Մշակութային անցուդարձ

Feb 28, 2026

Մարդասիրությունն ու պատասխանատվությունը՝ լուսաբացից մինչև մայրամուտ

Հայաստանյան դպրոցներում հայրենասիրական դաստիարակությունը միայն դասագրքային գիտելիք չէ․ այն ապրում է բեմում, կերպարների մեջ, կենդանի խոսքի ու ապրումների միջոցով։ Վերջին օրերին հինգերորդցիների կողմից ներկայացված երկու բեմադրությունները՝ «Սահմանին լուսաբաց է» (ըստ Ստեփան Զորյան-ի «Ջրհորի մոտ» պատմվածքի) և «Հպարտությունս քո գույներն ունի…» խորագրերով, դարձան ոչ միայն մշակութային միջոցառումներ, այլև արժեքային կարևոր ուղերձներ՝ խաղաղության, մարդասիրության և պատասխանատվության մասին։

«Սահմանին լուսաբաց է» խորիմաստ խորագրով ներկայացումը հանդիսատեսին տեղափոխում էր Առաջին աշխարհամարտի օրեր։ Խրամատի մի կողմում հայ զինվորներ են, մյուսում՝ ավստրիացիներ։ Պատերազմի դաժան իրականության մեջ ծարավը դառնում է կյանքի ու մահվան սահմանագիծ։ Սյուժեի առանցքը նվիրյալ զինվորի հավաքական կերպարն էր, ով վիճակահանությամբ պարտավորվում է սողալ դեպի ջրհորը և ջուր բերել իր ընկերներին։ Ճանապարհը վտանգավոր է․ յուրաքանչյուր շարժում կարող է թշնամու նշանառության տակ հայտնվել։ Սակայն հենց այդ վտանգի մեջ է բացահայտվում մարդկային մեծությունը։ Բաղդասարը ոչ միայն ջուր է բերում, այլև անսպասելիորեն շփում է հաստատում հակառակ կողմի զինվորների հետ։ Մի բաժակ ջուրը դառնում է կամուրջ երկու «թշնամիների» միջև։ Ներկայացման ամենախորհրդանշական պահերից մեկն այն է, երբ երեկոյան հրաման է տրվում կրակել։ Բայց զինվորները, որոնք քիչ առաջ միասին ջուր էին կիսել ու ժպտացել, չեն կարողանում սեղմել ձգանը։ Այստեղ բախվում են երկու ուժեր՝ հրամանը և խիղճը։ Եվ հենց այդ ներքին պայքարն էր, որ ներկայացումը բարձրացնում էր ավելի լայն փիլիսոփայական մակարդակի։

Վաշտապետի կերպարով հինգերորդցիները մարմնավորում էին մարդասիրության գաղափարը։ Նա թույլ է տալիս ջուր բերել, չի ստիպում կրակել, ընտրում է կյանքը։ Հետագայում նա զոհվում է, բայց պատմությունը, ինչպես նշվում է ներկայացման մեջ, արդարացնում է նման մարդկանց։ Միջոցառման հիմնաքարը այն համոզմունքն էր, որ պատերազմը կարող է կոշտացնել անգամ ամենափափուկ մարդուն, սակայն մարդը կարող է ընտրել սրտի ջերմությունը։

Իրենց ելույթը ուսումցիներն ավարտում են խորհրդանշական ուղերձով․ եթե սահմանին լույս է բացվում, նշանակում է՝ գիշերն անցել է առանց կորստի։ Լուսաբացը դառնում է ոչ միայն օրվա սկիզբ, այլև գոյատևման, հույսի և վերածննդի նշան։ Իսկ ով կարող է մարմնավորել ու բերել այդ լուսաբացը, եթե ոչ զենքին ու հույզերին քաջատեղյակ զինվորը՝ սպասված լուսաբացի պահապանը։

Հայրենասիրությամբ տոգորված մյուս բեմադրությունը կապում էր դպրոցն ու խրամատը, խրամատն ու թիկունքը։ Այն սկսվում էր ավարտական դասարանում տեղ գտած խոհերով․ ոմանք մտածում են արտասահման մեկնելու մասին, ոմանք՝ բանակ գնալու։ Զրույցները պարզ են, երբեմն կատակային, բայց խորքում լուրջ հարց է դրված․ ո՞վ կմնա, եթե բոլորը գնան։

Սյուժեի շրջադարձային պահը տեղի է ունենում, երբ տղաներից մեկը կանգնում է իր համադասարանցի աղջիկներին պաշտպանելու։ Այդ փոքրիկ տեսարանը դառնում է խորհրդանիշ՝ պաշտպանությունը սկսվում է առօրյայից։ Եթե այսօր չստանձնես ընկերոջդ պաշտպանությունը, վաղը դա չես անի հայրենիքի համար։ Զինվորներին մարմնավորող ուսումցիները հասկանում են, որ բանակը վախ չէ, այլ փորձություն։ Երդման տեսարանով բեմի կենտրոնում կենդանանում էր պետականության ու պատվի գաղափարը։

Միջոցառման սյուժեում հատկանշական էր նաև պատմական ակնարկը։ Վարդանանց, Սարդարապատի և այլ հերոսամարտերի հիշատակումները ստեղծում էին արժեքային շարունակականություն։ Պատմությունը ցույց է տալիս, որ պաշտպանելը ընտրություն չէ միայն մեկ սերնդի համար․ դա ազգային պատասխանատվություն է։ Վերջում մարտի դաշտում կայանում է համադասարանցիների խորհրդանշական հանդիպումը, որը միասնության հավաքական տեսարան էր՝ անկախ նախնական ընտրություններից։

Ամփոփելով՝ նշենք, որ չնայած երկու հաջորդական բեմադրությունները տարբեր ժամանակաշրջանների մասին էին, բայց միևնույն գաղափարն էին կրում։ Առաջինը խոսում է մարդասիրության մասին նույնիսկ պատերազմի ժամանակ, երկրորդը՝ պատասխանատվության ու ընտրության մասին խաղաղ պահերին։ Երկուսն էլ ընդգծում են, որ բանակը միայն զենք ու կարգապահություն չէ, այլ խիղճ, արժանապատվություն և հայրենիքի հանդեպ սեր։ Երկու դեպքում էլ հաղթանակը չափվում է ոչ թե կրակոցների քանակով, այլ մարդկային արժեքների պահպանմամբ։ Այս երկու բեմադրությունները հիշեցնում են պարզ, բայց կարևոր ճշմարտություն․ հայրենիքը սկսվում է մարդուց։ Մարդուց, ով կիսում է ջուրը, ով պաշտպանում է ընկերոջը, ով ընտրում է մնալ և պատասխանատվություն ստանձնել։ Եվ հենց այդ ընտրություններից է ծնվում այն հպարտությունը, որի գույները մեր եռագույնի գույներն են։