Ուսումնական անցուդարձ

Oct 03, 2025

Գրադարաններ այցելությունը՝ մշակութային կրթության բաղկացուցիչ մաս

Գրադարան այցելելը ոչ միայն գիրք վերցնելու հնարավորություն է, այլև մշակութային կրթության կարևոր բաղադրիչ։ Մանկական գրադարանները, մասնավորապես՝ Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանը, ունեն մեծ նշանակություն գրքասեր սերնդի ձևավորման, ընթերցանության նկատմամբ սեր արթնացնելու և երեխաներին գեղարվեստական ու ճանաչողական գրականության աշխարհում առաջնորդելու գործում։

Գրադարանը հիմնադրվել է 1933 թվականինին։ 1935 թվականին՝ մանկագիր Աթաբեկ Խնկոյանի մահից հետո, ի հիշատակ առակագրի, գրադարանը ստացավ Խնկո Ապոր անունը ու աստիճանական քայլերով ամրապնդվեց գրքասեր մանուկների ամենասիրելի հասցեների շարքում։ Եվ ամենևին էլ պատահական չէ, որ աշակերտի կարգավիճակին դեռ նոր հարմարվող առաջինցիների դպրոցական էքսկուրսիաների առաջին կանգառը հենց գրադարանն է, և մասնավորապես՝ այս գրադարանը։

Գրադարանները երեխաներին սովորեցնում են, որ գիրքը գիտելիքի, երևակայության և ստեղծագործականության ոչ միայն ամենադասական, այլև ամենամեծ աղբյուրն է, և որ ժամանակակից համացանցային իրականությունը երբեք էլ չի կարողանա բացառել գրքի գոյությունը։ Առաջին դասարաններում դասավանդող ուսուցիչները, խոսելով էքսկուրսիոն այս ուղղության մասին, կարևորում են այն, որ դպրոցական տարիքում նման այցելությունները ձևավորում են ոչ միայն ընթերցանության հանդեպ հետաքրքրություն, այլև սովորեցնում են արժևորել մշակութային ժառանգությունը։

Ասվածի վկայությունն է նաև համաշխարհային փորձը։ Գրադարանային կրթությունը գիտելիքահեն աշխարհում վաղուց արդեն դիտարկվում է որպես կրթական գործընթացի շարունակականության և փորձարարության ապահովման գործիք։ Շատ երկրներում են դպրոցականներն իրենց առաջին քայլերն անում գրադարաններում, սովորում օգտվել գրքային և թվային տեղեկությունների բազմազան աղբյուրներից։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն և այլ միջազգային կառույցներ հատուկ ծրագրեր են իրականացնում՝ ընդգծելով, որ գրադարանային կրթությունը զարգացնում է քննադատական մտածողությունը, ինքնուրույն ուսումնասիրման հմտությունները և սերը դեպի մշակույթը։

Նորաթուխ ուսումցիների այցելությունն այս գրադարան ավանդույթի ուժ ունի և մեծ ոգևորությամբ է անցնում։ Այցելության ընթացքում նրանք ծանոթանում են գրադարանի պատմությանը, շրջում ընթերցասրահներում, վայելում մանկական գրքերի բազմազանությունը` մանկական գրքերից մինչև կոմպոզիտորների ու մեծերի կենսագրականներ, կտորե գրքերից մինչև 3D գրքեր, թղթե ու սովորական գրքերից մինչև աուդիոգրքեր ու զարգացնող խաղեր։ Այցի տեսական կողմից զատ՝ կարևոր է հմտությունների ձևավորումը, հատկապես այն, որ աշակերտները ոչ միայն տեսնում են գիրք վերցնելու և կարդալու գործընթացը, այլև սկսում են գիտակցել, որ գրադարան այցելելը սովորություն պիտի դառնա։