների տոնական ներկայացումը, որը եկել էր խորհրդանշական ձևով նշելու հին Նոր տարին և ամփոփելու սուրբծննդյան տոնակատարությունների մարաթոնը։

Բայց նախ եկեք հասկանանք, թե ինչպես առաջան հին ու նոր տոմարների այս տարբերությունները։ Մ.թ.ա. 46 թվականին Հռոմում ընդունվում է Հուլյան տոմարը, որը մշակվել էր Հուլիոս Կեսարի հրամանով։ Այն հիմնված էր արեգակնային տարվա պարբերացման վրա և երկար ժամանակ համարվում էր բավական ճշգրիտ։ Սակայն դարերի ընթացքում պարզ դարձավ, որ Հուլյան տոմարն իրական արեգակնային տարվա համեմատ երկու հազարամյակի ընթացքում հասցրել է փոքր շեղում տալ․ ամեն տարի այն «ուշանում» էր մոտ 11 րոպեով։ Դարերի ընթացքում այդ փոքր շեղումը կուտակվում է և հանգեցնում օրացույցային զգալի տարբերության։

1582 թվականին Հռոմի պապ Գրիգորիոս XIII-ի նախաձեռնությամբ ընդունվում է Գրիգորյան (նոր) տոմարը, որը շտկում է այս սխալը՝ մի քանի օր «հանելով» օրացույցից և սահմանելով նոր կանոններ նահանջ տարիների համար։ Արևմտյան աշխարհը աստիճանաբար անցավ նոր տոմարի, մինչդեռ մի շարք եկեղեցիներ, այդ թվում՝ Հայ առաքելական եկեղեցին, պահպանեցին Հուլյան տոմարային համակարգը տոնական հաշվարկներում։ Այսպես առաջացավ հին և նոր տոմարների տարբերությունը, որի պատճառով Սուրբ Ծնունդը տարբեր համայնքներում նշվում է տարբեր օրերի, սակայն նույն խորքային խորհրդով ու հավատով։ Եվ չնայած Ամանորի հարցում ողջ քրիստոնեական աշխարհը ընդհանուր հայտարարի է եկել և ընդունել հունվարի 1-ը, բայց շատ ընտանիքներում դեռևս կարելի է լսել հունվարի 13-ին նշվող հին Նոր տարվա մասին։

Սուրբ Ծնունդը քրիստոնեական ամենախորհրդանշական և լուսավոր տոներից մեկն է։ Այն մարմնավորում է սիրո, նվիրումի, ներողամտության և մարդկային ջերմության գաղափարները։ Այդ արժեքները առավել ազդեցիկ են դառնում, երբ փոխանցվում են արվեստի և հատկապես բեմական ներկայացումների միջոցով և հատկապես ամենաանմեղների՝ երեխաների կողմից։

Վեցերորդցիների բեմադրությունը Սուրբ Ծննդյան թեման բացահայտում էր մի քանի զուգահեռ պատմությունների միջոցով։ Դրանք միահյուսվում էին՝ ստեղծելով հուզական և գաղափարական ամբողջություն, որտեղ առանցքային է մեկ պարզ ճշմարտություն․ իսկական հրաշքը մարդու ներսում է։

Բեմադրության առաջին հատվածում հնչող «արդյո՞ք երեխաները երջանիկ են» պարզ հարցը վերածվում է ամբողջ ներկայացման գաղափարական առանցքի։ Անանուն նվիրատվությունը, արված ոչ ցուցադրաբար, այլ լուռ ու խոնարհ, ընդգծում է այն միտքը, որ բարությունն արժեք ունի հենց իր աննկատության մեջ։

Դինամիկ երկխոսությունները հանդիսատեսին տեղափոխում էին մանկության աշխարհ, որտեղ սուրբծննդյան սպասումը հաճախ խառնվում է հիասթափության հետ։ Կաղանդ պապիկին ուղղված մանկական ցանկությունը՝ ունենալ հայր, դառնում է չկատարված երազանքի խորհրդանիշ։ Սակայն տարիներ անց այդ ցավը վերածվում է ստեղծագործ խոսքի և ներքին հաշտության։ Այս հատվածում ուսումցիների մարմնավորած կերպարները հիշեցնում էին, որ Սուրբ Ծնունդը ոչ միայն նվերների, այլ նաև չասված խոսքերի և ներելու ժամանակ է։

Ներկայացման հայկական և դիքենսյան սահուն զուգորդումները Սքրուջի փոփոխության օրինակով նպատակ ունեին հանդիսատեսին  ցույց տալ, որ երբեք ուշ չէ փոխվելու և սեփական կյանքը լույսով ու իմաստով լցնելու համար։

Ներկայացման ավարտին հնչող խոսքերը ամփոփում էին ողջ գաղափարական ուղերձը․ Սուրբ Ծնունդի ամենամեծ հրաշքը հավատն է և սերը։ Երբ մարդը պատրաստ է տալ, լսել և հասկանալ մյուսին, Սուրբ Ծնունդը դառնում է ոչ թե մեկ օրվա տոն, այլ կյանքի մշտական վիճակ։