Ուսումնական անցուդարձ

Aug 27, 2025

Վերադարձի սինդրոմ կամ ինչպե՞ս նախապատրաստվել նոր ուսումնական տարվան

Ամառային երկարատև արձակուրդներից և հատկապես ակտիվ հանգստից հետո աշխատավայր կամ ուսումնական հաստատություն վերադառնալը հաճախ շատ ավելի դժվար է, քան թվում է։ Երբ կարծում ենք, թե ամառային արձակուրդները բավարար էին հանգստանալու և նոր ուժով առաջ շարժվելու համար, բախվում ենք լիովին այլ և երբեմն դժվար իրականության։ Դպրոցական առօրյա ռեժիմին վերադառնալը կարող է առաջացնել սթրես, հոգնածություն, ուշադրության կենտրոնացման պակաս, մոտիվացիայի անկում՝ երբեմն արտահայտվելով ոչ միայն պասիվ, այլ նաև ագրեսիվ վարքագծով։

Երևույթի ուսումնասիրությունն, իհարկե, այնքան էլ երկարամյա պատմություն չունի․ այն շրջանառության մեջ է դրվել 20-րդ դարի երկրորդ կեսից, և այժմ ստացել է հետարձակուրդային համախտանիշ կամ հետարձակուրդային թախիծ («post-vacation blues») ձևակերպումը։


Թեմայի շուրջ usumschool.am-ը զրուցել է դպրոցի հոգեբան Հասմիկ Հարությունյանի հետ՝ անդրադառնալով այն հիմնահարցերին, թե որոնք են արձակուրդից հետո սթրեսի առաջացման պատճառները, սթրեսը հաղթահարելու համար ինչ խորհուրդներ են սովորաբար տալիս հոգեբանները, ինչպես է հնարավոր որոշակի մեթոդների շնորհիվ մոտիվացվել աշակերտին և ուսուցչին՝ ապահովելով սահուն վերադարձը ակտիվ ռեժիմին։

Ինչպես նշում է մեր զրուցակիցը՝ արձակուրդից հետո առաջացող սթրեսը բավական տարածված երևույթ է և դրսևորվում է բոլոր մասնագիտության տեր մարդկանց մոտ, սակայն ուսուցիչների և աշակերտների մոտ այն ավելի ցայտուն և խորն է արտահայտվում․ պատճառը, թերևս, այն է, որ մանկավարժության մեջ չկան պարբերական բնույթ ունեցող կարճատև արձակուրդներ, և օրգանիզմը հանգստի հնարավորություն ստանում է իննամսյա երկարատև վազքից հետո, այն էլ բավական երկար հանգստի։

Հ․ Հարությունյանը նկատում է, որ «վերադարձի սինդրոմի» պատճառները միայն հոգեբանական չեն, այլ նաև ֆիզիոլոգիական և սոցիալական։ Հանրամատչելի լեզվով եթե փորձենք անվանել, ապա կարող ենք ասել, որ սա անցում է ազատությունից դեպի պատասխանատվություն ու պարտականություն, ուստի ցնցումները տրամաբանական են։ Հոգեբանի կարծիքով էմոցիոնալ այս հակադրությունների բացառման համար շատ կարևոր է կարողանալ նախքան հանգիստը ճիշտ պլանավորել արձակուրդային անելիքները, որպեսզի հետո չբախվենք չհասցնելու ու կիսատ թողնելու խնդրին։

Խոսելով ֆիզիոլոգիական դժվարությունների մասին՝ մեր զրուցակիցը մատնանշեց կենսառիթմերի փոփոխությունը, այդ թվում՝ քնի ռեժիմը, գլխացավերը և մկանային լարվածությունը, ինչպես նաև սննդի ռեժիմի խախտումները։

Անդրադառնալով այն հարցին, թե ինչ միջոցներով է հնարավոր հաղթահարել այս խնդիրը, Հ․ Հարությունյանը կարևորում է ներքին տրամադրվածությունը դեպի առկա խնդիրը։ Ըստ նրա՝ անհրաժեշտ է փոխել վերաբերմունքն աշխատանքի և ուսումնական առօրյայի հանդեպ։ Ինչպես աշակերտների, այնպես էլ ուսուցիչների համար առաջին օրերին շատ կարևոր է կարճ դադարների և խիստ ուսումնական գործընթացից ուշադրությունն ապակենտրոնացնող վարժանքների դերը։

Ընդունված է համարել, որ ճամփորդությունների և աշխատանքի միջև անհրաժեշտ է ապահովել աստիճանական անցում, և հնարավորության դեպքում աշխատանքի կամ ուսման վերադառնալուց առաջ մի քանի օր տրամադրել պասիվ հանգստին և ադապտացիային՝ մնալով տանը։ Սակայն, միաժամանակ ցանկալի չէ մնալ միայնակ և սոցիալապես մեկուսացած վիճակում, որովհետև դա կարող է հակառակ ազդեցությունն ունենալ։

Իսկ մեր այն հարցին, թե ինչպես իրականացնել նոր ուսումնական տարվա պլանավորումը, հոգեբանը նշեց, որ շատ կարևոր է միջանձնային հարաբերությունների պահպանումը և փոխըմբռնման մթնոլորտի ձևավորումը։ Մեր այն հակադարձմանը, որ մանկավարժների զբաղվածությունն արդեն իսկ շատ է նախքան սեպտեմբերի 1-ը, Հարությունյանը նշեց, որ աշխատանքային ժամանակացույցը կարելի է այնքան ճկունացնել, որ անցումը հնարավորինս անցնցում լինի։ Միաժամանակ պետք է բացառել անիրատեսական պլանների կազմումը։ «Որպես կանոն՝ ուսուցիչները վերադառնում են նոր գաղափարներով, որոնք երբեմն ոգևորության արդյունք են և անիրատեսական կարող են լինել։ Հետևաբար շատ կարևոր է ձեռնպահ մնալ ժամանակատար և էներգիա վատնող պլաններից՝ փոխարենը շեշտադրելով բովանդակությունը», - եզրափակեց մեր զրուցակիցը։