ԴԻՄՈՐԴ

Feb 08, 2026

Ուսումցիներն՝ Իրավունքի համահայկական ակադեմիայում

Իրավունքի համահայկական ակադեմիան հյուրընկալել էր փոքրիկ ուսումցիներին։ Այցի հիմնական նպատակը դպրոցականներին իրավունքի ոլորտին ծանոթացնելն էր, իրավագիտակից մտածողության ձևավորումը և ակտիվ ու պատասխանատու քաղաքացի դառնալու կարևորության ընդգծումը։ Ակադեմիան՝ որպես հասարակական-ուսումնական գործունեություն իրականացնող կառույց, իր առաքելությունն է հռչակել երեխաների շրջանում կրթական-ուսումնական ծրագրերի իրականացումը, իրավագիտակից սերնդի պատրաստումը, իշխանությունների, իրավական կազմակերպությունների հետ համագործակցությունն ու հանրային իրազեկումը։

Կառույցն իր ուսումնական ծրագրերի համար որպես թիրախային լսարան է առանձնացնում 6-13 տարեկան երեխային, ինչը Ակադեմիայի ներկայացուցիչները բացատրում են այն հանգամանքով, որ սա այն տարիքն է, երբ երեխան սկսում է անկախ և ինքնուրույն դառնալու հակումներ ցուցաբերել, փորձում է հիմնավորել սեփական կարծիքը, այլ ոչ թե այն պնդել առանց հիմնավորումների։ Կառույցի ուսումնական ծրագրերի առանցքում նաև երեխաների պաշտպանունակության բարձրացումն է, որպեսզի հիշյալ տարիքի երեխաները կարողանան շրջապատում տարբերակել հումորն ու ծաղրը։

Վերադառնալով հանդիպմանը՝ նշենք, որ այն անցավ ջերմ և դրական մթնոլորտում՝ ուղեկցվելով հետաքրքիր հարցերով, քննարկումներով, մեծ հետաքրքրասիրությամբ և արդարության մասին փոքրիկների տարիքից բխող, բայց կարևոր բացահայտումներով։

Աշակերտները հնարավորություն ունեցան անմիջական շփման մեջ մտնել տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ։ Ծրագրի կարևոր մաս էր կազմում փաստաբան Տիգրան Սարգսյանի դասախոսությունը, որի ընթացքում աշակերտները ծանոթացան իրավունքի հիմնարար սկզբունքներին, սովորեցին պաշտպանել սեփական կարծիքը, լսել դիմացինին և վեճերը լուծել խաղաղ ու բանական ճանապարհով։

Այցի ամենասպասված հատվածներից մեկը, թերևս, ուսումցիների հանդիպումն էր անվանի կոմպոզիտոր Արա Գևորգյանի հետ։ Հանդիպումը դարձավ ոգեշնչող զրույց արվեստի, ստեղծագործ մտածողության և մշակույթի դերի մասին, որոնք կարևոր բաղադրիչներ են անձի և հասարակության ձևավորման գործընթացում։

Հանդիպման ավարտին Իրավունքի համահայկական ակադեմիայի ներկայացուցիչներն իրենց երախտագիտությունը հայտնեցին մեր կրթօջախին՝ նախաձեռնությանը ցուցաբերած աջակցության համար, ինչպես նաև աշակերտներին՝ ակտիվ մասնակցության, հետաքրքրության և անկեղծ ոգևորության համար։

Անդրադառնալով այցի վերաբերյալ տպավորություններին՝ փոխտնօրեն Ա․ Սմբատյանը նշեց, որ հանդիպումն իսկապես ուսանելի և տպավորվող էր, և գուցե այսօր իրավաբանական որոշ տերմիններ աշակերտներին թվում էին խրթին և կարիք էր առաջանում այն ներկայացնել աշակերտին հասանելի բառապաշարով, բայց քանի որ աշակերտների այս տարիքին բնորոշ է տպավորությունների մնայունությունը, տարիներ անց, երբ նրանք կունենան անհրաժեշտ տերմինաբանական պաշար, շատ հեշտությամբ դրանք կհամատեղեն հանդիպման ընթացքում ներկայացված օրինակների հետ։ Ա․ Սմբատյանը ևս որպես հանդիպման ամենատպավորվող ու սրտառուչ հատված՝ առանձնացրեց անվանի կոմպոզիտորի հետ հանդիպումը։