Ուսումնական անցուդարձ

Aug 01, 2026

Նոր ուսումնական տարի, նոր մասնաշենք և նոր գաղափարներ

Նոր ուսումնական տարին միշտ մի փոքր նման է նոր էջ բացելուն։ Դպրոցի բակը նորից լցվում է ձայներով, միջանցքներում լսվում է վաղուց ծանոթ ծիծաղը, դասասենյակները սպասում են իրենց աշակերտներին, իսկ առաջին դասարանցիները դպրոց են մտնում մի փոքր հուզված, մի փոքր անհամբեր և շատ մեծ երազանքներով։ Սա, թերևս, սեպտեմբերմեկյան համընդհանուր նկարագիրն է՝ անկախ երկրից, ազգությունից, մայրցամաքից կամ մշակութային առանձնահատկությունից։

Սակայն աշխարհի յուրաքանչյուր ժողովուրդ գիտելիքն ու դպրությունն արժևորելու իր սեփական արարողակարգն է ստեղծել, կատարելագործել ու փոխանցել դարերով՝ ցույց տալով կրթության հանդեպ իր առանձնահատուկ վերաբերմունքը կամ դրա բացակայությունը։

Հայաստանում սեպտեմբերի 1-ը՝ Գիտելիքի և դպրության օրը, արարողակարգերի մի ամբողջ շղթա է, որը կրում է խորհրդային տարիների դրոշմը, բայց և տարեցտարի յուրացնում է ժամանակակից մոտեցումներ։ Բայց երբևէ մտածե՞լ ենք՝ թե այդ նորարար ու ժամանակակից մոտեցումների հորձանուտում ինչպիսի՞ չփոփոխվող ավանդույթներով են դիմավորում ուսումնական տարվա առաջին օրը աշխարհի տարբեր երկրներում։ Արդյո՞ք բոլոր դպրոցներում է այն սեպտեմբերի 1-ին, և արդյո՞ք բոլոր երեխաներն են դպրոցական առաջին օրը դիմավորում նույն կերպ։

Պարզվում է՝ ոչ։ Եվ հենց այդ տարբերությունների մեջ էլ կրթության աշխարհի գեղեցկությունն է։

Օրինակ, Գերմանիայում առաջին դասարան գնալու ավանդույթներից ամենահայտնին Schultüte-ն է՝ մեծ, գունավոր կոնաձև տուփը, որը երեխաները ստանում են դպրոցական առաջին օրը։ Այն կարող է լցված լինել քաղցրավենիքով, դպրոցական պարագաներով և փոքրիկ նվերներով։ Այս գեղեցիկ ավանդույթը ձևավորվել է դեռևս 19-րդ դարում և նպատակ ունի դպրոցական առաջին օրը երեխայի համար դարձնել ավելի քաղցր ու հիշարժան՝ խորհրդանշելով այն, որ կրթության պտուղն էլ քաղցր է։ Այստեղ դպրոցական առաջին օրը ոչ միայն կրթության սկիզբն է, այլև ընտանեկան տոն, որը երեխան երկար տարիներ հիշում է։

Մինչ Հայաստանում և եվրոպական շատ երկրներում ուսումնական տարին սկսվում է աշնանը, Ճապոնիայում այն սկսվում է ապրիլին։ Մարտին, երբ ծաղկում են սակուրաները, ճապոնացի երեխաները սկսում են իրենց նոր դպրոցական տարին։ Դպրոցներում անցկացվում են հատուկ մեկնարկային արարողություններ, որոնց ընթացքում նոր աշակերտները ծանոթանում են իրենց դպրոցական համայնքին։ Այս համընկնումը՝ սակուրայի ծաղկումը և ուսումնական տարվա սկիզբը, խորհրդանշական է թվում․ ինչպես ծառը նորից է ծաղկում, այնպես էլ յուրաքանչյուր երեխա սկսում է իր զարգացման նոր փուլը։ Ճապոնական դպրոցական մշակույթում մեծ նշանակություն ունեն նաև միասնականությունը, կարգապահությունը և ընդհանուր պատասխանատվությունը։ Աշակերտները մասնակցում են դպրոցի առօրյային և սովորում են ոչ միայն դասագրքերից, այլև՝ համայնքի մաս լինելու փորձից։

