Մշակութային անցուդարձ

Dec 19, 2025

Կենդանացած հեքիաթներ կամ Կաղանդ պապի վերադարձը

Տոներն են մոտենում, տոներն են մոտենում․․․ Մանկության հիշողություններից մեր օրեր հասած այս արտահայտությունը յուրաքանչյուր նոյեմբերի ավարտին գալիս է հուշելու, որ կյանքը նորացնելու, երազանքները վերաշարադրելու, նոր նպատակներ սահմանելու ու բարությամբ դրանց հասնելու ժամանակը մոտենում է։ Թերևս, չկա որևէ այլ տոն, որի մեջ մարդկությունն ավելի մեծ խորհուրդ ու երազկոտ սպասում դրած լինի, որքան Ամանորն է։

Եվ որքան էլ բազմազան են ժողովուրդները, մշակույթներն ու քաղաքակրթությունները, այնուամենայնիվ դրանք ոչ թե բաժանումների, այլ միասնության մասին են։ Ու հավանաբար հենց այս գաղափարն են ցանկացել արտահայտել հին հայերը, երբ Կաղանդ տարվա նախօրեին՝ մարտի 21-ի գիշերը, հավաքվել են բակում վառված խարույկի շուրջը․ ասում են այդ կրակն ունեցել է նախորդ տարվա սխալները այրելու, մոռացության մատնելու ու նորոգվելու իմաստ։

Նոյեմբերի վերջին սկիզբ առնող տոնական տրամադրությունն այս օրերին վերածվում է տոնական իրական հրաբուխի, երբ բոլորն, անկախ ազգությունից ու տարիքից, ուզում են ուղղակի երջանիկ լինել։ Հենց այդ երջանկությունն էր թևածում «Ուսում»-ի ամեն անկյունում և հատկապես բեմերում։ Ասել, որ երրորդցիները բոլորին հիսուն րոպեանոց մանկություն բերեցին, կնշանակի ոչինչ չասել։

«Արի երազանք պահենք»-ը Ծննդյան տոների ու Ամանորի մասին հերթական պատմություն կամ մյուզիքլ չէր․ այն եկել էր կոտրելու հեքիաթային կերպարների բնավորությունների մասին արմատացած բացասական կարծրատիպերը, վերականգնելու հայկական ժողովրդական ամանորը տոնելու կարևորությունն ու պատգամելու, որ Ամանորի հրաշքի հետևից պետք է գնալ բարությամբ, այլ ոչ թե մոլուցքով։

Ուսումցիները, որոնք մարմնավորում էին տարեմուտի տոների հետ առնչվող, ժողովրդական բանահյուսությունում ու հեքիաթներում հանդիպող սուտասան, շատակեր, ինքնահավան, մեծամիտ ու վախկոտ կերպարներին, բեմում էին ցույց տալու, որ այս հատկանիշները դատավճիռ չեն ու մեզնից յուրաքանչյուրն ունի կյանքը վերաիմաստավորելու ամենաքիչը 365 օր։

Մյուզիքլի հիմքում Ամանորի նախաշեմին յոթ առաքինությունները վերգտնելու կարևորությունն էր և երդումն այն մասին, որ հաջորդ տարում հնարավոր է մի քիչ ավելի հարգալից լինել շրջապատի հանդեպ, իմաստնանալ ու ավելի շատ աշխատել, լինել համեստ ու ավելի երախտագետ, ձգտել ազնվության ու պայքարել անձնական ու համամարդկային խաղաղության համար։