Մշակութային անցուդարձ

May 07, 2025

Վերադարձ արմատներին երաժշտության միջոցով

Մշակութային կրթությունը գալիքի կրթություն է։ Եվ թերևս հենց այս տեսլականն իրականություն դարձնելու հերթական քայլն արեցին փոքրիկ չորրորդցիները՝ հղելով այն պատգամը, որ ամեն ինչ անցողիկ է, իսկ արվեստն ու երաժշտությունը մնայուն արժեքներ են։

Տարրական դպրոցին հրաժեշտ տվող ուսումցիների տարեվերջյան միջոցառումը յուրահատուկ մշակութային ուղևորություն էր՝ նվիրված հայ մեծանուն կոմմպոզիտորներին և նրանց թողած մշակութային ահռելի ժառանգությանը։ Միջոցառման սյուժեն հյուսված էր երաժշտության առեղծվածային հատկությունների շուրջ, այն է՝ սփոփել, բժշկել, ոգևորել ու հանդարտեցնել, թևեր տալ ու երբեմն էլ թևաթափ անել։

Իսկ էլ ում երաժշտությունն է իր մեջ ամփոփում այս բոլոր առեղծվածները, եթե ոչ մեծն Կոմիտասի։ Վերջինիս մշակած արժեքներից մինչև Զեյթունցյանի «Մեծ լռություն» դրամայի խաղարկային լուծումներ, Ալեքսանդր Սպենդիարյանի թողած մշակութային ժառանգությունից մինչև խաչատուրյանական վեհություն, բաբաջանյանական հանդարտությունից և կարոտից մինչև Շառլ Ազնավուր և հայկական երգի Օլիմպոս։

Խորիմաստ երկխոսություններով համեմված միջոցառում, որն ուղղված էր յուրաքանչյուրին և բոլորին՝ ժամանակ առ ժամանակ արմատներին վերադառնալու, դրանց անփոխարինելիությունը արժևորելու և շարունակաբար արարելու մղումով։