Ճապոնիայից ոչ հեռու՝ Հարավային Կորեայում ուսումնական տարին սկսվում է մարտի կեսերին։ Նոր ուսումնական տարվա մեկնարկը նույնպես առանձնահատուկ պահ է հատկապես նրանց համար, ովքեր առաջին անգամ են մտնում դպրոց։ Նոր դասարան, նոր ուսուցիչ, նոր ընկերներ և նոր նպատակներ․ այստեղ ևս դպրոցական տարվա առաջին օրը դառնում է փոփոխության խորհրդանիշ։

Վերադառնանք խստաշունչ Ֆինլանդիա, որտեղ ուսումնական տարին սկսվում է օգոստոսին։ Այստեղ դպրոցական առօրյայում մեծ ուշադրություն է դարձվում երեխայի ինքնուրույնությանը և այն գաղափարին, որ պետք է կրթվել՝ հանուն բարեկեցության։ Գուցե հենց այդ պատճառով էլ ուսումնական տարվա մեկնարկը այստեղ ավելի շատ ընկալվում է ոչ թե որպես «վերադարձ դասերին», այլ որպես նոր հնարավորությունների սկիզբ։

Մեծ Բրիտանիայում ամեն ինչ թվում է մեզ ծանոթ ու դասական․ դպրոցական տարին սկսվում է սեպտեմբերին։ Դպրոցական տարվա առաջին օրը հատկապես կարևոր է այն երեխաների համար, ովքեր տեղափոխվում են նոր դպրոց կամ առաջին անգամ են սկսում դպրոցական կրթությունը։ Բրիտանիայում գրեթե բոլոր դպրոցներում՝ մինչև ավագ դպրոց, խիստ պահպանվում է համազգեստ կրելու կանոնը։ Համազգեստն այստեղ խորհրդանշում է ոչ թե միանման լինելու ձև, այլ սեփական տեղը գիտակցելու և սահմաններն իմանալու միջոց։

Իսկ դե արևաշող Ավստրալիայում ուսումնական տարին սկսվում է տարվա սկզբին՝ հունվարին կամ փետրվարին՝ կախված նահանգից կամ տարածքից։ Այսինքն՝ այն պահին, երբ Հայաստանի դպրոցներում աշակերտները պատրաստվում են ձմեռային արձակուրդներին, Ավստրալիայում շատ երեխաների համար սկսվում է նոր ուսումնական տարի։ Այս տարբերությունը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ դպրոցական օրացույցները կարող են տարբեր լինել, բայց կրթության նպատակը նույնն է։

Տարբեր երկրներ, տարբեր եղանակներ, տարբեր ամսաթվեր, տարբեր ավանդույթներ։ Մի տեղ երեխան դպրոց է գալիս ծաղիկներով, մեկ այլ վայրում՝ քաղցրավենիքով լի մեծ տուփով, իսկ մեկ ուրիշ երկրում նոր ուսումնական տարին համընկնում է գարնան առաջին ծաղիկների հետ։ Բայց ամենուր առաջին դպրոցական օրը մի կարևոր բան է խորհրդանշում՝ նոր սկիզբ։ Իսկ հիմա վերադառնանք «Ուսում», որտեղ այս սեպտեմբերի 1-ը առավել քան նոր սկիզբ էր։ Դպրոցը նախօրեին պաշտոնապես բացեց իր չորրորդ մասնաշենքը՝ լուսավոր դասասենյակներ, գերժամանակակից ու հարմարեցված ներքին հարդարանք ու էքստերիերի նորարական լուծումներ, որտեղ իրենց դպրոցական առաջին քայլերն են անելու շուրջ յոթ տասնյակ առաջինցիներ։ 

Ասել, որ տպավորությունները նոր մասնաշենքի ներքին ու արտաքին լուծումներից ու տրամադրող միջավայրից դրական էին, կնշանակի ոչինչ չասել։ Դպրոցի աշխատակազմը վստահ է, որ յուրաքանչյուր սեպտեմբերին ներդրվող յուրաքանչյուր բարեփոխում մեկ քայլ առաջ է դեպի 21-րդ դարի նոր կրթական միջավայր՝ հարմարեցված յուրաքանչյուրի և բոլորի համար։

«Ուսում» դպրոցն իր երեսնամյակին ընդառաջ նոր ուսումնական տարին սկսում է սովորելու, ստեղծելու և նորարարությունների խոստումով ու վստահությամբ։