21-րդ դարում մարդն ապրում է տեղեկատվական հսկայական հոսքերի մեջ։ Համացանցը, սոցիալական ցանցերը, ռադիոն, հեռուստատեսությունը և թվային հարթակները դարձել են մեր առօրյայի անբաժանելի մասը։ Այս պայմաններում կարևոր նշանակություն է ձեռք բերում մեդիակրթությունը, որը սովորեցնում է ոչ միայն օգտվել տեղեկատվությունից, այլև հասկանալ, վերլուծել և գնահատել այն։
Մեդիակրթությունը ձևավորում է քննադատական մտածողություն։ Այն օգնում է սովորողներին տարբերել վստահելի և կեղծ տեղեկատվությունը, հասկանալ մեդիայի ազդեցությունը հասարակության վրա և պատասխանատու կերպով ստեղծել ու տարածել սեփական բովանդակությունը։ Այս հմտությունները հատկապես կարևոր են դպրոցականների համար, որոնք մեծ մասամբ իրենց տեղեկությունները ստանում են հենց թվային միջավայրից։
Մեդիակրթությունը սկսել է ձևավորվել 20-րդ դարի առաջին կեսին զանգվածային լրատվամիջոցների արագ տարածման հետ միասին։ Սկզբում այն կապված էր կինոյի և մամուլի ազդեցության ուսումնասիրության հետ, իսկ հետագայում ընդգրկեց նաև հեռուստատեսությունը, թվային մեդիան և ռադիոն։ Մեդիա կրթության առաջին կազմակերպված ծրագրերը ի հայտ եկան 1930-ականներին Մեծ Բրիտանիայում։ Դրանք նպատակ ունեին դպրոցականներին սովորեցնել հասկանալ կինոյի և մամուլի ազդեցությունը հասարակության վրա։ Հետագայում՝ 1960–1970-ական թվականներին, մեդիա կրթությունը սկսեց ակտիվորեն զարգանալ Կանադայում, Ավստրալիայում և եվրոպական մի շարք երկրներում՝ արդեն որպես կրթական առանձին ուղղություն։
Միջազգային մակարդակով մեդիա կրթության տարածմանը մեծապես նպաստեց UNESCO-ն։ Կազմակերպությունը հատկապես 1980-ականներից սկսած իրականացրել է ծրագրեր և հրապարակել ուղեցույցներ, որոնց նպատակը մեդիա և տեղեկատվական գրագիտությունը կրթական համակարգերում ներդնելն էր։
Մեդիայի հանդեպ քննադատական և գիտակցական մոտեցումը կարևորվում է նաև «Ուսում»-ում։ Ասվածի վառ ապացույցն են տարբեր տարիներին ուսումցիների այցելությունները «Շանթ» հեռուստաընկերություն, Հանրային հեռուստատեսություն, Հանրային Ռադիո, «Ռադիո Արևիկ»։ Իսկ վերջին տարիներին ձևավորված կայուն ավանդույթի ուժով իններորդցիները ծրագրային առարկայական այցելություն են ունենում «Ավրորա Հոլդինգ», որը ներկայանում է Radio Aurora պաշտոնական և Kiss FM երիտասարդական հաճախականություններով։
Օրերս կայացած այցելությունների շրջանակներում ուսումցիները ոչ միայն ծանոթացան ռադիոյի աշխատանքին, հաղորդավարների և ձայնային ռեժիսորների աշխատանքի բովանդակությանը, ռադիոմեկնաբանների աշխատանքի կառուցվածքային և էթիկական առանձնահատկություններին, այլև անձամբ դարձան երկու ռադիոհաճախականություններով հեռարձակվող ժամանցային կոնտենտների հյուրը։ Ուղիղ եթերում իրենց «նորամուտը» նշած ուսումցիները մտքեր փոխանակեցին «Մասնագիտական կողմնորոշում» առարկայի ներդրման անհրաժեշտության, ժամանակակից աշխարհի ուսումնական հնարավորությունների և դժվարությունների, առաջիկայում սպասվելիք բուհական շրջափուլի և ոչ դպրոցական հետաքրքրությունների մասին։ Հաղորդման շրջանակներում ուսումցիները առիթ ունեցան շփվելու նաև թատրոնի և կինոյի անվանի դերասանուհի Արաքսյա Մելիքյանի հետ, ում մասնակցությամբ «Թմկաբերդի առում» ներկայացման առաջնախաղին, ի դեպ, իններորդցիները ևս ներկա էին գտնվել։
Radio Aurora-ի հաղորդավար Լ․ Աղաջանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ եթերի ձայնագրությունը, թերևս, աշակերտների կողմից ամենասիրելի հատվածն է, ու խոսափողի մոտ նստած աշակերտը սեփական օրինակով սկսում է գիտակցել այն լուրջ պատասխանատվությունը, որն իր ուսերին կրում է եթեր դուրս եկող հաղորդավարը։ Այցելության ավարտին մեր զրուցակիցը նշեց, որ բավական կայուն ավանդույթ է դարձել ուսումցիներին ընդունելը, ինչն ինչ-որ իմաստով վերաճում է բարեկամության։