Մշակութային անցուդարձ

Sep 30, 2025

Խորենացիական Հայաստանից` մեր օրեր

«Ուսում» դպրոցում միջոցառումները բազմաթիվ ու բազմաբնույթ են։ Դրանք տարեցտարի կատարելագործվում են, թրծվում, ենթարկվում սցենարական ու սյուժետային փոփոխությունների, լրացվում նոր դրվագներով ու արդիականացվում թեմաների առումով։ Սակայն դրանց շարքում կա մի թեմա, որն, անկախ դարաշրջանից, անկախ աշակերտության տարիքային շրջանակից ու գիտակցական մակարդակից, միշտ արդիական է։ Եվ դա հայրենիքն է։

Հայաստանի Հանրապետության երեսունչորսերորդ տարեդարձին նվիրված դպրոցական միջոցառումների շրջանակներում այսօր բեմում էին յոթերորդցիները։ Ասել, որ միջոցառման նպատակը ընդամենը հայրենասիրության քարոզչությունն էր, կնշանակի ոչինչ չասել։ 
Ներկայացումը կառուցված էր մեր ժողովրդի պայքարի պատմության և ժամանակակից շերտերի համադրությամբ։ Պատմահոր մատյանների հիշատակություններից ու աստվածաշնչյան վկայություններից ձուլված սյուժեն ներկաներին հասցնում էր Բաբելոնյան աշտարակաշինության, Հայկի և Բելի հակամարտության ժամանակները՝ սահուն կերպով համադրելով մեր ժողովրդի հեթանոսական դիցաբանության ու քրիստոնեական արժեհամակարգի պատգամները։

Հին ու նոր Հայկերի, հավաքական իմաստնություն խորհրդանշող Սիրանույշ տատի և բառի բուն և փոխաբերական իմաստներով անմահացած Խորենացու կերպարի առաքելությունն էր ներկայացնել բռնապետության նկատմամբ ազատասիրության հաղթանակի ու արդար գործի անվերապահ հաջողության նախախնամությունը։

Միջոցառման առավել ազդեցիկ հատվածը, թերևս, վերջաբանն էր, որը հանդիսատեսին տեղափոխում էր ժամանակակից հարթություն՝ աշակերտների մտորումներում ծնված նոր հայի ու անվերջ նորացող Հայաստանի մասին:

Միջոցառման ավարտին շնորհակալական խոսքով հանդես եկավ դպրոցի տնօրեն Ս․ Թամարյանը, ով կարևորեց աշակերտների այն նկատառումը, որ հայրենիքի պատմության հինն ու նորը միշտ շաղկապված պիտի լինեն, և որ այդ կապը պետք է ձևավորվի դեռ դպրոցական տարիքից։ «Բայց և պիտի հասկանանք, որ մենք ամեն բացվող օր ունենք նորանալու ևս մեկ հնարավորություն, և այդպիսի հնարավորությունը բաց թողնելու իրավունք գուցե չունենք», - նշեց Ս․ Թամարյանը՝ հավելելով, որ միջոցառման ընթացքում աշակերտների կերպարներն աչքի ընկան ոչ միայն հմուտ դերասանական խաղով, այլև պատասխանատվությամբ։ «Դուք բեմում ոչ թե պարզապես ասմունքում էիք կամ դրվագներ վերապատմում, այլ հստակ գիտակցում էիք ձեր կերպարների յուրաքանչյուր պատգամը», - եզրափակեց դպրոցի տնօրենը։