Այն կեղծ ու անհիմն տեսակետը, թե պատմագիտությունը միայն թվերի ամբողջություն է, վաղուց արդեն անհիմն է։ Պատմությունը միշտ էլ շատ ավելին է, քան պարզապես թվեր, տարեթվեր ու իրադարձությունների հաջորդականություն։ Երբ պատմությունը դառնում է տեսանելի, շոշափելի ու վերապրվող, այն դառնում է իրական՝ ձևավորելով աշակերտների մեջ ոչ միայն գիտելիք, այլև հմտություն և ճանաչողություն։ Այդպիսի ճանաչողական ճանապարհորդության ավանդական կանգառն «Ուսում» դպրոցի աշակերտների այցելությունն է դեպի «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարան։
Մեծամորը Հայաստանի ամենահին բնակավայրերից է, որը դեռ մ.թ.ա. V-IV հազարամյակներում հանդիսացել է քաղաքակրթական կարևոր կենտրոն։ Իսկ 1965 թվականից այստեղ սկսված պեղումները երեք տարի անց՝ 1968 թվականին հանգեցնում են թանգարան հիմնելու մտքին։
Արդեն հինգերորդ տարին անընդմեջ վեցերորդ դասարանցիների համար թեմատիկ դարձած այս այցելության ընթացքում ուսումցիները հնարավորություն են ունենում ծանոթանալու մ.թ.ա. V-II հազարամյակների մշակութային շերտերին, հնագույն ձուլարաններին, սրբավայրերին և բնակատեղիների հատակագծերին։ Ավելի քան 27 000 գտածո ու ցուցադրանմուշ ունեցող թանգարանի աշխատակիցների ուղեկցությամբ նրանք ուսումնասիրում են պեղումների ընթացքում հայտնաբերված կավե արձանիկները, զարդերը, կենցաղային և պաշտամունքային իրերը՝ պատկերացում կազմելով նախնիների կենցաղի, հավատալիքների ու արվեստի մասին։
«Պատմություն և մշակույթ» առարկայական մեթոդմիավորման անդամ ուսուցիչների խոսքով՝ նման էքսկուրսիաները դասասենյակից դուրս իրականացվող ոչ պակաս կարևոր ուսուցողական գործընթաց են, և ամենևին էլ պատահական չէ, որ չնայած օրեցօր ավելացող էքսկուրսիոն ուղղություններին՝ ամեն տարի իրենք կրկին ներառում են այս ուղղությունը թեմատիկ էքսկուրսիաների ցանկում։
Աշակերտների համար այցելությունն այս արգելոց-թանգարան յուրատեսակ բաց դաս է՝ հնագիտության, մշակույթի և հայրենասիրության միախառնմամբ։ Նրանք ոչ միայն ուղղակի լսում են, այլև տեսնում են՝ ինչպիսին է եղել հին հայկական քաղաքակրթությունը, ինչպես են ապրել, ստեղծագործել և հավատացել մեր նախնիները։ Միաժամանակ կրթական ծրագրի շրջանակներում դպրոցականները հնարավորություն են ունենում հաղորդակից դառնալ հնագետների կատարած աշխատանքին, բավարարվածություն զգալ գտածոն հողի տակից հանելիս և հիասթափվել ակնկալվող արդյունքը չստանալիս, բայց և շարունակել պայքարել։
Վերջին այցի ավարտին ուսումցիները կիսվեցին տպավորություններով՝ նշելով, որ Մեծամորը նրանց համար դարձավ ոչ թե պարզապես թանգարան, այլ կենդանի դասարան, որտեղ քարերն անգամ խոսում էին։