Մշակութային անցուդարձ

Apr 23, 2026

Հայ երաժշտության լեգենդները՝ մեկ բեմում

Հայ մշակույթի պատմության մեջ երաժշտությունը ոչ միայն արվեստի ճյուղ է, այլև ինքնության պահպանման և փոխանցման կարևորագույն միջոց։ Հայ երաժշտության ակունքները հասնում են նախաքրիստոնեական ժամանակներ։ Հնագույն Հայաստանում երաժշտությունը կապված էր ծիսական արարողությունների, տոնակատարությունների և ժողովրդական առօրյայի հետ։ Գուսաններն ու վիպասանները երգով փոխանցում էին պատմություններ, հերոսական դրվագներ և ժողովրդական իմաստություն։

Քրիստոնեության ընդունումից հետո ձևավորվեց եկեղեցական երաժշտությունը, որը դարձավ հայկական երաժշտության կարևորագույն ճյուղերից մեկը։ Այս շրջանում առանձնահատուկ դեր ստանձնեց Մեսրոպ Մաշտոցը, ով ոչ միայն ստեղծեց հայոց այբուբենը, այլև նպաստեց հոգևոր երգարվեստի զարգացմանը։ Զարգացած միջնադարում ձևավորվեց հայկական շարականների համակարգը, որի ամենահայտնի ներկայացուցիչներից է Ներսես Շնորհալին։ Նրա ստեղծագործությունները համադրում էին բանաստեղծական խորությունը և երաժշտական ներդաշնակությունը՝ դառնալով եկեղեցական երաժշտության գագաթնակետը։

Նոր դարերում արդեն մեր երաժշտարվեստը Համբարձում Լիմոնճյանով ու Քրիստափոր Կարա-Մուրզայով դրվեց նոր աստիճանի վրա։ Այն սկսեց քայլել եվրոպական ու համաշխարհային մշակույթին համընթաց՝ ներառելով սիմֆոնիկ ու օպերային երաժշտությունը։ Այս համատեքստում առանձնահատուկ դեր ունեցան երեք մեծություններ՝ Կոմիտասը, Արամ Խաչատրյանն և Առնո Բաբաջանյանը, որոնց գործունեությունը կարելի է դիտարկել որպես մեկ շարունակական մշակութային գործընթաց։

Մշակութային այս ռահվիրաների գործունեության փառաբանմանն էր նվիրված փոքրիկ չորրորդցիների ավարտական միջոցառումը։ Ուսումցիներն առաջ էին մղում այն գաղափարը, որ Կոմիտասի գործունեությունը չի սահմանափակվում միայն կոմպոզիտորական արվեստով։ Նրա գլխավոր առաքելությունը հայկական երաժշտության «մաքրումն» ու համակարգումն էր։ Նա գիտակցում էր, որ ժողովրդական երգը միայն երաժշտություն չէ, այլ ժողովրդի հոգևոր պատմությունը։

Միջոցառման կազմակերպիչները վստահ են, որ Կոմիտասը վերականգնեց այն, ինչ վտանգված էր կորստի։ Նա առանձնացրեց հայկական մեղեդու ինքնատիպությունը՝ հեռացնելով օտար ազդեցությունները և ձևավորելով ազգային երաժշտական լեզու։

Բեմին կենդանացած Կոմիտասն այս առումով հանդես էր գալիս ոչ միայն որպես արվեստագետ, այլ որպես մշակութային «վերակառուցող»․ նա ստեղծեց հիմք, առանց որի հետագա զարգացումը պարզապես անհնար կլիներ։

Սահուն անցումով փոքրիկները մատնանշեցին այն կամուրջը, որը նախանշվեց Կոմիտասից հետո։ Եթե Կոմիտասը ձևավորեց ազգային հիմքը, ապա Արամ Խաչատրյանը այդ հիմքը վերածեց համաշխարհային ֆենոմենի։ Նրա ստեղծագործությունները միաժամանակ ազգային են և համամարդկային, ինչը հենց մեծ արվեստի հիմնական չափանիշներից է։ Փոքրիկները վերհանեցին Խաչատրյանի երաժշտության մեջ պահպանված հայկական ռիթմերն ու մեղեդիները՝ ներկայացված սիմֆոնիկ և բալետային մեծ ձևերի ձայնապնակում։ Այսպիսով, հայկական երաժշտությունը դուրս է գալիս տեղային սահմաններից և դառնում համաշխարհային մշակույթի մաս։ Կրտսեր ուսումցիները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ ազգային արվեստը կարող է լինել ժամանակակից, մրցունակ և պահանջված միջազգային հարթակներում։

Միջոցառման հաջորդ արարում բեմում կենդանացավ Առնո Բաբաջանյանը՝ իր կինոերաժշտություններով, ժամանակակից և բազմաժանր մոտեցումներով, դասականի, ջազի և էստրադայի համադրմամբ։ Այս անգամ բեմում այլ մշակութային իրավիճակ էր․ եթե Կոմիտասը փրկում էր, իսկ Խաչատրյանը ներկայացնում, ապա Բաբաջանյանը համադրում էր բոլոր սերունդներին ու բոլոր նախասիրությունները։

Ամփոփելով միջոցառումը՝ հավելենք, որ այս հաջորդականությունը ցույց է տալիս, որ մշակույթը չի զարգանում պատահականորեն։ Այն պահանջում է հիմք, շարունակություն և նորարարություն։