ԼՐԱՀՈՍ

Sep 29, 2025

Պատվավոր արդյունք «Խոսի՛ր արդարության մասին» էսսեների մրցույթում

2025 թվականի սեպտեմբերի 29-ին Իրավաբանների հայկական ասոցիացիան կազմակերպել էր ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարության ներկայացման բարձր մակարդակի եզրափակիչ միջոցառումը։ Ծրագրի մասն էին կազմում «Խոսի՛ր արդարության մասին» շարադրությունների և «Պատկերի՛ր արդարությունը» նկարչական մրցույթները, որոնց արդյունքները ամփոփվեցին միջոցառման ընթացքում։

«Խոսի՛ր արդարության մասին» շարադրությունների և «Պատկերի՛ր արդարությունը» նկարչական մրցույթների համակարգող Անահիտ Մարդոյանը իր խոսքում նշեց, որ մրցույթների նպատակն էր երիտասարդների շրջանում արդարադատության, ոստիկանության և մարդու իրավունքների վերաբերյալ ընկալումների ստուգումն ու բարձրաձայնումը։

«Բավականին լավ և դրական արձագանքներ ենք ստացել, ինչը փաստում է մրցույթի ստացված լինելը։ Նկատելի է, որ երիտասարդները չեն վախենում իրենց կարծիքը հայտնել, վերլուծել ոլորտի խնդիրները և դրանց համար հնարավոր լուծումներ առաջարկել», -նշել է Անահիտ Մարդոյանը։

Մրցույթներից յուրաքանչյուրը ունեցավ 3 մրցանակակիր և 2‑ական հատուկ մրցանակակիր։ Հարկ է նշել, որ մրցույթի մասնակիցների շրջանակն առավել քան ընդգրկուն էր՝ դպրոցականներից մինչև քոլեջի սովորողներ և համալսարանի ուսանողներ։ Անդրադառնալով էսսեների մրցույթի արդյունքներին՝ հարկ է նշել, որ մեր դպրոցն այստեղ կրկին արձանագրել է լավագույն արդյունքներից մեկը։ Լավագույն եռյակում տասներորդցի, Աշակերտական խորհրդի փոխնախագահ Նարեկ Խաչատրյանը երկրորդն էր՝ երկու ուսանողների շարքում դառնալով էսսեների մրցույթում պարգևատրված միակ դպրոցականը։

Հավելենք նաև, որ սա Աշակերտական խորհրդի և Նարեկի երկրորդ լավագույն արդյունքն էր էսսեների մրցույթում։ Դեռևս նախորդ մարտին Նարեկն արձանագրել էր հանրապետությունում լավագույն արդյունքը դպրոցական բուլլինգի կանխարգելմանն ուղղված էսսեների հանրապետական մրցույթում։